National Interest. ԱՄԵՆ ԻՆՉ ՎԿԱՅՈՒՄ Է ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՋՈ ԲԱՅԴԵՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ԿՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ջո Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ ավելի քան 100 տարի անց այն բանից հետո, երբ դա տեղի է ունեցել, National Interest-ի իր հոդվածում գրում է Մայքլ Ռուբինը:

2020թ. ապրիլի 24-ին նախագահի այն ժամանակվա թեկնածու Ջո Բայդենը Twitter-ում գրել էր «Ընտրվելու դեպքում ես պարտավորվում եմ սատարել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը և մարդու համընդհանուր իրավունքները գերակայություն դարձնել»։

2021թ. մարտի 22-ին «Եվրասիական խմբի» անդամ Յան Բրեմերը հայտնել է, որ «Սպիտակ տան աղբյուրները» իրեն ասել են, թե Ցեղասպանության ճանաչումը տեղի կունենա: Ի դեպ, Բրեմերը նշել է ոչ միայն Բայդենի նախընտրական խոստումը, այլ նաև այն փաստը, որ փոխնախագահ Քամալա Հարիսը 2019-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակն է: Նա նաև ճիշտ էր՝ նշելով, որ նախագահ Բարաք Օբաման նման խոստում տվել և հրաժարվել էր դրանից:

Դրանում է խնդիրը՝ կառավարությունում կա մի դինամիկա, երբ պաշտոնատար անձինք կամ օգտակար են համարում խեղաթյուրել պատմությունը, կամ անտեսել ողբերգությունը՝ կարճաժամկետ դիվանագիտական անհրաժեշտության համար: Սամանտա Փաուերը գիրք է գրել այս մասին և, այնուամենայնիվ, ոչ միայն չկարողացավ պաշտպանել Հայաստանը, այլև անտեսեց Սիրիայում շարունակվող ցեղասպանությունը: Կլիմայի հարցով ԱՄՆ-ի բանագնաց Ջոն Քերին, որը, ինչպես Հարիսը, նույնպես, որպես սենատոր, հովանավորում էր Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը, մոռացավ դրանց մասին, երբ դարձավ գործադիր իշխանության մաս:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր պաշտոնավարման առաջին շաբաթներին խոստացել էր ավելի մեծ ուշադրություն դարձնել մարդու իրավունքներին, բայց նա արդեն սկզբունքները քաղաքականությանը զոհաբերելու պատրաստակամություն է ցուցաբերել:

Շատ հայերի հնարավոր է դուր չգա հանգուցյալ պատմաբան Բեռնար Լյուիսը, քանի որ նա կասկածի տակ էր դնում Հայոց ցեղասպանության կանխամտածված լինելը: Սակայն հետագա տեղեկատվությունը, որն այդ ժամանակ մատչելի չէր Լյուիսին, հաստատում է միտումնավորությունը: Լյուիսը նույնքան ազնիվ էր, որքան կիրթ էր: Գրեթե չեմ կասկածում, որ եթե նա այսօր կենդանի լիներ, թույլ կտար նոր վկայություններին փոխել իր մեկնաբանությունը:

Կա մեկ այլ պատճառ, թե ինչու հայերը չպետք է ամբողջովին մերժեն Լյուիսին: 2012-ի իր հուշերում Լյուիսը գրել է. «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հսկայական էներգիա է վատնվում պատմությունը կեղծելու համար: Նման աղավաղումները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, նույնիսկ եթե դրանք անշահախնդիր դրդապատճառներ ունեն»: Սա Լյուիսի հայտարարությունն է, որից հայերն ու պատմական ճշմարտությամբ հետաքրքրվողները պետք է այսօր կառչեն, քանի որ այն ընդգծում է անթույլատրելիության կարևորությունն այն բանի, որ կարճաժամկետ դիվանագիտական շահերը խեղաթյուրել են պատմության ընթացքը:

Բայդենի վարչակազմում, Պետդեպարտամենտում և Պենտագոնում շատերը կարող են Բայդենի պարտավորություններից շեղվելու կամ նրանց բարոյական համարժեքություն տալու խթան գտնել: Պետական դեպարտամենտում մնում է ուժեղ թուրքական լոբբին, որը պատրաստ է պաշտպանել Թուրքիայի շահերը և Թուրքիային ազատել իր գործողությունների համար պատասխանատվությունից:

Թե՛ Պետդեպարտամենտը, թե՛ Պենտագոնը կարող են ենթադրել, որ Էրդողանի հետ անտագոնիզմը կարող է ստիպել նրան հարձակվել Միջերկրական ծովի արևելյան հատվածի վրա: Արդեն կան նախազգուշական նշաններ, որ Բայդենը և Բլինքենը տատանվում են, օրինակ՝ չնայած Թուրքիայի վերաբերյալ իրենց բոլոր կոշտ հայտարարություններին, նրանք ուժեղացրել են նրա բռնապետ Էրդողանին՝ նրան դարձնելով Աֆղանստանում խաղաղ բանակցությունների տերը:

Կա Լեռնային Ղարաբաղ, որտեղ անցյալ տարվա աշնանը Թուրքիան և Ադրբեջանը սանձազերծեցին քառասունչորսօրյա պատերազմ, իսկ խաղաղությունը մնում է փխրուն:

Այս խնդիրներից ոչ մեկը չի արդարացնում պատմության խեղաթյուրումը: Բանը միայն այն չէ, որ Հայոց ցեղասպանությունը փաստ է, այլ նաև դրա թերագնահատումը կարող է թանկ նստել: Ադրբեջանը և Թուրքիան սեպտեմբեր ամսվա իրենց անակնկալ հարձակումը հայաբնակ Լեռնային Ղարաբաղի վրա նվիրեցին Հայաստան օսմանյան ներխուժման հարյուրամյակին: Ե՛ւ Էրդողանը, և՛ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը օգտագործեցին ծայրահեղական հռետորաբանությունն այն մասին, որ իրենց վերջնական նպատակը կրոնական պատերազմն է և բուն Հայաստանի կործանումը:

Այս ամենը կարող է հանգեցնել հետագա ագրեսիայի ոչ միայն Հայաստանի, այլ նաև քրդերի և Կիպրոսի դեմ:

Չնայած Հայոց ցեղասպանության ճանաչումը և ճիշտ է, և իմաստուն, Բայդենը և Բլինքենը պետք է ավելի առաջ գնան: Ցեղասպանության ժխտումը խարխլում է երկարաժամկետ անվտանգությունը, և, հետևաբար, Բլինքենը կարող է ինչպես Անկարայում, այնպես էլ Բաքվում Հայոց ցեղասպանության հուշարձանների տեղադրումը դիտարկել որպես ցուցանիշ, որը թույլ է տալիս որոշել, թե արդյոք Ցեղասպանության ճանաչումը դուրս է գալիս հռետորաբանության սահմաններից: Նման քայլը կօգներ նաև ազատվել պատմական կուրությունից, որն առաջացել է տասնամյակների թուրքական հրահրմամբ:

Նման հուշարձաններ հիմնելու նախադեպեր կան: Ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի, որոնք արևմտյան այցելուների համար բազմահավատ հանդուրժողականության պատկերներ են ստեղծում և օտար մամուլին հրավիրում փոքր տոնակատարությունների, Հայաստանում կա Հոլոքոստի հուշարձան, քանի որ հայերը խոստովանում են, որ պատմությունը շատ հաճախ է կրկնվում:

Բայդենը և Բլինքենը նաև պետք է պարտավորվեն չեղյալ հայտարարել 907-րդ փոփոխության (Ազատության աջակցության ակտ) բացառումը, որը դիվանագիտությունն անտեսելու համար արդյունավետորեն պարգևատրում է Ադրբեջանին:

Բլինքենը պետք է նաև հորդորի Թուրքիային և Ադրբեջանին ընդունել Սիրիայից «Ալ-Քաիդա»-ի հետ կապված վարձկանների տեղակայումը:

Թրամփի վարչակազմը թերագնահատել է Հարավային Կովկասում դիվանագիտության կարևորությունը՝ նշանակելով Մինսկի խմբի համանախագահ, որը չունի իր ռուս և ֆրանսիացի գործընկերների դիվանագիտական աստիճանը: Փոխանակ պարզապես դեսպան նշանակելու, Բլինքենը կարող էր նշանակել քարտուղարի օգնական: Միացյալ Նահանգները Արցախի Հանրապետության համար կարող է առաջարկել նաև Կոսովոյի մոդելը: Այդ դեպքում Բլինքենը պետք է մշտական դիվանագետ ուղարկի Ստեփանակերտ:

Ցեղասպանության ճանաչումը կարևոր է, բայց բավարար չէ: Հաշվի առնելով Հայաստանի արևելքում և արևմուտքում բռնապետներին՝ կարևոր է ընդունել, որ մեկ դարի վաղեմության սպառնալիքը պահպանվում է մինչ օրս: Դատարկ հռետորաբանությունը կարող է թանկ նստել»:

News.am