Պատերազմին մասնակցած պետական ծառայողներին պետական դրամաշնորհներ կտրամադրեն

Տվյալ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Ղարաբաղում մարտական գործողություններին մասնակցած պետական ծառայողներին պետական դրամաշնորհներ տրամադրել: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը:

Նախագծով առաջարկվում է զինվորական ծառայության մեջ որպես կամավորական ընդգրկված, զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության մեջ գտնվող և պետական պաշտոն ու պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձը պահպանել մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում: Մարտական գործողություններին մասնակցելու մեկնած պետական ծառայողի կատարողականը բացասական գնահատելու դեպքում առաջարկվում է չկիրառել օրենքով նախատեսված՝ հիմնական աշխատավարձի աճի կասեցման կամ աշխատավարձի իջեցման դրույթները:

Բացի այդ, եթե կես տարվա արդյունքներով պարզվի, որ այդ պետական ծառայողները չեն կատարել իրենց առջև դրված խնդիրը պատերազմին մասնակցելու պատճառով, նրանց նկատմամբ որևէ սանկցիա չի կիրառվի, տեղեկացնում է News.am: