Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ԵՐԵԿ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ

«Երեկ Ազգային ժողով կանոնակարգի խախտումով տեղի ունեցավ պառլամենտական խուլիգանություն վարչապետի աթոռը զբաղեցրած մարդու կողմից»,- ասուլիսում ասաց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԺ նիստի օրակարգում հարցը հստակ ձևակերպված էր՝ 2020 թվականի կառավարության հաշվետվություն, բայց ինքն ընդամենը խոսեց 44 օրվա մասին՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9, որն, ըստ էության, տնտեսությանը չէր վերաբերվում:

Ռ.Հակոբյանի խոսքով, կանոնակարգով նիստը վարողին իրավունք է տրված, եթե զեկուցողը շեղվում է թեմայից, կարող է արգելել. «Բայց երևի նիստը վարողը, ճանաչելով իր ղեկավարին, հասկացավ, որ կարժանանա այն բախտին, ինչին արժանացավ պատգամավորներից մեկը, ում շատ կոպիտ ասաց, թե ոնց եք հայտնվել այստեղ, ոնց եք իրավունք վերապահում ինձ հարց տալ, այսպես հերթական անգամ ասաց՝ դու ուսապարկ ես, գցել եմ ուսիս, բերել եմ:

Երևի նիստ վարողին էլ կասեր՝ ակվարիումի պորտատար պարող էիր, բերել եմ այստեղ, դարձրել եմ փոխնախագահ, որ ինձ ինչ որ դիտողություններ անե՞ս»:

Նա ասաց, որ զարմացած է խորհրդարանական ընդդիմության վրա, որը կարող էր ուղղակի շրջափակել ամբիոնը, բացի այդ՝ վիրավորում էր ընդդիմությանը, իսկ ընդդիմությանը հարցեր էր տալիս, «պարոն վարչապետ» էր դիմում:

«Այն, ինչ կատարվեց երեկ խորհրդարանում, ուղղակի ոտքերը մաքրեց և խորհրդարանի վրա, և ընդդիմության, առավել ևս ուսապարկերի վրա»,- ասաց Ռ. Հակոբյանը:

Նա նշեց, որ Փաշինյանը հստակ նպատակով եկել էր խոսել պատերազմի մասին, քանի որ ոչինչ չէր կարող զեկուցել կործանված ոլորտների մասին՝ տնտեսություն, սոցիալական քաղաքականություն, անվտանգություն, գնաճ:

«Հետևաբար շեղեց թեման: Հիմնական խնդիրն էր անդրադառնալ պատերազմին, ինքը նշանակեց մեղավորներ, շատ հասցեական խոսեց: Լելե Թեփեի մասին էր խոսում, ասաց, թե ինչ գեներալներ են այդ նախագիծը տվել: Հասկացրեց՝ գեներալներ լսեք, հիմա մենակ Օնիկ Գասպարյանի ու Մովսես Հակոբյանի անուններն եմ տալիս, բայց տեսեք, թե ցուցակն ինչքան բաց է, որևէ ծպտուն եթե հանեք, ինֆորմացիա փոխանցեք պատերազմի մասին, իմացեք այդ անուններն էլ կգրվեն»,- ասաց Ռ.Հակոբյանը:

Նա ընդգծեց՝ պատերազմի ժամանակ հրամայական կետը բարդակի էր վերածվել, օրվա մի մասը ղեկավարել են բացարձակապես տիկնոջ ենթակայության տակ գտնվող գեներալներ, իսկ առանձին դեպքերում բացարձակապես տիկինը և ամուսինն են ղեկավարել օպերացիաները:

«Առավել քան վստահ եմ, ունենալով նաև ինֆորմացիա, Լելե Թեփեի օպերացիան եղել է ամուսինների օպերացիան, որտեղ հիմնական շատ ագրսիվ պահվածք է դրսևորել հենց իր տիկինը: Ի վերջո ուզել են ցույց տալ, որ Սերժ Սարգսյանի ժամանակ Լելե Թեփեն հանձնվեց, հիմա հետ են բերում: Շատ անկազմակերպ է եղել, մինչև 700 հոգի զոհ է եղել: Մի բան հստակ է՝ անպայման պետք է սա բացահայտվի ու բացահայտվելու է»,- ասաց Ռ.Հակոբյանը:

Նա նշեց, որ Փաշինյանն Արցախի բանակցային գործընթացի մասին ոչինչ չգիտի, այնքան գիտի Արցախի մասին, որքանԲուրկինա Ֆասոյի կամ Սոմալի, Արցախն իր համար աշխարհագրական տարածք է:

Panorama.am