Չփորձեք մեր երկրում ատելության մթնոլորտ ավելացնել․ ՄԻՊ-ը զգուշացնում է պաշտոնյաներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը որոշ պաշտոնյաների «անօրինական, ձևախեղված հանրային վարքի կապակցությամբ» դիմել է իրավապահ մարմիններին։ Տեղեկությունը նշված է ՄԻՊ Facebook-ի պաշտոնական էջում։

Դատախազությանը, Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանն ուղղված հաղորդումներով պաշտպանը բարձրացրել է այն պաշտոնյաների հարցը, որոնք սոցիալական ցանցերում հրապարակումներ են անում, «սակայն չեն հեռացնում դրանց ներքո ծավալվող՝ վիրավորանք ու ատելություն պարունակող, բռնությունն արդարացնող, խրախուսող կամ բռնության կոչ պարունակող գրառումները» կամ էլ երբ պաշտոնյաներն են հրապարակայնորեն «կիսվում» կամ «հավանում» նման գրառումները:

Պաշտպանի դիրքորոշմամբ՝ նման պաշտոնյաների արարքները պետք է դիտվեն ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) սահմանված քրեական պատասխանատվության ներքո:

«Ցավոք, մեր երկրում կան պաշտոնյաներ, որոնք ձևախեղված պատկերացումներ ունեն իրենց կարգավիճակի վերաբերյալ, չունեն հանրային պատասխանատվություն իրենց զբաղեցրած պետական պաշտոնի նկատմամբ և զբաղված են անօրինական արարքներ կատարելով: Խոսքը պաշտոն զբաղեցնող այն անձանց մասին է, որոնք իրենց սոցիալական ցանցերի գրառումներով տարածում են ատելություն, հայհոյում են մարդկանց, հրապարակայնորեն արդարացնում կամ խրախուսում են բռնությունը»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։

Պաշտպանը շեշտում է՝ սոցիալական ցանցերում լարվածությունը հասել է վտանգավոր չափերի՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած ճգնաժամային իրավիճակները, էմոցիոնալ լարվածությունը: Նրա պնդմամբ՝ նման իրավիճակում պետության ուղիղ պարտավորությունն է այս ամենը կանխելը, համերաշխության ու խաղաղության մթնոլորտ երաշխավորելը, մինչդեռ որոշ պաշտոնյաներ անում են ճիշտ հակառակն ու ավելացնում լարվածությունն ու ագրեսիվությունը։

Թաթոյանը շեշտում է՝ որոշ պաշտոնյաների կողմից արվող գրառումները խախտում են քաղաքացիների իրավունքները, խարխլում երկրում մարդու իրավունքների համակարգը։

«Նման անօրինական վարքի տեր պաշտոնյաներին խիստ զգուշացնում եմ` չփորձեն ատելության, բռնությունն արդարացնող կամ խրախուսող իրենց գրառումներով լարվածության մթնոլորտ ավելացնել մեր երկրում: Այս հարցերի նկատմամբ լինելու եմ հետևողական»,- ընդգծում է պաշտպանը։

Հայտարարության մեջ նաև նշված է, որ ՄԻՊ-ը ևս մեկ հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ «Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունների իրականացման կապակցությամբ վիրավորանք հասցնելու և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար»։ Դատախազություն են ներկայացվել քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ հիմքեր, տեղեկացնում է Sputnik Armenia: