Անհետ կորածների հարազատները կհանդիպեն ԱԱԾ տնօրենի հետ

Փաշինյանի հետ հանդիպումից հետո անհետ կորած զինծառայողների ծնողները հայտնեցին` պայմանավորվել են առաջիկայում ԱԱԾ տնօրենի հետ հանդիպել։

Նշենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կառավարության առջևբողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ցույցի մեկնարկից որոշ ժամանակ անց ծնողներին հրավիրեցին կառավարության շենք։ Նրանք քիչ առաջ դուրս եկան շենքից։

«Հանդիպումը մեզ չբավարերեց։ Այն, ինչ պետք է տեղեկանայինք, կիսատ մնաց, այսինքն` ինչ գիտեինք, էդքան էլ մնաց մեր իմացածը»,–ասաց անհետ կորածներից մեկի հարազատը։

Նրա խոսքով` նման հանդիպումները շարունակական են լինելու։ Մեկ այլ զինվորի մայր էլ նկատեց` կառավարությունում շուրջ 10 հանդիպում են ունեցել, բայց ի՞նչ են ստացել։ Իրավիճակը, ըստ նրա, ոչ մի կերպ չի փոխվում, ոչ մի քայլ չի արվում իրենց տղաներին գտնելու ուղղությամբ։

«Ես չեմ գնալու կառավարության մոտից, իսկ ներսում գտնվողներն էլ դուրս չեն գալու` մինչև մեզ կոնկրետ պատասխան չտան, թե ինչ են անում մեր տղաներին վերադարձնելու համար»,–ասաց կինը, տեղեկացնում է Sputnik Armenia։