ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՊԱՐԶՈՒՄ ԵՎ ՄԱՆՐ ՀԱՇՎԵՊԱՐԶՈՒՄՆԵՐ

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դիմել է ԱԺ նախագահին, երեք խմբակցությունների ղեկավարներին, ինչպես նաև պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահին՝ կոչ անելով ստեղծել Ղարաբաղում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, հայտնում է Sputnik Արմենիան:

ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԴՐԴԵԼ ԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԱՅԴՊԻՍԻ խնդրանքով դիմել նշյալ ատյաններին, հետևյալն են. մշտական շահարկումներ պատերազմի թեմայով, ռազմական և պետական գաղտնիք բովանդակող տվյալների, ելույթների սղագրությունների հանրայնացում Անվտանգության խորհրդի կողմից։ Հայտարարության մեջ ասվում է, որ մարտական գործողություններին հաջորդած հինգ ամիսների ընթացքում բնակչության տարբեր շերտերի մոտ հարցեր են կուտակվել պատերազմից առաջ, դրա ընթացքում և հետո տեղի ունեցած իրադարձությունների, Հայաստանի և Ղարաբաղի զինված ուժերի, ինչպես նաև պետական կառավարման մարմինների կողմից ընդունված որոշումների և գործողությունների վերաբերյալ:

«Այս ամենն իրական սպառանալիք է դարձել մեր ազգային անվտանգության համար, խարխլում է մեր հանրային համերաշխությունը, բարոյալքում է մեր զինված ուժերը և, որպես հետևանք, խոցելի է դարձնում մեր պետությունը` թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը ողջ այս ընթացքում առավելագույն զսպվածություն է դրսևորել այս հարցում, խուսափել է որևէ կերպ հանրայնացնել պատերազմին վերաբերող և պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը»,- նշվում է գեներալի ուղերձում:

Սակայն վերջին օրերին հաճախակի դարձած շահարկումները, պետական և քաղաքական որոշ գործիչների անպատասխանատու հայտարարություններն ու գաղտնի տեղեկատվության հանրայնացումը անհրաժեշտ են դարձնում 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների հետաքննության գործընթացի կանոնակարգումը։ Այդ նպատակով Օնիկ Գասպարյանը կոչ է անում ձևավորել խորհրդարանական հանձնաժողով՝ տվյալ խնդիրը լուծելու համար։ Նա համոզված է, որ դրա ստեղծումը թույլ կտա բացահայտել պատերազմի բոլոր հիմնական հանգամանքները, կարևոր դասեր քաղել անցյալից՝ հետագա հնարավոր պատերազմներին ավելի լավ նախապատրաստվելու, ինչպես նաև հասարակական մթնոլորտը լիցքաթափելու նպատակով:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թեման, իհարկե, լուրջ է, բայց այդուհանդերձ գեներալի «միամտությունը» բավական զվարճալի է։ Գասպարյանը կոչով դիմում է հենց նրանց, ովքեր բառացիորեն օրերս, «զգաստ» դիրքով կանգնած, ստորաքարշության նոպայի մեջ ծափահարում էին այն անձին, ում դեմ ինքը (Գասպարյանը) հանդես է գալիս արդեն մի քանի ամիս շարունակ։ Գասպարյանը շահարկումներից, մանիպուլյացիաներից և կեղծիքներից գանգատվում է նրանց, ում շահարկումները, մանիպուլյացիաներն ու կեղծիքները դրդել են իրեն հանդես գալ նման հայտարարությամբ։ Այո, աբսուրդ է։ Այո, ծիծաղելի է ։ Բայց այնուամենայնիվ գեներալին վայել գործ չէ մարդկանց ծիծաղեցնելը։ Մենք դրա համար ունենք կառավարություն, ունենք այդ կառավարության ղեկավար, ունենք ավելի քան 80 «ուսապարկեր» և նրանց կարեկցող մի փունջ ծաղրածուներն ու խեղկատակներն էլ վրադիր…

Այժմ, ինչպես ասում են, անցնենք խնդրի բուն էությանը։ Առհասարակ, այսպես կոչված, հանգամանքների պարզումը մի ընթացակարգ է, որը գործնականում պարտադիր հաջորդում է ցանկացած միջադեպի, արտակարգ պատահարի: Այդօրինակ յուրաքանչյուր իրադարձություն պահանջում է կատարվածի վերլուծություն, գնահատում և, իհարկե, եզրահանգումներ։ Գոնե կազմակերպչական հետևություններ։ Պարզապես ապշեցուցիչ է, որ այնպիսի իրադարձությունը, ինչպիսին 44-օրյա պատերազմն է, դրա պատճառներն ու հետևանքները առ այսօրս չեն ենթարկվել նման վերլուծության։ Պարզապես ապշեցուցիչ է, որ իրենց իշխանություն համարող մարդիկ հենց իրենք չեն նախաձեռնել համապատասխան հանձնաժողովի ստեղծումը, ինչպես որ, ի դեպ, ահռելի եռանդով արեցին դա 2016-ի Ապրիլյան պատերազմի առնչությամբ։ Օնիկ Գասպարյանն իր հայտարարության մեջ հավաստիացնում է, թե 5 ամսում հասարակության մոտ կուտակվել են պատերազմի հանգամանքների հետ կապված հարցեր։ Խորամանկում է գեներալը. հարցերը բնավ չեն կուտակվել 5 ամսվա ընթացքում, այլ առաջացել են 5 ամիս առաջ։ Ընդ որում՝ հասցեագրված և՛ իրեն, և՛ իբր գլխավոր հրամանատարին, և՛ այն ժամանակվա իբր պաշտպանության նախարարին։ Այս և տասնյակ այլ պաշտոնյաներ ու սպաներ անմիջական պատասխանատվություն են կրում հազարավոր հայ մարտիկների մահվան համար։ Բայց ի՞նչ ստացվեց արդյունքում։ Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց և ինքնաբերաբար խուսափեց պատժից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը կատարվածի գլխավոր պատասխանատուն է, բայց ոչ գլխավոր մեղավորը։ Նույնպես մնաց անպատիժ, նույնիսկ պատասխանատու չդարձավ և ընդհանրապես սկսեց գովազդել իրեն իբրև տասնյակ հազարավոր կյանքեր փրկած հերոսի։ Օնիկ Գասպարյանն այսօր (լոկ ամիսներ անց) պահանջում է քննել պատերազմի հանգամանքները, ընդ որում իր ընդդիմախոսների հետ մեկտեղ վերածում է հանգամանքների այդ պարզումը բակային հաշվեպարզումների։ Այո, գեներալը, ըստ երևույթին, մտավախություն ունի, որ եթե նշյալ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունն իրենից չբխի, ապա այդ դեպքում իրեն սպասում է երկրորդական մեղավորներից մեկի դերը։ Վատթարագույն դեպքում՝ քավության միակ նոխազի։ Ահա և որոշել է նման ընթացքի «դեմն առնել»։ Հիշեցնեմ, որ ինքը՝ Գասպարյանն այսօր խոսում է այն մասին, որ դեռ սեպտեմբերի 30-ին զգուշացրել է ղեկավարությանը, որ պատերազմը պետք է դադարեցնել, որ ռազմաճակատում մեր գործերը վատն են։ Եվ այդուհանդերձ պատերազմի մեկուկես ամսվա ընթացլում և պատերազմից հետո մի քանի ամիս շարունակ լուռ կատարում էր իր պետի խելագար հրամանները։ Մինչ «Իսկանդերների» հետ կապված պատմությունը, մինչ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնազրկումը հումորի զգացումի առկայության համար, Գասպարյանը, ըստ էության, հանդուրժում էր։ Հանդուրժում ու նայում, թե ինչպես են մարդիկ զոհվում, ինչպես է ստորագրվում կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Այդ ամենը բնավ չէր դառնում գեներալի համբերության բաժակի վերջին կաթիլը, չէր ստիպում նրան հանձնաժողովի ստեղծում նախաձեռնել։ Բայց հենց բանը հասավ նրան, որ իշխանությունները սկսեցին մեղադրել իրեն (մասնավորապես՝ ստախոսության մեջ), միայն այդժամ գեներալը չդիմացավ

Հայաստանի համար սարսափելի, խայտառակ պատերազմի հանգամանքների վերլուծությունն, իհարկե, անխուսափելի է։ Բայց նախ, կրկնեմ, խոսքը ազգային ողբերգության հանգամանքները պարզելու մասին է, այլ ոչ թե մանր մարդկանց մանր հաշվեպարզումների։ Երկրորդ, այսօր Հայաստանում ոչ ոք, առավելևս թավիշի և կապիտուլյացիայի հետ կապված անձինք բարոյական իրավունք չունեն քննարկելու, վերլուծելու և գնահատականներ տալու։ Այո, կա գլխավոր պատասխանատուն, նույն ինքը՝ գլխավոր մեղավորը։ Բայց, իր հանցակիցներին դա չի ազատում հազարավոր զոհերի, հազարավոր խեղված ճակատագրերի, տարածքային հսկայական կորուստների մեղքից։ Այնպես որ հանգամանքների վերլուծությունը պետք է հետաձգել այնքան ժամանակ, մինչև որ իշխանության գան օբյեկտիվ և համարժեք գնահատականներ տալու ունակ ուժեր։