«ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՂԱՆԴԻԼՅԱՆԸ» «ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Ապրիլի 9-ին, Գյումրու լոկոմոտիվային դեպոյում տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Համբարձում Ղանդիլյան» անվանական էլեկտրաքարշի շահագործմանը հանձնելու հանդիսավոր արարողությունը: 28 տարվա ընդմիջումից հետո հայկական երկաթուղու անփոխարինելի ղեկավարը կրկին «վերադարձավ» հարազատ ուղի: 

ИМЕННОЙ ЭЛЕКТРОВОЗ 'АМБАРЦУМ КАНДИЛЯН'

Արարողությանը ներկա էին երկաթուղու վետերաններ, Ղանդիլյանի գործընկերները, ընկերները, ինչպես նաև զավակներն ու թոռները: Նրանցից ոմանք ՀԿԵ գործող աշխատակիցներ են:

Սա հայկական երկաթուղու նախկին ղեկավարների անուները կրող արդեն երկրորդ անվանական էլեկտրաքարշն է: Առաջինը՝ 2013-ին «Արարատ Խրիմյանն» էր:

«Համբարձում Ղանդիլյան» ՎԼ-10 1354 էլեկտրաքարշը կապիտալ վերանորոգվել է Հարավկովկասյան երկաթուղու Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում 2020 թվականին բացառապես ընկերության աշխատակիցների ուժերով:

Արարողության ժամանակ Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ասաց. «Համբարձում Ղանդիլյանը իր ամբողջ կյանքը նվիրեց երկաթուղուն, այդ թվում ավելի քան 20 տարի Հայկական ՍՍՀ-ում: Նա շատ բան արեց պատմության դժվար, շրջադարձային փուլում Հայաստանի երկաթուղիները պահպանելու համար: Եվ այսօր մեր հիմնական խնդիրներից մեկը պատմական հիշողությունը պահպանելն է: Երիտասարդ սերունդը պետք է իմանա անցյալի նվաճումների մասին և հպարտանա իր նախնիների ժառանգությամբ: Նույն շարքում, այս տարվա ընթացքում մենք նախատեսում ենք վերանորոգել Երկաթուղու թանգարանը, ինչպես նաև հրատարակել Հայաստանի երկաթուղիների պատմությանը նվիրված գիրք, որն ուղղված կլինի պատմության պահպանմանը և ժողովրդականացմանը»:

Ավելի քան երկու տասնամյակ՝ 1972 թվականից մինչև իր կյանքի վերջին օրը՝ 1993 թվականի մայիսի 3-ը, Համբարձում Ղանդիլյանի անունը անխզելիորեն կապված էր Հայաստանի երկաթուղու հետ: 

ИМЕННОЙ ЭЛЕКТРОВОЗ 'АМБАРЦУМ КАНДИЛЯН'

Համբարձում Ղանդիլյանը ծնվել էր 1927 թվականին Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում՝ բանվորի, Արևմտյան Հայաստանից ներգաղթյալի ընտանիքում: 1931-ին ընտանիքը տեղափոխվեց Լենինական, որտեղ Ղանդիլյանը ստացել է երկաթուղայինի մասնագիտություն, իսկ 1950 թվականին գործուղվել Դոնեցկի երկաթուղու Դեբալցեվո երկաթուղային կայարան:

1956 թվականին Ղանդիլյանն ավարտեց Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտի ինժեներական ֆակուլտետը, որից հետո աշխատել էր Դոնեցկի և Հարավ-արևելյան երկաթուղիներում, զբաղեցրել Մերձվոլգյան երկաթուղու Երշովի և Աստրախանի մասնաճյուղերի պետերի պաշտոնները: 1972-ին նշանակվել է Անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքի ղեկավար (1992-ից՝ Հայկական երկաթուղի) և մեծ ներդրում ունեցել ոլորտի զարգացման և ձևավորման գործում՝ նախաձեռնելով լայնամասշտաբ նախագծերի իրականացում. երկաթուղային համակարգը ամբողջությամբ էլեկտրաֆիկացվեց և ավտոմատացվեց, կառուցվել են նոր կայարաններ և գծեր, մասնավորապես՝ Իջևան-Հրազդանը՝ 8-կիլոմետրանոց Մեղրաձորի թունելով և Մասիս-Նուռնուսը՝ Հրազդան գետի կիրճով անցնող եզակի երկհարկանի կամրջով:

Անգնահատելի է Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման գործում Ղանդիլյանի ներդրումը. երկաթուղին վերականգնվեց կարճ ժամանակահատվածում, այն աշխատում էր ծանրաբեռնված գրաֆիկով՝ ապահովելով աղետի գոտու համար տարբեր բեռների տեղափոխումն ու բեռնաթափումը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

 

Основная тема:
Теги: