Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՄԵՆՔ ԻՋԵԼ ԵՆՔ ԲՌՆԱԿԱԼԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼԻ, ԸՍՏ ԾԵՐՈՒԿ ՊԼԱՏՈՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Վերջին տարիներին Հայաստանի քաղաքական դիսկուրսի հիմնական թեման արդար հասարակության ստեղծումն է եղել, մի կողմ թողնելով Արցախի, և հետևապես Սյունիքի հարցը:

«Նախկինների-ներկաների» դիսկուրսի հիմքում, եթե մի կողմ թողնենք դրանց հետ փոխկապակցված հույզերն ու հուզմունքները, ընկած է հենց արդարության գաղափարը, միայն այն տարբերությամբ, որ քննարկվում են ոչ թե գաղափարներն ու դրանց իրականացման խնդիրներն, այլ անձերը՝ ո՞վ է լավը, ո՞վ է վատը, առանց որևէ չափանիշների հիշատակման։ Իսկ ինչ ռեժիմ էր Հայաստանում մինչև 2018-ը ու ինչ ռեժիմ հիմա ունենք, ոչ ոք չի քննարկում։

Ծերուկ Պլատոնը, դեռևս 2 500 տարի առաջ, ռեժիմները 5 տեսակի էր բաժանել

1 Արիստոկրատիայի իշխանություն, երբ լավագույներն ու իմաստուններն արդարորեն կառավարում են երկիրը,

2 Տիմոկրատիա, առաջինի համեմատ ավելի անարդար իշխանություն է, երբ կառավարում է այն փոքրամասնությունը, որը այնքան էլ արդար չի, սակայն ունակ է վերցնել իշխանությունը, այսինքն այդ խմբի անձնական շահերն ավելի առաջնային են, քան ընդհանուրի շահերը,

3 Օլիգարխիա, նախորդներից ավելի վատ իշխանություն։ Իշխում են հարուստներն, իսկ աղքատները ենթարկվում են, այսինքն իշխանության հիմքում դրված է նյութական կարողության տիրապետության սկզբունքը,

4 Դեմոկրատիա, սա, ըստ Պալատոնի նախորդ երեք ձևերի համեմատ ավելի վատ կառավարման ձև է (ես անձամբ այս դավադիր մտքի հետ կապ չունեմ, իմ վրա չքշեք) ։ Դեմոկրատիան, ըստ Պլատոնի (sic!) բոլոր տղամարդկանց հավասարության վրա հիմնված կառավարման մոդելն է, առանց հաշվի առնելու նրանց որակներն ու գիտելիքները,

5 Բռնակալությունը՝ Տիրանիան, ամենավատ ու անարդար կառավարման մոդելն է։ Ըստ Պլատոնի, բռնակալությունն արիստոկրատական փոքրամասնության դեմ ուղղված կառավարման ձև է, որին աջակցում է դեմոկրատական մեծամասնությունը։ Ծերուկը համարում էր, որ բռնակալն ամենադժբախտ անձնավորությունն է քանի որ մյուսներին արգելում է ինքնուրույն ու բանական լինել, և իր բանականությունն օգտագործում է միմիայն մյուսների բանականությունը ճնշելու համար։Պլատոնը համարում է, որ դեմոկրատիան մեծամասնության իշխանությունն է ըսդդեմ փոքրամասնության և կասկած էր հայտնում այդ մեծամասնության գիտելիքների ու առաքինության աստիճանի հանդեպ։

Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի։ Նորից եմ շեշտում, ըստ Ծերուկի գնահատականի»։

Panorama.am