ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՑՐԵՑ ԱԼԻԵՎԻՆ 0,1 ՏՈԿՈՍՈՎ

Զարգացած ինտուիցիայով օժտված վարչապետը նոր գիտելիքներ ձեռք բերեց և հաղորդեց դրանք մեզ

«Համակարգային կոռուպցիա չի եղել, եթե անգամ եղել է»,- այսպես, պատասխանելով ներդրումների մասին հարցին, արտահայտվեց վարչապետ Փաշինյանը ապրիլի 14-ին իր «գալա-համերգի» ժամանակ, որն ուղեկցվում էր ուսապարկերի ծափահարություններով։ Որևէ տրամաբանություն փնտրել կառավարության ղեկավարի խոսքերի մեջ չարժե. նա տասնյակ ու հարյուրավոր անգամներ ապացուցել է, որ մտածում է «Անգետիկը Լուսնի վրա» հեքիաթի կատեգորիաներով…

Բոլոր դժբախտություններն ու պատուհասները վարչապետն ու իր հաճկատար ուսապարկերը, բնականաբար, պատճառաբանում են նրանով, թե 2020 թվականին կառավարությունն իրականացնում էր հակաճգնաժամային կառավարում։ Դատելով արդյունքներից, խոսքը կարող է վերաբերել ավելի շուտ հակաճգնաժամային անկառավարելիությանը։ Այդպես ավելի ազնիվ կլինի։

Ի՞նչ կարելի է պահանջել այն իշխանությունից, որի առաջնորդը, օրինակ, առարկություններ չհանդուրժող տոնով հայտարարում է, թե չարաբաստիկ «սննդային բարեփոխումը» զինված ուժերում... արդարացրել է իրեն։ Դա այն բարեփոխումն է, որը պատերազմի ժամանակ մարտիկներին առաջնագծում զուրկ թողեց տարրական հաց ու ջրից։

Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչով է վատ կորոնավիրուսային վարակի շրջանում կառավարության հակաճգնաժամային աջակցության փաթեթը, երբ ծախսված 210 մլրդ դրամի 52%-ը տրված վարկերն ու դրամական օժանդակություններն են։ Աչքերը չռած՝ վարչապետը պնդում էր, թե ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ հակաճգնաժամային ծրագրերին հատկացված հարկատուների միջոցների ողջ գումարի մոտ 70%-ը տնտեսվարողների կողմից ծախսվել է հարկեր ու աշխատավարձ վճարելու համար։ Այսինքն լոքդաունի շրջանում և դրանից հետո խոր ճգնաժամի մեջ հայտնված ընկերություններին ստիպել են նոր վարկեր վերցնել ու հարկեր վճարել՝ հարկային արձակուրդների յուրաժամանակ հայտարարման փոխարեն։

Իսկ ամենազավեշտալին, որ բանավեճի թեժ պահին բարբաջեց Փաշինյանը, գիտե՞ք որն էր։ Պարզվում է, որ վարչապետն իր խորը կառուցվածքային բարեփոխումներով այնպես էր վախեցրել Ադրբեջանին, որ վերջինս միանգամից պատերազմ սկսեց։ Եվ, պետք է ասել, հաղթեց։ Մասնավորապես, Ալիևին վախեցրել է «2019 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի Եվրոպայում ամենաբարձր՝ 7,6% աճը»: Կցանկանայինք հիշեցնել մոռացկոտ մանկուրտներին, որ Հայաստանում տնտեսական աճը փաշինյանական թայֆայի իշխանության գալուն անմիջականորեն նախորդած 2017 թվականին կազմել է 7,5%, և դա վերջին 10 տարիներին արձանագրված աճի ամենաբարձր ցուցանիշն էր։ Ինչո՞ւ Ալիևը պատերազմ չսկսեց այն ժամանակ և մի՞թե սկսելու համար նրան պակասում էր վերջին կաթիլը՝ մեկ տասներորդական տոկոսը։ Ծիծաղելի կլիներ, եթե այսչափ տխուր չլիներ։

Մեկ անձի մեջ ամփոփված վարչապետ-թերուսն ու վարչապետ-ձախողակը կրկին հերթական գյուտն արեց իր համար։ Պարզվեց, որ Հայաստանում կա նավթին համարժեք ինչ-որ բան. ջուրը և պղինձը։ Բրա՛վո։ Փաշինյանը, որը գալով իշխանության՝ ամեն կերպ ճնշում էր գործադրում հանքարդյունաբերության նկատմամբ, այսօր, չունենալով ավելի լավ տարբերակ, գնալով ավելի հաճախ է իր հույսի հայացքն ուղղում հենց այդ «կեղտոտ» ոլորտին։ Մասնավորապես, նա հիշատակում է պղնձաձուլական գործարանի կառուցման ծրագիրը, որը, հարկ է նշել, 15 տարվա վաղեմություն ունի, և որը թույլ կտա ավելի խորը վերամշակել մետաղական օգտակար հանածոները՝ ավելի բարձր ավելացված արժեքով:

Կրկին ցանկություն է առաջանում հարցնել վայ-վարչապետին. իսկ ի՞նչ է արվել այդ ուղղությամբ գրեթե 3 տարվա ընթացքում։ Առ այսօր միակ բանը, ինչին ականատես ենք եղել, Ալավերդու պղնձաձուլարանի փակումն էր, ինչի արդյունքում Հայաստանը, հակառակը, հետ գլորվեց չզտված (չռաֆինացված) պղնձի արտադրությունից դեպի պղնձի խտանյութ։

Եվ, ի դեպ, խոսելով այդ խոշոր արդյունաբերական նախագծի մասին, վարչապետը մի քանի անգամ հիշատակում է տարածաշրջանային տրանսպորտային-լոգիստիկ հաղորդակցության ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Իբր՝ պղնձի արտադրության ընթացքում գոյանում է ծծմբաթթվի մեծ քանակություն և անհրաժեշտ է երկաթուղային տրանսպորտ՝ երկրից դա արտահանելու համար։ Մեկ անգամ ևս հուշում ենք վարչապետին. մեր ծծմբաթթուն աշխարհում ոչ մեկին պետք չէ, և հենց նույն Չինաստանը բաժանում է դա բոլոր ցանկացողներին, անվճար։ Ընդ որում վարչապետը մի քանի անգամ կրկնեց, որ ինքը ինտուիցիայով զգում է, որ Ադրբեջանը տրամադրված չէ ապաշրջափակել հաղորդակցության ուղիները։ Ի՜նչ էինք անելու առանց նրա ինտուիցիայի։

Основная тема:
Теги: