ՓԱԽԵ՛Ք, ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՊԱՐԶԱՊԵՍ ՓԱԽԵՔ
Ֆյուրերի մեր անհաջող նմանօրինակը կատաղել է. իրեն անարգալից խոսքեր են ասում: Նրա թիմի անդամները նույնպես դժգոհ են։ Այո, ասում են, մենք էլ էինք փողոցները փակում, բայց մենք հո անարգանքներ չէինք վանկարկում, մեր ընդդիմախոսներին չէինք անվանում «բոզի տղա»... Այո, չէիք անվանում։ Ընդամենը սգո ժապավեններ էիք փակցնում նախկին իշխանության ներկայացուցիչների տների մոտ։ Կատակում էիք այդպես։
ԲԱՅՑ ԽՆԴԻՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ԴԱ ՉԷ: ԱՅՈ, ԴՈՒՔ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՉԵՔ ՎԱՆԿԱՐԿԵԼ։ Բայց հարցն այն է, որ երբ եկաք իշխանության, արեցիք այն, ինչ չի արել նախկին ոչ մի իշխանություն։ Դուք տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառն եք։ Դուք տասնյակ հազարավոր մարդկանց խեղման պատճառն եք։ Դուք բոլոր ուղղություններով ձախողումների պատճառն եք։ Դուք տարածքների կորստի պատճառն եք։ Եվ դուք ամենալպիրշ իշխանությունն եք, որը ցինիզմով գերազանցեց նախկին բոլորին՝ միասին վերցրած։ Նրանց բոլոր մեղքերով հանդերձ. մտացածին ու իրական։ Եվ դուք առ այսօր չեք հեռացել, թեև, այո՛, ձեզ անարգում են հայի բառապաշարում առկա արդեն ամենավերջին բառերով։ Հավանաբար, պետք է արդեն նոր տերմիններ հորինել: Հատուկ ձեզ համար։
Դուք պետք է հեռանայիք նոյեմբերի 10-ին։ Ասեիք՝ կներեք, մարդիկ, եթե կարող եք, մենք ձախողվեցինք, մենք լիովին ձախողվեցինք, ուստի հեռանում ենք։ Ծայրահեղ դեպքում՝ ասեիք. մենք ձախողվել ենք, ընդունում ենք դա և պատրաստ ենք քաղաքական ուժերի հետ քննարկել իշխանությունը հանձնելու և նոր աշխատակազմ ձևավորելու գործընթացը։ Բայց վախենալով, որ ձեզանից պատասխան կպահանջեն, ցանկանալով փրկել սեփական կաշին, ջանալով թաքցնել ձեր փոքր ու մեծ մեղքերը, դուք առ այսօր շարունակում եք ոչնչացնել պետական ինստիտուտները, ի չիք դարձնել նախորդ սերունդների բոլոր ձեռքբերումները, առ այսօր կառչած եք իշխանությունից՝ դրա համար հորինելով ինչ-որ արդարացումներ։
Իբր՝ ժողովուրդը ձեզ վստահել է։ Այո, վստահել է։ Որովհետև դուք կաշվից դուրս գալով ստել եք նրան։ Ինչպես կարող են ստել միայն կատարյալ տականքները, վախկոտներն ու հավերժական ստրկամիտները։
Այո, ժողովուրդը ձեզ հավատաց։ Դուք հիմնահատակ փլուզեցիք այդ վստահությունն ու հավատը, և պետք է հեռանայիք նոյեմբերի 9-ից անմիջապես հետո։ Բայց անմիջապես հեռանալու համար պետք էր առնվազն հարգել սեփական ժողովրդին ու պետությունը։ Պետք էր հարգել հերոսների հիշատակը, այն երիտասարդ տղաների և ալեհեր տղամարդկանց, որոնք զոհվեցին լոկ այն պատճառով, որ իրենց երկրում իշխանությունն ապաշնորհ է և ինքնասիրահարված։ Պետք էր գնահատել սեփական ժողովրդին ու սեփական պետությունը։ Բայց դուք չեք հարգում, էլ ուր մնաց գնահատեք։
Եվ այդքանից հետո ուզում եք, որ ժողովուրդը հարգի՞ ձեզ։ Սպասելով կմնաք։ Ոստիկանական ոչ մի բռնաճնշում չի օգնի։ Այո, ցանկացած իշխանություն միշտ ունեցել է և կունենա ստորաքարշ հաճկատարներ։ Բայց ձեզ ոչինչ չի օգնի. ո՛չ ոստիկանների աշխատավարձի բարձրացումը, ո՛չ ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու խոստումները, ո՛չ դասալիքների նախապատրաստվող համաներումը, ո՛չ զինծառայության զորակոչից հրաժարվելու խոստումը։ Ու այլևայլ ընտրակաշառքները, որոնց բաժանման մեխանիզմների վրա դուք հիմա եռանդագին աշխատում եք ձեր «առաջադեմ» թիմով։
Նեղացե՞լ եք, որ ձեզ անարգում են։ Դուք անարգել եք մի ամբողջ երկիր։ Վերածել եք պետությունը լաթի, որի վրա ամեն չալարող մաքրում է ոտքերը։
Հարգա՞նք եք ուզում։ Ի լրումն ամենի՝ դուք նաև չափազանց հիմար եք։ Այդ հարգանքը չի լինի երբեք։ Այնպես որ ավելի լավ է փախեք, պարզապես փախեք: Փախեք, քանի դեռ այն վիրավորանքները, որ լսում եք, չեն վերաճել դրանք գործնականում իրականացնելու զանգվածային ցանկության։ Ինչն արդեն անհնար կլինի կասեցնել ո՛չ կոչերով, ո՛չ էլ կարմիր բերետավորներով։