ԳԺԱՆՈՑ
Այ թե ինչ են անում մոտեցող ընտրությունները... Փաշինյանը բենեֆիս կազմակերպեց իր խորհրդարանում։ Հայտարարեց, որ Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, հայ ժողովուրդը ապագա ունի։ Դե, հայտարարելը որն է... Ճղավեց։ Ունե՛նք մենք, ինչպես պարզվում է, ապագա։ Շնորհակալություն քեզ, Փաշինյան, մեր երջանիկ ապագայի համար: Իշխող խմբակցությունն այնպիսի հրճվանք ապրեց այդ խոսքերից, որ սկսեց հոտնկայս ծափահարել։ Հարկավ։ Չէ՞ որ նրանք խոր տրանսի մեջ էին, չգիտեին՝ ունենք ապագա, թե չունենք։ Վարչապետը մխիթարեց նրանց. ունե՛նք, ունենք ապագա, ասաց։ Այսինքն՝ դեռ կլինեն պարգևավճարներ, դարդ չանեք…
Իսկ բացի այդ, Փաշինյանը ընտրությունների նախաշեմին այն աստիճան խիզախացավ, որ Ալիևին անվանեց ախտորոշում ունեցող մարդ, հոգեկան հիվանդ, պարզ ասած՝ գիժ։ Ճիշտ է, արտահայտվեց բանաստեղծությամբ։ Արդեն վախճանված պոետի։ Դեռևս անցած դարում գրված բանաստեղծությամբ։ Բայց անվանեց։ Եվ հետո, գոհ ժպտալով, նայում էր իր խմբակցությանը. իբր՝ տեսեք, ո՜նց Իլհամիկի պորտը տեղը դրեցի՝ նախապես պատրաստված հարցին իմ նախապես պատրաստած էքսպրոմտով։
Բացի այդ, Փաշինյանը միտք հրամցրեց, թե Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման համար պատրույգ է դարձել այն, որ Հայաստանը 2019-ին խոր բարեփոխումներ էր իրականացրել և դարձել ամենից արագ զարգացող պետությունը Եվրոպայում։ Ե՛վ տնտեսապես, և՛ քաղաքականապես, և՛ ընդհանրապես։ Դրա համար էլ Ադրբեջանը որոշեց հարվածել մեր վերելքի պահին…
Դե, և հասկանալի է, որ առաջիկա ընտրությունները մեղավորներ են պահանջում։ Եվ Փաշինյանը նշեց հասցեատերերին։ Բոլոր նրանց, ում կարելի էր նշել, նշեց։ 2017 թվականի դրությամբ, ասաց Փաշինյանը, հայկական կողմը լիովին ձախողել էր բանակցային գործընթացը։ Իսպառ տապալված էր բանակաշինությունը։ Կատարելապես ձախողված էր պետական շինարարությունը։ Իսկ իրենք 2,5 տարում պարզապես չհասցրեցին կարգի բերել այդ ամենը։ Դե, այո, նույնպես մի քիչ մեղավոր են... Միգուցե…
Դե, և գեներալներն են, իհարկե, մեղավոր։ Ժամանակն է, ժամանա՛կն է արդեն, որ Փաշինյանը լուծի բանակի հարցերը. ընտրությունները քթի տակ են։ Օնիկ Գասպարյանը, ասաց Փաշինյանը, մեղավոր է։ Որովհետև ասում էր, թե կարող ենք ջախջախել թշնամուն։ Քանի որ պատերազմի 4-րդ օրը չի հայտարարել, որ պատերազմը պետք է դադարեցնել։
Մեղավոր է ներկայումս ընդդիմության ճամբարում գտնվող նախկին նշանավոր հրամանատարի որդին, ասաց Փաշինյանը։ Որովհետև հիմա ընդդիմության ճամբարում գտնվող հենց այն հրամանատարի հենց այդ որդին է ղեկավարել այն տանկային ստորաբաժանումը, որը չի կատարել իր մարտական խնդիրը, որը եթե կատարած լիներ, ապա պատերազմն այլ ընթացք կունենար, քանի որ սկզբում հակահարձակման գործողությունը հաջող է զարգացել, ինչպես զեկուցել են իրեն՝ Փաշինյանին... Եվ ո՜վ գիտե, ասում է երկրի ղեկավարը խորհրդարանի ամբիոնից, գուցե իր մարտական առաջադրանքն այդ տանկային ստորաբաժանումը չի կատարել, որովհետև հրամանատարին, որն այսօրվա ընդդիմադիրի որդին է, զանգել են ու ասել, որ իր թշնամին ոչ թե ռազմաճակատում է, այլ կառավարության շենքում... Դեռ կպարզենք, ասաց Փաշինյանը, թե ով է զանգել, եթե զանգել է, երբ է զանգել, եթե զանգել է…
Ի՞նչ են պարզելու։ Բոլորին առանց այդ էլ պարզ է. ի՞նչ պահանջել մի մարդուց, որն ասում է, թե բանակաշինությունն ամբողջությամբ տապալված էր, իսկ րոպեներ անց՝ հայտարարում, որ եթե չլիներ տանկային մեկ ստորաբաժանման հրամանատարը, որն ընդդիմադիրի որդին է, ապա պատերազմի ընթացքը կարող էր միանգամայն այլ լինել։ Դատարկախոսը մնացել է դատարկախոս, ուսապարկերը՝ ուսապարկեր։
Օնիկ Գասպարյանն արդեն հակիրճ արձագանքել է։ «Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, և օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում», - հայտարարել է Գլխավոր շտաբի նախկին պետը։.
Գլխավոր շտաբի մյուս նախկին պետը՝ Մովսես Հակոբյանն արտահայտվեց է՛լ ավելի հակիրճ. «Հիվանդ մարդուն ի՞նչ մեկնաբանեմ։ Ամեն մի գժի ես պետք է մեկնաբանե՞մ»։
Փոխարենը Ալեն Սիմոնյանին ամեն ինչ դուր եկավ։ Լրագրողներին նա կասի, որ իրենց իշխանությունը Ադրբեջանին ոչինչ չի հանձնել... Այ այդպե՛ս։