ՍԽԱԼՄՈՒՆՔ

Երբ ասում են, որ 44-օրյա պատերազմն ընթանում էր նախապես ծրագրված սցենարով, դրանում տրամաբանություն կա։ Սույնի վկայությունն է և՛ Փաշինյանի հայտարարությունը պատերազմի առաջին օրը, երբ նա խորհրդարանի ամբիոնից կոչ էր անում պարտված չճանաչել մեզ՝ «ինչ էլ որ լինի»։ Ե՛վ վկայությունները Ալիևի հետ Փաշինյանի անդրկուլիսյան բանակցությունների մասին՝ սորոսական գործակալների միջոցով։ Ե՛վ Փաշինյանի ծեծված տեսքը՝ պատերազմի նախօրեին Ալիևի հետ հանդիպումների ժամանակ։ Ե՛վ Ալիևի զայրույթն այն առնչությամբ, որ Փաշինյանը չի կատարում խոստումները

Նաեվ Փաշինյանի խայտառակ կոչերը պատերազմի ժամանակ՝ հավաքվելու 30-ական կամավորականներով, հրամանատար ընտրելու և ռազմաճակատ մեկնելու: Երբ զինկոմիսարիատների միջոցով նորմալ զորահավաք անցկացնելու փոխարեն՝ ռազմաճակատ էին ուղարկում հայրենասեր կամավորների, որոնք չէին էլ կռահում, որ իրենք թշնամուն չեն էլ տեսնելու. իրենց ուղարկում են պարզապես «Բայրաքթարների» հարվածների տակ։

Նաև Փաշինյանի հրաժարումը հրադադարից ոչ միայն Գլխավոր շտաբի զեկույցից հետո, որտեղ ասվում էր, որ պատերազմը տանուլ ենք տալու, այլև այն բանից հետո, երբ հոկտեմբերի 19-ին Պուտինն արդեն ստացել էր Ալիևի համաձայնությունը՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, ադրբեջանցի փախստականների Շուշի վերադառնալու պայմանով։ Վերջապես, Հադրութի և Շուշիի անկման այդ առեղծվածային պատմությունները։ Եվ Հադրութի ու Շուշիի հանձնման հետևանքները։

Իսկ հետևանքներն այնպիսին են, որ շուտով կտեսնենք, թե ինչպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը կշրջվի 180 աստիճանով, թեև կարգավորման հիմնական բանաձևը, որքան էլ տարօրինակ է, մնում է նույնը. կարգավիճակ՝ տարածքների դիմաց։ Միայն եթե նախկինում հայկական կողմը պատրաստ էր Ադրբեջանին վերադարձնել տարածքները՝ Ղարաբաղի Ադրբեջանից անկախ կարգավիճակի դիմաց, ապա շուտով, երբ բանակցությունները վերսկսվեն, Բաքուն կառաջարկի Արցախին վերադարձնել Հադրութի տարածքները, եթե Ստեփանակերտը ճանաչի Բաքվի ինքնիշխանությունը...

Երբ անհայտ կորածների ծնողները հարցնում են զինվորականներին, թե ինչպես են Էջմիածնի զորամասի թեթև զինված «քիմիկոսներին» ուղարկել Կովսականի (Զանգելան) դիրքեր, որն արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ էր, նրանց պատասխանում են, թե սխալմունք է ստացվել։ Երբ ռազմագերիների ծնողները հարցնում են, թե ինչպես է այդպես ստացվել, որ շիրակցիների ջոկատն ուղարկվել է Խծաբերդ ու Հին Թաղեր, որոնք քարտեզով վրա արդեն գրավված էին ադրբեջանցիների կողմից, իշխանությունները պատասխանում են, թե սխալվել են։

Երբ նույն շիրակցի գերիների հարազատները հարցնում են, թե ինչու է ըստ քարտեզի համարվել, թե Խծաբերդն ու Հին Թաղերը ադրբեջանցիների վերահսկողության տակ են, թեև երբ շիրակցիները հեղ են հասել, այնտեղ ադրբեջանցիներ չեն եղել, և հայ զինվորները գերի են ընկել միայն գյուղերում դիրքեր գրավելուց օրեր անց, իշխանությունները նրանց պատասխանում են, թե սխալմունք է եղել։ Հասկանում եք, ասում են, երբ կայացվում էր որոշումը, որ կողմերը կանգ են առնում զբաղեցրած դիրքերում, Փաշինյանի ձեռքի տակ քարտեզ չի եղել, այդպես է ստացվել։ Իսկ Ալիևը քարտեզ ուներ, այդպես պատահեց։ Դրա համար էլ Արցախում զբաղեցրած դիրքերում կանգ առնելու որոշումն ընդունվել է Ալիևի քարտեզով, որտեղ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը նշված էին որպես Ադրբեջանի կողմից արդեն գրավված…

Երբ երեկ «Էրեբունի» օդանավակայանում հավաքվածներն ասում են, թե՝ ախր ո՞նց կլինի այսպես, չէ՞ որ ասում էիք, թե գերիներ են վերադառնում ռուսական ինքնաթիռով, իսկ նրանք չեկան, իշխանությունը պատասխանում է, թե սխալ բան է ստացվել։

Իրականում սխալը մեկն էր ։ 2018-ի ապրիլին։ Հենց այն սխալը, որը հանցանքից էլ վատթար էր։

Основная тема:
Теги: