ԿՐԿԻՆ ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆ, ՍՈՒՏ, ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ, ՍԱԴՐԱՆՔՆԵՐ
Բաքվից հայ գերիների սպասվող վերադարձի մասին հաղորդագրությունները կեղծիք էին ու սադրանք, ասել է խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Hraparak.am-ի թղթակցին, որը տեսել է նրան կայանատեղիում (տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է և չի երևում, թե որտեղ է դա տեղի է ունենում-Խմբ.):
Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու են ՀՀ պաշտոնյաները հայտարարել, որ գերիներ են վերադառնալու։ «Կեղծիք ու սադրանք է։ Իրենց հարցրեք։ Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը»,- ասել է Մուրադովը։ Նրա խոսքերով՝ նման բան ծրագրված չի եղել։ Դա աշխատանքային այց էր։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. պաշտոնական ստի տարածման առնվազն երկու աղբյուրներ հայտնի են։ Առաջինը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն է, որը հայտարարել էր, թե ինքնաթիռով Բաքվից Հայաստան է վերադառնում գերիների մի խումբ։ Երկրորդը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը, որը հայտարարություն էր տարածել, թե իբր՝ «գերիների վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է»։ Ըստ էության, Մուրադովը հավաստում է, որ Ավինյանի գրասենյակը և Փաշինյանի մամուլի խոսնակը սադրանք են ձեռնարկել և մոլորության մեջ գցել հանրությանը։ Եվ ընդհանուր առմամբ Մուրադովի խոսքերը կասկածի տակ առնելու ոչ մի հիմք չկա։
Չմոռանանք, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն այսօր գլխովին խորամուխ է եղել պիար-արշավի մեջ՝ իր ծանուցած ընտրությունների համատեքստում։ Չմոռանանք նաև, որ խոսքը մի անձնավորության մասին է, որը պոպուլիզմի նոպաների մեջ կարող է շահարկել ինչ ասես ու ինչպես ասես։ Գերիների խնդիրը, բնականաբար, չէր կարող չդառնալ այդ արշավի առանցքային տարր։ Վերջապես, չմոռանանք նաև այն մասին, որ խոսքը մի անձնավորության մասին է, որը լավ մշակված խուսավարումով բարդում է իր վրիպումները, սխալները, ձախողումներն ու պատասխանատվությունը ում վրա ասես։ Այդ համատեքստում է և՛ Ավինյանի գրասենյակի այն հայտարարությունը, թե ռազմագերիների վերադարձը հետաձգվում է Ադրբեջանի մեղքով, և՛ հենց նույն Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը։ Ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, որոնք խախտվել են։ Պատճառները հայտնի չեն, սակայն եթե ենթադրենք, ապա կարելի է ասել, որ հակառակորդը, հավանաբար, ուզում է փոխել խաղի կանոնները։
Իրականում ստացվում է, որ գերիների կոնկրետ նշված խմբի վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել ։ Բոլորը պատճառ են բռնում եռակողմ հայտարարության կետի խախտումն Ադրբեջանի կողմից։ Ստացվում է, որ Փաշինյանի մոսկովյան այցի նախընտրական պիարի համար, մի կողմից՝ գերիների վշտախեղդ հարազատներին ցինիկաբար հավաքեցին օդանավակայանում՝ հանդիպման հույս ներշնչելով, որը ծրագրված չէր, մյուս կողմից՝ վատություն արեցին ռուսական կողմին, շրջանառելով այն վարկածը, թե Ալիևը բոլորովին չի հարգում Պուտինին։ Բարոյազրկությո՞ւն է։ Այո. Բայց ումի՞ց ակնկալել բարոյական արարքներ։ Ուսապարկերը չգիտեն, թե ինչ է բարոյականությունը...
Այդուհանդերձ գերիների հարցը շարունակում է մնալ այսօրվա հասարակական-քաղաքական օրակարգի առանցքային կետերից մեկը։ Բազմաթիվ փորձագետներ համարում են, որ իրականում Ալիևը ռազմագերիների խնդրով բացում է իր համար Սյունիքի միջանցքը՝ հերթական զիջումները պոկելով Հայաստանից։ Ըստ էության, նման իրավիճակը ձեռնտու է նաև ընտրությունների պատրաստվող ուսապարկերին. Առանձնակի հուզառատ նախընտրական շրջանում նոր զիջումներն անգամ Փաշինյանի ընտրազանգվածը, մեղմ ասած, կարող է չհասկանալ։ Այլ բան է, եթե դրանք ներկայացվեն իբրև գերիների ազատ արձակման պայմանի կետ։ Մի խոսքով, Ալիևի համար գերիները Երևանի վրա ճնշում գործադրելու միջոց են, իսկ Փաշինյանի համար՝ այդ ճնշմանը «վայելչագեղ» ենթարկվելու միջոց՝ ադրբեջանական գերության մեջ տառապող ՀՀ քաղաքացիների նկատմամբ հոգատարության քողի ներքո։
Այնուամենայնիվ այս պատմության մեջ կա նաև պաշտոնական երրորդ կողմը՝ ի դեմս Ռուսաստանի: Իհարկե, հենց նրա ջանքերի շնորհիվ հայ ռազմագերիների մի մասին հաջողվեց վերադարձնել հայրենիք։ Սակայն խնդիրն այդպես էլ լիարժեքորեն լուծված չէ։ Ի տարբերություն Երևանի, Մոսկվան ունի Բաքվի վրա ազդելու անհրաժեշտ միջոցներ։ Նշենք դրանցից լոկ մեկը։ Կրեմլում կարող են մտաբերել, որ պատերազմի ժամանակ Բաքուն հեղեղել էր տարածաշրջանը վարձկան-ահաբեկիչներով, և դրանք սկզբունքորեն ոչ մի տեղ չեն անհետացել։ Գուցե արժե՞ հիմա հիշեցնել լկտիացած Ալիևին այդ «նրբաբնույթ» փաստի մասին և փորձել փրկել հարյուրավոր կյանքեր ու ճակատագրեր։ Այո, խոսքը Հայաստանի քաղաքացիների կյանքի և ճակատագրի մասին է, այլ ոչ թե ՌԴ-ի։ Նրանց մասին (Հայաստանի քաղաքացիների) պետք է հոգան նախևառաջ հայաստանյան իշխանությունները, ինչն անել բացահայտորեն չեն կարողանում, եթե չասենք՝ չեն ցանկանում։