Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԴԱՇՏՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՓԱՍՏԱՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ինֆորմացիոն դաշտում Հայաստանի և հայության դեմ Ադրբեջանի պատերազմը փաստացի շարունակվում է: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը` անդրադառնալով այն փաստին, որ Google Maps քարտեզներում Երևանի փողոցներն ադրբեջանցիներն անվանակոչվել են իրենց հերոսների անուններով:
«Նախ, պետք է արձանագրենք, որ որպես կանոն ինֆորմացիոն դաշտում ադրբեջանցիների ցանկացած գործողություն համակարգվում է Ադրբեջանի համապատասխան կառույցների կողմից։ Դա ցույց է տալիս ադրբեջանական հակահայկական քարոզչության մեր բազմամյա փորձը։ Ուրեմն այս պետք է խոսել, ոչ թե այնպես, որ մեկը մտել է, քարտեզը խմբագրել, այլ սա հետևողական գործողություն է, ավելին՝ ադրբեջանական տարբեր ինտերնետային խմբերում մենք տեսել ենք, որ դա կազմակերպված բնույթ է կրում։ Այսինքն բազմաթիվ խմբերի, ինպես պատերազմի օրերին, այնպես էլ հիմա ուղղորդում են նման գործողությունների կատարման։ Հետևաբար առաջին հանգամանքը, որ անհրաժեշտ է շեշտել, այսպիսի հարձակումների կազմակերպված բնույթն է։
Երկրորդ հանգամաքը, որ բխում է սրանից, հետևյալն է, որ եթե նման երևույթները կազմակերպված են, ապա կարող ենք արձանագրել, որ ինֆորմացիոն դաշտում ևս Հայաստանի և հայության դեմ Ադրբեջանի պատերազմը փաստացի շարունակվում է։
Առաջին նպատակն անշուշտ հայության նկատմամաբ հոգեբանական ճնշում գործադրելն է, գիտենք, որ ներկայումս Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ակտիվորեն տարածվում է, որ ընդհանրապես ամբողջ Հայաստանն է նախկինում եղել արևմտյան Ադրբեջան, այնպես որ առհասարակ հայերը այստեղ եկվոր են և պետք է նրանց հիշեցնել, թե ովքեր են այս տարածքի իրական տերերը՝ իրենց մեկնաբանությամբ։ Ցավոք սրտի, Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք նպաստում են այս քարոզչության տարածմանը։ Այսպիսի արշավներ կազմակերպելով մի օր ունենում ենք դրա բացասական դրսևորումը, երբ Հայաստանում ապրող մարդիկ էլ մի օր սկսեն այսպիսի թեզերը տարածել»,- ասաց նա։
Թուրքագետը հիշեցրեց, որ Հայաստանի ներկայիս դե ֆակտո իշխանությունները փաստացի հենց Google Maps-ի և նմանատիպ այլ ծառայությունների օգնությամբ էին իրականացնում Հայաստանի տարածքի մի մասի զիջումը թշնամուն։
«Իսկ ի՞նչ գիտենք, որ վաղը չի ստեղծվի մի իրավիճակ, եթե չհակադարձենք նման արշավներին, որ մեկ այլ բնագիծ ներկայիս օկուպացիոն ռեժիմը փաստացի որոշի զիջել Տավուշում, Վայոց Ձորում և այլն»,-ասաց նա։
Գեղամյանը հիշեցրեց, որ ժամանակին Հայաստանում գործում էին կառույցներ, որոնք համակարգված աշխատանք էին տանում, որպեսզի թույլ չտային նման փորձեր, եթե այնուամենայնիվ լինում էին, շատ արագ արձագանքում էին։
«Վերջին տարիներին նման կառույց չկա, կապիտուլյացիայից հետո առավել ևս որևէ հակադարձում հակահայկական որևէ քարոզչության ականատես չենք լինում, ավելին, ներսում ունենում ենք որոշում կայացնող քաղաքական գործիչներ, որոնք նպաստում են այդպիսի թեզերի տարածքումը հանրության շրջանում։ Սա վկայությունն է այն բանի, որ ներկայումս Հայաստանում թուրքամետ իշխանություններ են գործում»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվել էր տեղեկատվություն, որ Երևանի կենտրոնում ինչ–որ հասցեներ ադրբեջանցիներն իրենց հերոսների անուններով են կոչել։