Ամբողջ գիշեր ապօրինի ձերբակալություններ են եղել. Նիկոլն ուզում է Սյունիքին «իմպոտենտ» դարձնել, իրեն դա չի հաջողվելու. Վահե Հակոբյան

Ամբողջ գիշեր Սյունիքում եղել են ապօրինի ձերբակալումներ, բերումներ, մոտ 20-ից ավելի մարդ է բերման ենթարկել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Բոլորին տեղափոխում են Երևան։ Մեծ մասին անհայտ ուղղությամբ են տարել, թույլ չեն տվել ո՛չ փաստաբանի հետ կապ հաստատել, ո՛չ որևէ այլ անձնավորության», - ասաց Վահե Հակոբյանը։

Նշենք, որ Սյունիքում նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո իրավապահ մարմիններին հրահանգ էր տրվել կոշտ ձևով արձագանքել, «կտրուկ ու հատուկ գործողություններով այդ հարցը լուծել»։

Գիշերվա ընթացքում բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ բերման են ենթարկել Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին։

Aysor.am-ի հետ զրույցում Վահե Հակոբյանն ասաց, որ Մեղրիի քաղաքապետին, ենթադրաբար, տանելու են Քննչական կոմիտե։

«Մխիթար Զաքարյանին փորձելու են երկու ամսով կալանավորել։ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին էլ են տարել, նույնիսկ տեղը չգիտենք։ Մտել են մարդկանց տներ և գիշերով տարել, գործողություններին մասնակցել են ԱԱԾ-ն և ոստիկանությունը՝ հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ», - ասաց Հակոբյանը։

Մեղրիի քաղաքապետի հետ տեղի ունեցածը, Վահե Հակոբյանի գնահատմամբ, քաղաքական ռեպրեսիա է։

«Ընդ որում՝ շատ կոպիտ ու անգրագետ», - ընդգծեց նա:

Վահե Հակոբյանը պնդում է՝ այս ամենն իր դեմ է ուղղված։

«Հիմա իրենք իրենց կարճ խելքով մտածում են, որ ինձ ոչ մի մեղադրանք չեն կարող առաջադրել, մարդկանց են բերման ենթարկում 3 տարի շարունակ՝ հույս ունենալով, որ իմ դեմ ցուցմունք կտան, ինչի հիման վրա էլ ինձ կկալանավորեն։ Եթե ինձ փորձեն ձերբակալել, դա իրենց կյանքում ոչինչ չի փոխի, ոչ էլ՝ իմ», - ասաց Հակոբյանը:

Դիտարկմանը, թե գուցե առաջիկայում սպասվող ընտրություններն են պատճառը, և այսպիսիով փորձում են իրեն լռեցնել, Վահե Հակոբյանն արձագանքեց.

«Նիկոլն ուզում է այնպես անել, որ Սյունիքը «իմպոտենտ» դառնա, ինչի հետևանքով ինքը շանս կունենա ընտրություններում հաղթելու։ Իրեն դա չի հաջողվելու, որովհետև սյունեցիները հիմա Սյունիքի կռիվ չեն տալիս, սյունեցիներն ամբողջ Հայաստանի համար են պայքարում»։

Վահե Հակոբյանի խոսքով՝ ժողովուրդը պետք է արթնանա.

«Ոչ միայն Սյունիքը, մնացածն էլ պետք է արթնանան և պայքարեն իրենց իրավունքների համար, ոչ թե ապրեն բռնապետությունում»։