ԵԹԵ ՈՐՈՇԵԼ ԵՔ ՁԵՐ ՔՎԵՆ ՏԱԼ ՁԵԶ ՍՊԱՆՈՂԻՆ
Ըստ Avia.pro համակայքի՝ օրերս Սիրիայում թուրքական հրետանու դիրքերը ենթարկվել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հարվածներին։ Սու-24 մարտավարական ռմբակոծիչները հարվածներ են հասցրել Խան Էս-Սաբլ բնակավայրի շրջանում գտնվող M114 դաշտային հրանոթներին, ոչնչացրել «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման ահաբեկիչների ճամբարն ու զրահատեխնիկան:
Հաղորդվում է, որ ավելի վաղ գրոհայինները հարձակվել են Իդլիբ նահանգի հարավում գտնվող Ալ-Կաբիրա, Ջարադա և Դադիհ բնակավայրերի վրա, իսկ թուրքական կողմից ստացած M114 հրանոթներով գնդակոծել են Խան Էս-Սաբլ բնակավայրը: «Հերթական անգամ բախվելով պայմանավորվածությունների խախտմանը՝ Օդատիեզերական ուժերը հիշեցրել են Թուրքիային, որ այդպես վարվել պետք չէ»,- ասված է Avia.pro-ի աղբյուրի հաղորդագրության մեջ։
Մասնագետները նշում են, որ Ռուսաստանը սկսել է կոշտ արձագանքել Թուրքիայի սադրանքներին և հարվածներով պատասխանել Սիրիայի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտումներին, ընդ որում դա նկատվում է արդեն տարեսկզբից, ինչը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է դիմել նույնիսկ ծայրահեղ միջոցների, այդ թվում՝ հարձակողական գործողություն սկսել Էրդողանի վերահսկողության տակ գտնվող ջիհադիստների դեմ:
Նույն համակայքը հաղորդում է, որ Անկարան մտադիր է զենքի նոր մատակարարում սկսել Ադրբեջանին։ Խոսքը հետախուզական և հարվածային տիպի ԱՕԹՍ-ների, տանկերի, համազարկային հրթիռային համակարգերի, մարտական ուղղաթիռների մասին է։ Ըստ Avia.pro-ի, նախապատրաստվում է ադրբեջանական բանակի լուրջ արդիականացում, ինչը, հավանաբար, կապված է տարածաշրջանում զինված հակամարտությունը շարունակելու Անկարայի և Բաքվի մտադրությունների հետ, քանի որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական և ադրբեջանական բանակները նախապատրաստվում են ներխուժել Հայաստանի Սյունիքի մարզ:
Մինչդեռ համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ Թուրքիայի հավաքագրած վարձկանները, որոնք կռվել են Ղարաբաղում, բողոքում են, որ իրենց թերավճարել են։ Գրոհայիններից մեկն ասում է, որ հրամանատարը գրպանել է իրենց հասանելիք վճարումները։ «Մենք Ղարաբաղում կռվել ենք թուրքական պետության համար և նրանց մարդկանց հետ միասին։ Մենք ունենք սպանվածներ ու վիրավորներ։ Սուլթան Սուլեյման շահի 16-րդ դիվիզիան չի կատարել մեր մարտիկների առջև ստանձնած պարտավորությունները, աշխատավարձ չի տվել, ոչինչ չի վճարել վիրավորներին ու զոհվածների ընտանիքներին։ Մեզանից շատերը սովի են մատնված։ Այդպես չպետք է լինի»,- ասում է Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների մասնակիցներից մեկը։ Ավելի ուշ դիվիզիայի հրամանատարը հանդես եկավ հերքմամբ։ Ոչ այն առնչությամբ, որ կռվել են Ղարաբաղում, այլ որ յուրացրել է գումարները։
Իսկ սոցիալական ցանցերի հայաստանյան հատվածում տարածվում է մեկ այլ՝ «հերոսական» տեսանյութ։ Նկարահանված 2020 թվականի հոկտեմբերի սկզբին մարտական գործողությունների ժամանակ։ Այդ տեսանյութում, որն այն օրերին ակտիվորեն տիրաժավորում էին պաշտոնական լրատվամիջոցները, մեր «գերագույն գլխավոր հրամանատարը»՝ կամուֆլյաժ հագած, «խորհրդակցություն» է անցկացնում Արցախի Պաշտպանության բանակի բունկերում։ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը ինչ-որ բան է զեկուցում Փաշինյանին ու Արայիկ Հարությունյանին։ Փաշինյանի դեմքը խիզախ է ու մտախոհ, շուտով նա պետք է որոշում կայացնի…
Արցախցի քաղաքագետ Էդգար Էլբակյանը, հրապարակելով այդ տեսանյութն իր էջում, գրում է.
«2020 թ. հոկտեմբերի 6-ին՝ ժ.15:00-ի հատվածում, երբ արդեն պարզ էր Ջաբրայիլ-Մեխակավանի անկումը, Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը Ստեփանակերտում ընդունեց մի հանցավոր որոշում, որի արդյունքում գլխովին ջախջախվեցին
* Ջաբրայիլի զորամասի մնացորդները
* Ֆիզուլու տանկային զորամասը
* Խոջալուի տանկային զորամասը
* Արալեռի (Դաշքեսան) զորամասի մնացորդները
* ԿՊՇ (ЦОР) հետևակի, տանկերի և հրետանու մեծ մասը։
Փաստացի, Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով, որի որոշումը կայացվել էր այս սենյակում։ Հակագրոհից առաջ չէր իրականացվել պատշաճ հրետանային նախապատրաստություն, հետախուզում՝ ՈՉԻ՛ՆՉ։ Ընդամենը կար եսասիրական նպատակ զորքը զոհելու հանուն «գլուխգովանության», որ հետ են բերում «նախկինների» տվածը։ Արդյունքում մեր զինտեխնիկան մնաց թշնամուն, իսկ հետևակը՝ թշնամու «Սմերչի» հարվածների տակ…
• Այս սենյակում, ինչպես տեսնում եք, չկան, ո՛չ Սերժը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ «նախկինները»։ Այս սենյակում մարդիկ են, ում հայ ժողովուրդն ընտրել է 2018թ. և 2020թ.-ին։ Այս սենյակում գտնվողները՝ հանձին ՀՀ դե-ֆակտո ղեկավարի, հայ ժողովրդի հետ վարվեցին այնպես, ինչպես վարվել էին արաբները, բյուզանդացիները, մոնղոլները, թուրքերը՝ բոլոր նրանք, ովքեր պատմականորեն թշնամի են եղել անկախ Հայաստանի գաղափարին։
• Գալիք ընտրություններում, եթե դրանք կայանան, այս հանցագործին տրված ցանկացած ձայն նշանակելու է, որ քվեարկողը կողմ է, որ ՀՀ իշխանության թողտվությամբ թուրքերը ոչնչացնեն իրեն և իր արյունակիցներին։ Ընտրություններին գնալուց առաջ վերադիտե՛ք այս հոլովակը, եթե որոշել եք ձեր քվեն տալ ձեզ սպանողին»։