Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Տարբեր գնահատականներով, Հայաստանը որպես պետություն այսօր դադարել է գոյություն ունենալ կամ կանգնած է այդ ազգային ողբերգության շեմին։ Տարբեր գնահատականներով, երեք տարվա ընթացքում թավշե իշխանությունը փլուզել է երկիրը հիմնահատակ կամ գրեթե հիմնահատակ, բայց կա ինչ-որ բան փրկելու, վերականգնման ու վերածննդի փուլ մտնելու հնարավորություն։ Տարբեր գնահատականներով, վերջնական կործանումից երկիրը հնարավոր է փրկել արտահերթ ընտրությունների միջոցով, կամ «փողոցի» ճնշման բողոքի միջոցների օգնությամբ հասնել կապիտուլյանտների, իսկ գուցե դավաճանների, և կամ թշնամիների գործող թիմի անհապաղ հեռացմանն իշխանության ղեկից։
Այսպես թե այնպես, ողջամիտ մարդիկ գիտակցում են աղետի մասշտաբները, և յուրաքանչյուրն իր տեսակետն ունի հայոց պետության փրկության և պահպանման ճանապարհի առնչությամբ։ Բայց առկա բոլոր վարկածներում, թերևս, բացակայում են գլխավոր գործոնները, ավելի ճիշտ՝ հարցերը. իսկապես ձգտո՞ւմ է արդյոք արդի հայ հասարակությունը պահպանել պետությունը, գոյություն ունի՞ փրկարարական գործողության ինչ-որ տարբերակների հասարակական պահանջ։ Անձամբ ես կարծում եմ՝ դժվար թե։ Ավաղ...
Անցած տարվա նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ այն, ինչն անհնար է անվանել որևէ այլ կերպ, քան մեզ պատուհասած ազգային աղետ։ Եվ ի՞նչ։ Ինչպիսի՞ն էր հասարակության արձագանքը։ Արդեն վեցերորդ ամիսն է, ինչ կապիտուլյանտները, իսկ գուցե դավաճանները, և կամ թշնամիները (ավելի ճիշտ՝ այդ ամենը միասին վերցված) շարունակում են մնալ իշխանության ղեկին, չդադարելով կապիտուլյացիայի ենթարկվել ու դավաճանել, փլուզել ու ոչնչացնել արդեն փլատակների վերածված պետությունը։ Արդեն վեցերորդ ամիսն է, ինչ հասարակությունը հետևում է այս անթաքույց գործընթացին և... հանդուրժում։ Այստեղ պետք է առանձնահատուկ նշել նրանց դերը, ովքեր հանձն առան երկիրը փրկելու առաքելությունը։ Հանձն առան ու շռնդալից տապալեցին։ Խոսքն այն բոլոր քաղաքական գործիչների և կուսակցությունների մասին է, որոնք բարձրագոչ անվանեցին իրենց Հայրենիքի փրկության շարժում։
Այդ ի՞նչ փրկարարական գործողություն է, որը ձգվում է արդեն վեց ամիս շարունակ։ Այդ ի՞նչ անպատասխանատվություն է. հանձն առնել, ինչպես պարզվեց, անիրագործելի առաքելություն, ձախողել այն, իսկ հետո ձախողման համար մեղադրել մերթ քաղաքացիներին, մերթ զինվորականներին։ Այո, և՛ առաջինների, և՛ երկրորդների նկատմամբ դժգոհություններ կան։ Բայց ակնհայտ է, որ անխտիր բոլոր գործիչներն ու քաղաքական կուսակցությունները, որոնք միավորվել են հիշյալ Շարժման մեջ, չնչին իսկ հնարավորություն չունեն հետագայում որևէ կարևոր դերակատարում ունենալու Հայաստանի վաղվա օրվա մեջ։ Եվ կարևոր չէ՝ նրանց չբավականացրեցին ուղեղը, ուժերը, ոգին, թե՞ հավակնությունները խեղդեցին։
Այստեղ, թերևս, կարևոր է մեկ բան. հայտարարեցին, որ երկիրը ղեկավարում են թշնամիները (կամ դավաճանները), հայտարարեցին, որ կանեն ամեն ինչ, որպեսզի հեռացնեն թշնամիներին։ Չհեռացրեցին, չկարողացան։ Մինչդեռ Հայաստանը կանգնած է շատ ավելի լուրջ մարտահրավերների առջև, քան Փաշինյանի իշխանությունն է։ Եվ եթե միավորված ընդդիմությունն այս հակառակորդի դեմ պայքարում անզոր գտնվեց, ապա ինչպե՞ս կարելի է ընդհանրապես նրան և մասնավորապես նրա մասնակիցներից յուրաքանչյուրին վստահել դիմակայումն այնպիսի լուրջ արտաքին սպառնալիքների, ինչպիսիք են Ալիևը, Էրդողանը, Մի-6-ը, Սորոսի հիմնադրամը, չենք խոսում արդեն Հայաստանի դեմ գործող մի ամբողջ շարք, մեղմ ասած, չարակամների մասին։
Թեպետ, վերադառնանք հանրությանը՝ ընդհանրապես վերցրած, ավելի կոնկրետ՝ պետության փրկության հասարակական պահանջի բացակայությանը։ Ահա ուրեմն, չեն կարող մարդիկ անկեղծորեն ցանկանալ այդ փրկությունը, երբ ամբողջ երեք տարի շարունակ ամեն օր ականատես են, թե ինչպես են բարբարոսական եռանդով փլուզում պետական բոլոր ինստիտուտները, բայց ընդ որում ոմանք աջակցում են այդ գործընթացին, մյուսները անտարբեր են, ոմանք էլ տարածում են ձեռքերն ու դատապարտում: Չի կարող պետությունը պահպանելու անկեղծ ցանկություն ունենալ այն հասարակությունը, որը կուլ տվեց ու մարսեց դատարանների արգելափակումը, պետական գումարների ցինիկ շռայլումը պարգևավճարների վրա, պետության դեմ ուղղված ամենաիսկական վնասարարությունը՝ կառավարման գործող համակարգի և կադրային քաղաքականության տեսքով։ Չի կարող պետության պահպանման անկեղծ ցանկություն ունենալ այն հասարակությունը, որը կուլ տվեց, մարսեց բանակի մեթոդական փլուզումը և սեփական անվտանգության առավելագույն թուլացումը...
2018-ի գարնանից Հայաստանը՝ որպես պետություն, քանդում են ներսից։ Ամբողջ երեք տարի հայ հասարակությունը նայում է այդ ամենին ու շարունակում ապրել։ Եվ այստեղ հարց է առաջանում. գիտակցո՞ւմ ենք արդյոք մենք ընդհանրապես պետականության արժեքը, որքանո՞վ է այն պահանջված մեր հասարակության կողմից։ Այն հասարակության, որը նույնիսկ նոյեմբերի 10-ից հետո ի զորու չեղավ կանխել երկրի կորստի գործընթացը... Եվ դեռ հարց է. արժանի՞ է արդյոք այդպիսի հասարակությունն ունենալու իր պետությունը, եթե չի կարող պաշտպանել այն ներքին թշնամիներից, դավաճաններից ու կապիտուլյանտներից։