Արմեն ՍԱՀԱԿՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԱՌԱՆՑ ՎՆԱՍԵԼՈՒ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՆ

Ինչպիսի՞ տրամադրություններ են տիրում Սփյուռքում պատերազմից 5 ամիս անց: Ինչպե՞ս են անդրադարձել մեր հայրենակիցների վրա Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, ինչպիսի՞ն է վերաբերմունքը Թուրքիայի վերաբերյալ այն անմիանշանակ հայտարարությունների նկատմամբ, որոնցով հանդես են գալիս ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները։

Այս հարցերին մենք խնդրեցինք պատասխանել Հայ դատի (ANCA) ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի գրասենյակի տնօրեն Արմեն ՍԱՀԱԿՅԱՆԻՆ։

-Այնպես է ստացվել, որ հետպատերազմյան շրջանում մենք կենտրոնացել ենք Հայաստանի ներքին գործընթացների վրա և համեմատաբար քիչ տեղեկություններ ենք ստանում այն մասին, թե ինչ տրամադրություններ են տիրում Սփյուռքում, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ում։ Պատմեք այդ մասին, խնդրում եմ:

-Ավելորդ է, հավանաբար, հիշեցնել, որ սեպտեմբերի 27-ին պատերազմի սկսվելուն պես Կալիֆոռնիայի հայ համայնքը վայրկենապես ակտիվացավ: Մամուլում բավական հանգամանորեն լուսաբանվել է համայնքի և՛ հայրենասիրական տրամադրվածությունը, և՛ ակտիվ գործունեությունը պատերազմի շրջանում. փողոցների արգելափակումը, բազմաբնույթ այլ միջոցառումները, դրամահավաքը, տեղեկատվական-քարոզչական աշխատանքը և այլն: Եվ, իհարկե, նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը սառը ցնցուղ դարձավ բոլորիս համար:

Նման ելքն անսպասելի էր բոլորիս համար, մանավանդ որ 44 օր շարունակ մեզ տրամադրվում էր միանգամայն այլ տեղեկատվություն։ Շատերի համար այդ հայտարարությունը շոկային էր, ինչպեսև դրան հաջորդած բոլոր իրադարձությունները, առանձնապես եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը մինչ օրս ապօրինաբար պահում է մեր հայրենակիցներին՝ հակառակ համաձայնագրի համապատասխան կետի։

Ընդհանուր առմամբ տրամադրություններն այսօր, ասենք այսպես, բավական մռայլ են, մարդկանց մոտ սաստիկ հիասթափություն է նկատվում։ Մենք, իհարկե, աշխատանք ենք տանում այդ տրամադրությունը փոխելու, համայնքի գործունեությունն ավելի կառուցողական հունով ուղղորդելու նպատակով, որպեսզի ուժերի ներածի չափով օգնենք հայկական պետությանը դուրս գալ այս ծանր իրավիճակից և վերադառնալ զարգացման հուն, ինչպես նաև պաշտպանենք Հայաստանի շահերը նրա սահմաններից դուրս։

-Կապվա՞ծ է արդյոք այդ հիասթափությունը նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործողությունների հետ: Ինչպե՞ս արձագանքեցին Կալիֆոռնիայի հայերը Արցախին օգնելու նպատակով հավաքված միջոցների փոխանցմանը Հայաստանի կառավարության բյուջե:

-Հայտարարությունն այն մասին, որ հավաքված, այդ թվում Սփյուռքի հանգանակած միջոցները փոխանցվում են պետբյուջե, այսինքն կառավարությանը, մեզ համար, իհարկե, շատ տարօրինակ էր: Ոչ ոք չէր սպասում նման շրջադարձի։ Բնականաբար, շատերի մոտ առաջացան պարզաբանումներ, թափանցիկություն պահանջող հարցեր, թե ինչպես և ինչ նպատակով են ծախսվել այդ գումարները։ Կարող եմ հավաստել, որ ԱՄՆ-ի հայ համայնքում այսօր իսկապես սաստիկ հիասթափված են հիմնադրամի ղեկավարության գործողություններից և մեծ աշխատանք կպահանջվի երբեմնի վստահությունն ու վերաբերմունքը վերականգնելու համար:

-Ապրիլի 24-ի հերթական տարելիցի նախօրեին Երևանում բավական արտառոց հայտարարություններ են հնչում իշխանության ներկայացուցիչների կողմից... Մասնավորապես՝ Թուրքիայի հետ հարաբերությունները շտկելու, Հայաստանի թշնամի չհամարելու անհրաժեշտության մասին և այլն: Փորձագետներն արդեն միանշանակ նշում են, որ այդ կարգի հայտարարությունները, ինչպես նաև Թուրքիայի գործողությունները խանգարում են նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հայ լոբբիստների կողմից գործադրվող ջանքերին: Ի՞նչ կարծիքի եք դուք։

 -Հաշվի առնելով Թուրքիայի դերը պատերազմում, ինչպես նաև նախագահ Էրդողանի հայտարարությունները, որոնք արվել են արդեն պատերազմից հետո, մասնավորապես՝ Բաքվի զորահանդեսում, որտեղ նա հիշատակեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Էնվեր փաշային, մենք ոչ մի կասկած չունենք, որ Թուրքիան շարունակում է մնալ մեր ժողովրդի թշնամին:

Թուրքիան չի կարող ունենալ որևէ բարի մտադրություն և ձգտել հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Ուստի ոչ մի կասկած չկա, որ Ապրիլի 24-ի նախօրեին արվող բոլոր այդ հայտարարություններն ուղղված են նրան, որ ազդեն Ջո Բայդենի դիրքորոշման վրա։

Նույնը տեղի ունեցավ նախագահ Օբամայի օրոք։ Հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունները հիշում են, թե ինչպես 2009-ին՝ նույնպես Ապրիլի 24-ի նախօրեին, հայտարարվեց հայ-թուրքական արձանագրությունների մասին, ինչն ընդամենը առիթ ծառայեց՝ համոզելու Օբամային, որ չարտաբերի «ցեղասպանություն» իրավական տերմինը։

Բնականաբար, հայ համայնքն ընդհանուր ջանքերով փորձում է ազդել նախագահի վրա, որպեսզի այս տարի ԱՄՆ-ը կառավարության և պետության մակարդակով ճանաչի և դատապարտի Ցեղասպանությունը, ինչպես դա արդեն արվել է 2019-ի դեկտեմբերին Կոնգրեսի կողմից։ Բացի այն, որ հետագայում դա կդառնա ամերիկյան քաղաքականության բաղկացուցիչ մասը, մենք լրացուցիչ գործիքներ կստանանք Թուրքիայի կառավարության, ինչպես նաև այն երկրների վրա ճնշում գործադրելու համար, որոնք, հնարավոր է, ազդանշանի են սպասում ԱՄՆ-ից։

Բացի այդ, այստեղ կարևոր է առաջին հայտարարության գործոնը. եթե Բայդենը իր նախագահության առաջին տարում դա չանի, հետագա տարիներին ավելի մեծ ջանքեր կպահանջվեն, եթե չասենք, որ դա գրեթե անհնար կլինի։ Այսինքն մենք պետք է ծայրաստիճան լուրջ մոտենանք հարցին և գիտակցենք պահի կարևորությունը նաև այդ տեսանկյունից։

-Մինչդեռ Հայաստանի իշխանությունները պնդում են, թե տարածաշրջանում նոր հնարավորություններ են բացվում և պետք չէ բաց թողնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ ու տնտեսական համագործակցություն հաստատելու հնարավորությունը, այդ թվում՝ մեր երկրի զարգացման նպատակով…

-Թուրքիայի հետ հարաբերությունները, անշուշտ, պետք է մի օր կարգավորվեն։ Բայց ոչ ի վնաս մեր ազգային շահերի և պատմական արդարության։ Եթե մենք տասնամյակներ շարունակ դիմակայել ենք Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, ապա, կարծում եմ, դժվար թե մի քանի ամիսները կամ նույնիսկ տարիները լրացուցիչ բարդություններ ստեղծեն մեզ համար: Ի վերջո, կարելի է սպասել մի քանի շաբաթ՝ մինչև ապրիլի 24-ը, և միայն դրանից հետո սկսել ինչ-որ գործընթացներ։ Մեկը մյուսին չպետք է խանգարի, մանավանդ որ Ցեղասպանության ճանաչմամբ ինքը՝ Թուրքիան, կդառնա ավելի բաց պետություն, ինչը բխում է ոչ միայն մեր, այլև իր շահերից։

Ուզում եմ ընդգծել, որ նախագահ Բայդենը հայ համայնքին հաստատապես խոստացել է ճանաչել Ցեղասպանությունը։ Եթե դրան հավելենք Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների ակնհայտ վատթարացումը, ինչպես նաև այն միտումները, որոնք մենք տեսնում ենք Բայդենի քաղաքականության մեջ Մարդու իրավունքների ոլորտում, ապա կարելի է հստակ ասել, որ առկա են բոլոր նախադրյալները ԱՄՆ նախագահի կողմից այս տարի Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Եթե, իհարկե, տեղի չունենա 2009թ. դառը փորձի կրկնությունը։