ԵՐԿՈՒ ՀԱՐՑ ԱԱԾ-ԻՆ. Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԷՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԱՔՎԻՑ ՓՈԽԱՆՑՎԱԾ 211 մլն ԴՈԼԱՐԸ 2018թ.-ին։ ԵՎ ՓՈԽԱՆՑՎԵ՞Լ Է ԱՐԴՅՈՔ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ 130 մլն ԴՈԼԱՐ

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը ապրիլի 12-ին Փաստինֆոյի հետ հարցազրույցում հայտարարեց, որ «Թուրքիան և Ադրբեջանը արդեն 130 մլն դոլար են ներդրել Հայաստանում, որպեսզի Նիկոլի թիմը նորից հաղթի սպասվող ընտրություններում»: Ոչ մի փոթորիկ չբարձրացավ, մամուլն ու սոցցանցերը չպայթեցին, հասարակությունը շոկ չապրեց, իշխանությունները չհերքեցին. սենսացիան կորավ այլ հաղորդագրությունների ծովում, մեծ հաշվով մնալով աննկատ։ Մենք վարժվում ենք ցնցող հայտարարություններին, կորցնելով իմունիտետը և այլևս չարձագանքելով չափազանց կարևոր ու նշանակալի տեղեկատվությանը (կամ ապատեղեկատվությանը). դա ակնհայտ է։ Եվ առավելևս վտանգավոր է այն, որ ծայրահեղ վտանգավոր այդ անտարբերությունը ձևավորվում է գիտակցաբար, միտումնավոր և մեզանից անկախ։

Մյուս կողմից, մեր երկրի բարձրագույն ղեկավարության միջոցով Հայաստանի իրավիճակի վրա թուրքական տանդեմի անմիջական ազդեցության փաստն արդեն վեր է որևէ կասկածից: Եվ այն հանգամանքը, որ Էրդողանի ու Ալիևի համար չափազանց կարևոր է պահել Փաշինյանին իշխանության ղեկին, որպեսզի ավարտին հասցնեն Հայաստանի փաստացի զավթման իրենց ծրագրերը, նույնպես ընկալվում է որպես ինքնին հասկանալի։ Մանավանդ որ նախադեպը ստեղծվել է, ինչպես պարզվում է, դեռևս 2017-2018 թթ., երբ Ադրբեջանից ՀՀ է փոխանցվել համապատասխանաբար 7 մլն և 211 մլն դոլար, ինչը պաշտոնապես արձանագրվել է Համաշխարհային բանկի զեկույցում։ Այդ փաստը հնչեցվեց Ազգային ժողովի ամբիոնից, սակայն չգրավեց ո՛չ իրավապահ կառույցների, ո՛չ էլ երկրի ու նրա քաղաքացիների ազգային անվտանգությունը պաշտպանելու կոչված ծառայության ուշադրությունը։

Այդ պատմության մասին «ԳԱ»-ն գրել է մարտի 26-ին, ուստի համառոտ հիշեցնենք գործի էությունը: Մարտի 23-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հայտարարեց, որ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար, և այդ տեղեկատվությունն առկա էր Համաշխարհային բանկի 2019 թվականի զեկույցում: Իր կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանից մեկ տարի առաջ Բաքվից Հայաստան է փոխանցվել 7 մլն դոլար։ Ի պատասխան Եղիազարյանի հարցմանը՝ ՀՀ ԿԲ-ն և ՀԲ-ն ինչ-որ անհեթեթ պատասխաններ էին տվել, որից հետո այդ տվյալները խորհրդավոր կերպով անհետացել էին Համաշխարհային բանկի կայքից։ Ենթադրելով, որ ներկայացված տեղեկատվությունը կհետաքրքրի Ազգային անվտանգության ծառայությանը, պատգամավորը պատրաստակամություն հայտնեց տրամադրել իր հավաքած ողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ պահպանած սքրինշոթները:

Եվ ահա օրերս պարզվեց, որ ԱԱԾն սենսացիոն տեղեկատվությունը չի հետաքրքրում. «բացարձակապես» իմաստով։ «Օրեր առաջ ըստ Համաշխարհային Բանկի հաշվետվության՝ 2018թ-ին Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլար փոխանցման մանրամասների բացահայտման և պարզաբանման ակնկալիքով դիմել էի ՀՀ ԱԱԾ-ին։ Այսօր ստացա ԱԱԾ-ի պատասխանը, որով փաստացի հայտնում են, որ իրենք այդտեղ անելիք չունեն...Առնվազն տարօրինակ է թշնամական երկրից ՀՀ առերևույթ գումար փոխանցվելու փաստի նկատմամբ նման անտարբեր մոտեցումը»,- գրել է Արմեն Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում ՝ հրապարակելով ԱԱԾ-ի պատասխանը։

Տնօրեն Աբազյանի ստորագրությամբ այդ նամակում ասվում է, որ ծառայությունը տվյալներ չի ստացել այդ փոխանցումների վերաբերյալ, իսկ մանրամասն պարզաբանումների համար պատգամավորին առաջարկում են դիմել ՀՀ կենտրոնական բանկ: Ուր, կրկնեմ, Եղիազարյանն արդեն դիմել է և ստացել բացարձակ անհեթեթ պատասխան, թե իբր՝ այդ ֆինանսական շարժերը կապված են ... միգրանտների հոսքերի հետ։ 2017-2018թթ. Հայաստանի և Ադրբեջանի միջև միգրացիոն հոսքերի, հասկանո՞ւմ եք:

Արձանագրում ենք. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը չի հետաքրքրում, թե ում և ինչի համար է թշնամական պետությունից փոխանցվել և ինչի վրա է ծախսվել ահռելի գումարը։ Չի հետաքրքրում, թեև նախկինում՝ մինչև 2017 թվականը, նման փոխանցումներ ընդհանրապես չեն եղել։ Չի հետաքրքրում, որ մեկ տարվա ընթացքում գումարն աճել է ավելի քան 30 անգամ, և դա հենց «թավշե հեղափոխության» ու երկու ընտրարշավների տարին էր. Երևանի քաղաքապետի և Հայաստանի խորհրդարանի։ Չի հետաքրքրում նույնիսկ այն համատեքստում, որ Իլհամ Ալիևը դեռևս 3 տարի առաջ պարծենալով հաստատեց սեփական միջամտության փաստը մեր երկրում իրականացված իշխանափոխության գործընթացին։ Եվ ԱԱԾ-ն ուղղակի պարտավոր էր դեռ այն ժամանակ՝ 2018-ի հունիսին հետաքրքրվել, թե այդ ինչ միջամտություն էր, ինչով էր դա դրսևորվում, և պետության համար շատ կարևոր այլ հարցերով

Ո՛չ 2018-ի հունիսին, ո՛չ էլ 2021-ի մարտին՝ Հայաստանի և Արցախի համար արյունահեղ ու աղետալի պատերազմից հետո, երբ հայտնի դարձավ ՀՀ փոխանցված միլիոնավոր դոլարների մասին, ԱԱԾն դա չհետաքրքրեց։ Մի գրամ անգամ, մի կաթիլ անգամ, նշույլ անգամ չի հետաքրքրում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը, թե ում և ինչի համար է միլիոնավոր դոլարներ մատակարարում թշնամին։ Նրանք լոկ հայտնում են պատգամավորին, որ նման տվյալներ չունեն, թեև պետք է հակառակը լիներ. հենց իրենք՝ ԱԱԾ աշխատակիցները պետք է դեռևս 2019-ի հոկտեմբերին, ՀԲ-ի հաշվետվության հրապարակվելուն պես, արձանագրեին այդ տվյալները և անմիջապես սկսեին, մեղմ ասած՝ չափազանց տարօրինակ փաստի հետաքննությունը։

Ընդգծենք. պաշտոնական փաստի, հաստատված միջազգային ֆինանսական խոշորագույն կազմակերպության կողմից, որը պատգամավորի հարցումից հետո հանկարծ հեռացնում է այդ տվյալներն իր կայքից: Թե ինչու՝ ԱԱԾն դա էլ չհետաքրքրեց, թեև փաստն առավել քան մտահոգիչ է, եթե հաշվի առնենք համաշխարհային ֆինանսական կառույցների սերտ կապը քաղաքական կառույցների հետ։

Տարօրինակ և մտահոգիչ փաստերի այս ողջ հավաքածուից բխում է լոկ մեկ եզրակացություն. ԱԱԾ-ն գերազանց գիտի, որ այդ գումարները հասցեագրված են եղել Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին և նախատեսված քաղաքական այն ուժի իշխանության գալու համար, որը գործելու է ի նպաստ ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի և Ադրբեջանի շահերի։ Հենց այդ պատճառով էլ ԱԱԾ-ն չի հետաքննում այդ փաստերը. ԱԱԾ-ն տեղյակ է մեր երկրում իշխանափոխության գործընթացին Ալիևի միջամտության էության ու նպատակի մասին։ Իսկ քանի որ ԱԱԾ-ն վաղուց վերածվել է ոչ թե ազգային, այլ Փաշինյանի ու իր թիմի անձնական շահերը սպասարկող կազմակերպության, ապա կարելի է եզրակացնել, որ բուն ԱԱԾ-ն էլ այսօր աշխատում է ոչ թե Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, այլ իշխանությունների հետ համատեղ սպասարկում Թուրքիայի շահերը։

Հենց այդ պատճառով էլ ԱԱԾն չհետաքրքրեց Իսագուլյանի հայտարարությունը արդեն այս տարի հատկացված 130 միլիոնի մասին։ Նրանք նույնիսկ չեն հերքում այդ տեղեկությունները։ Այսինքն պետք է արդեն որպես իրողություն, որպես փաստ ընդունել այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները ֆինանսավորվում են թշնամիների կողմից, դրանից բխող բոլոր հետևություններով ու հետևանքներով։

Եթե դա այդպես չէ, թող ԱԱԾ-ն հերքի և բացատրի հասարակայնությանը, թե ում և ինչի համար են փոխանցվել հարյուր միլիոնավոր դոլարները 2018-ին։ Մենք միայն ուրախ կլինենք ներողություն խնդրել մեր հատուկ ծառայություններից, որ կասկածի տակ ենք առել նրանց պրոֆեսիոնալիզմը և պարտականությունների բարեխիղճ կատարումը պետության, այլ ոչ թե Նիկոլի առջև։