ՃԵՊԱԶՐՈՒՅՑ... ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ
Վաղը Հայաստանում կմեկնարկի բնակչության ոչ զանգվածային պատվաստումը
Զարմանալի է, թե ինչպես են կարողանում իշխանությամբ օժտված փաշինյանական պաշտոնյաները ցինիկորեն խեղաթյուրել իրողությունները՝ ներկայացնելով ցանկալին իբրև իրականություն։
Ապրիլի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանգիստ հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը չի նվազում, երկրում պահպանվում է «կայուն լարված իրավիճակ», ընդ որում դրա մեջ առիթ գտավ, որպեսզի իբր թե պարզասրտորեն գովաբանի իրեն այն բանի համար, որ «ունենք կայունացում»: Մինչդեռ ցանկացած ողջամիտ մարդուն պարզ է, որ իրականում COVID-19-ը «ունի» ինչպես Առողջապահության նախարարությանը, այնպես էլ ողջ բնակչությունը, այլ ոչ թե հակառակը…
Առհասարակ երկրում պատվաստանյութերի պահանջարկի համեմատ դեղաչափերի չնչին ռեսուրսների առկայության խորապատկերին վերամբարձ դատողություններ անելը բնակչության պատվաստման գործընթացի ռացիոնալ կազմակերպման մասին, մեղմ ասած, փոքր-ինչ վաղաժամ է: Ինչքան էլ ասես «հալվա» (պատվաստանյութ), բերանդ չի քաղցրանա: Ընդ որում նախարար-իրավաբանը հանրությանը զեկուցում է պատվաստումների վերաբերյալ գերատեսչությունում իբր մշակված քաղաքականության և կարգի մասին, թեև յուրաքանչյուրին էլ հասկանալի է, որ Առողջապահության նախարարությունում պարզապես արտագրել են աշխարհում վաղուց գոյություն ունեցող պատրաստի «մեթոդական ձեռնարկները», ներառյալ պատվաստումների հերթագայությունն ըստ ռիսկի խմբերի։
Անահիտ Ավանեսյանը իբրև կառավարության արժանիք ներկայացրեց նաև այն, որ երկրում պատվաստվածների թվի համար սահմանված նշաձողը սկզբնական 10%-ից բարձրացվել է «ամբողջ» 700 հազար մարդու։ Անշուշտ, խիզախ որոշում է, եթե նկատի չառնենք, որ դա Հայաստանի բնակչության ոչ ավելին է, քան մեկ քառորդը, և նույնիսկ եթե Առողջապահության նախարարությանը հաջողվի երկար ամիսներ անց հասնել այդ ցուցանիշի կատարմանը, դրանից օգուտ չի լինի, քանզի վարակին արդյունավետ հակազդելու համար անհրաժեշտ է պատվաստել բնակչության առնվազն 75%-ին, այլ ոչ թե եռակի ավելի քիչ թվով մարդու։
Ճեպազրույցի ընթացքում նախարարը ռուսական Sputnik V («Սպուտնիկ Վի») պատվաստանյութը հերթական անգամ անվանեց «Սպուտնիկ 5», որից հետո հայտնեց, որ ապրիլի 13-ից պատվաստումը կմեկնարկի մայրաքաղաքում, իսկ ապրիլի 14-ից՝ մարզերում: Խոսելով պատվաստումների վերջնական ժամկետների մասին՝ Ա.Ավանեսյանը հանգիստ հաղորդեց, որ իրենք նկատի ունեն... մեկ տարի: Ասես խոսքը ոչ թե մարդկանց առողջության համար մահացու վտանգի մասին է, այլ, ենթադրենք՝ անասունների գլխաքանակի պլանային հաշվարկի. մեկ տարի՝ դես, մեկ տարի՝ դեն, սարսափելի ոչինչ չկա։
Այնուհետ պարզվեց, որ այն մարդիկ, որոնց մտահոգում են, մասնավորապես, բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութի կիրառման կողմնակի հետևանքները, ըստ էության, ընտրության հնարավորություն չունեն, թե որ պատվաստանյութն ընդունեն։ Բավական չէ, որ երկրում դեղաչափերի քանակը ծիծաղելիության աստիճան քիչ է, իսկ նոր խմբաքանակների ստացման հեռանկարը՝ բավական մշուշոտ, դեռ մի բան էլ պայման է դրված պատվաստվել ցանկացողների առջև. կստանաս այն պատվաստանյութը, որը տվյալ պահին... ձեռքի տակ կլինի։
Եթե ավելի շատ վստահում եք ռուսական պատվաստանյութին, ապա ձեզ պարզապես չեն գրանցի պատվաստման հերթում: Ինչ վերաբերում է AstraZeneca պատվաստանյութին, ապա դրանով պատվաստելու են 55 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց, և ոչ ոք մտադիր չէ հաշվի առնել ձեր նախապատվությունները: Չես ուզում՝ ցտեսություն։
Ընդհանրապես տպավորություն ստեղծվեց, որ ՀՀ առողջապահության նախարարի ճեպազրույցը... ոչ մի բանի մասին էր։ Պատվաստանյութը ողորմելի քանակի է, ընտրությունը՝ զրոյական, ընդ որում զինծառայողները ինչ-որ անհայտ տրամաբանությամբ ընդհանրապես դասված չեն որևէ ռիսկի խմբի: Ինչի՞ մասին այստեղ կարելի է ընդհանրապես խոսել։ Հավանաբար այդ պատճառով էլ նախարար Ավանեսյանը ակնհայտորեն գերադասում էր խոսել ընդհանրական թեմաներից, մանրամասնորեն պատմելով, օրինակ, պատվաստանյութերի ստեղծման բարդ գործընթացի և դրանց կլինիկական փորձարկումների մասին։ Տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանի կառավարությունը ինչ-որ առնչություն ունի դրա հետ։ Եփած հավի ծիծաղը կգա…