ՏԵՌՈՐ ԵՎ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ՌԵԺԻՄԻՆ
Սյունիքում տեղի է ունենում աշխարհաքաղաքական մեծ առևտուր…
Հողերի խայտառակ հանձնումից հետո Փաշինյանը հանդես եկավ ճանապարհային քարտեզով, փորձելով համոզել հասարակությանը 6 ամիս ժամանակ տալ իրեն՝ տնտեսական շարժեր ապահովելու համար։ Հիմա արդեն ակնհայտ է, որ կես տարին կապիտուլյանտին հարկավոր էր Սյունիքի հանձնումը նախապատրաստելու համար։
«ՆԻԿՈԼԸ ԿԵՍ ՏԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԽՆԴՐԵՑ, որպեսզի ավարտին հասցնի թուրք-ադրբեջանական ծրագրերը, Սյունիքում տեղի է ունենում աշխարհաքաղաքական մեծ առևտուր»,- հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, մեկնաբանելով վարչապետի վերջին այցը Սյունիքի մարզ:
Մեր համաքաղաքացիների մեծամասնությունը տեղեկացավ Շուռնուխ, Մեղրի, Սիսիան, Քաջարան, Կապան Փաշինյանի կատարած այցի մասին «Զանգեզուր TV»-ի և Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժներից: Արդյունքում տպավորություն ստեղծվեց, թե խոսքը տարբեր այցերի մասին է։ Ականջ ծակեցին Կապանի բնակիչներից մեկի խոսքերը. «Այ էն կինը երեք որդի ունի, երեքն էլ Ռուսաստանում են. իհարկե, նրան Նիկոլը ոչ մի վատ բան չի արել, իսկ ի՞նչ ասել նրանց, ում որդիները գերեզմանում են 44-օրյա պատերազմից հետո»։ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը վերնագրված էր՝ «Հենց հիմա Կապանում, առանց սադրիչների»։ Փաշինյանը շրջում էր քաղաքում, սեղմում տարեց կանանց ձեռքը, պատասխանում իր առողջության վերաբերյալ հարցերին։ Այն մասին, որ Սյունիքի մարզպետարանում Փաշինյանը խոսել է Մեղրին հանձնելու մասին (հոժարակամ կամ ադրբեջանցիների կողմից զավթման ճանապարհով), հայտնի դարձավ միայն ապրիլի 22-ին, այսինքն հաջորդ օրը, իսկ Հանրային հեռուստաալիքը սադրիչներ անվանեց նրանց, ովքեր դիմադրում են կապիտուլյանտի ծրագրերին։
Վերջերս մեր ընթերցողներին տեղեկացրել ենք վարչապետի էմիսարների գաղտնի այցելությունների մասին Սյունիքի համայնքներ։ Պարոնայք հանդիպումներ են անցկացրել գիշերվա քողի ներքո։ Իշխանության ներկայացուցիչները գիշերային այցերի փաստը չհերքեցին, ինչից հետո հայտնի դարձավ, որ գիշերվա քողի ներքո Սյունիք է այցելել նաև Փաշինյանը՝ 9 մեքենաների և ոստիկանության ու ԱԱԾ-ի ավելի քան 400 աշխատակիցների ուղեկցությամբ։ Շուռնուխում նա և իր շքախումբը ամենաիսկական կամայականություններ են կազմակերպել։ Համայնքի բնակչուհին տեսախցիկների առաջ պատմեց, որ հրաժարվել է իր տուն թողնել Փաշինյանին, սակայն կապիտուլյանտն ու շքախումբը ներխուժել են բնակարան՝ անտեսելով արգելքը։ Հիրավի, ինչպես ասում են՝ «անկոչ հյուրը թաթարից բեթար է», նույնիսկ եթե եկել է բոնբոնիերկայով:
Երևանում հանրահավաք կայացավ ի աջակցություն Սյունիքի
Վրեժխնդիր լինելով ոչ ջերմ ընդունելության համար՝ Փաշինյանը հրաման տվեց ձերբակալել Շուռնուխ համայնքի նախկին ղեկավարին։ Հիվանդ Արարատ Աղաբեկյանին մահճակալից հանեցին ու բերեցին Երևան։
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՋԱՆՔԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ նրա համար «շտապօգնություն» կանչեցին. պարզվեց, որ վնասված է թոքերի 40%-ը: Աղաբեկյանը Շուռնուխի այն բնակիչն է, որը հրկիզեց իր տունը այն բանից հետո, երբ այն հայտնվեց ադրբեջանցիներին անցած տարածքում։ Փաշինյանի Շուռնուխ կատարած այցի ժամանակ, որի մասին նախապես ոչ ոք չգիտեր, Աղաբեկյանը հիվանդ պառկած էր և ոչ մի ակցիայի չէր մասնակցել։
Վարչապետի գաղտնի այցին նախորդել էր կադրային ջարդը Սյունիքի ոստիկանական կառույցներում, ապրիլի 21-ին երկրի ողջ բնակչությունը հետևում էր Կապանում և այլ քաղաքներում ընթացող բողոքի ակցիաներին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆի Դավոյանի այն հայտարարությունից հետո, թե «Սյունիքում ոչ ոք անպատիժ չի մնալու», պարզ դարձավ, որ մարզի այցելությանը կհաջորդի տեռորը։ Ապրիլի 22-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին տեղի ոստիկանությունը բերել է Երևան՝ մեծաթիվ պահախմբի ուղեկցությամբ: Նրան խուլիգանության մեղադրանք է առաջադրվել, նա ձերբակալված է։ Կապիտուլյանտ վարչապետը առանց հրավերի ներխուժում է մարդկանց տներ, իսկ խուլիգանության մեջ մեղադրում են Մեղրիի քաղաքապետին։ Երեկ լուրեր էին շրջում Սյունիքի 16 ձերբակալված բնակիչների մասին, որոնց տեղափոխել են Երևան։
Ի դեպ, Մխիթարը ծանր վիրավորվել է 44-օրյա պատերազմի ժամանակ և դեռևս ռեաբիլիտացիայի մեջ է։ Նրա փաստաբանները ձերբակալության վերաբերյալ բողոք են ներկայացրել։ Այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 18:30-ին Նոր Նորք վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում (4-րդ զանգված) տեղի կունենա Զաքարյանի գործով առաջին նիստը: Նրա դեմ արդեն կա մի շինծու մեղադրանք։ Ի դեպ, փաստաբաններն այդպես էլ մինչև հիմա չեն կարողանում հասկանալ, թե քաղաքապետի հատկապես ինչ գործողություններ են որակվել որպես փողոցային անկարգությունների կազմակերպում Փաշինյանի այցի ժամանակ։ Բողոքի ակցիաներից հետո կապիտուլյանտը որոշել է պատժել Սյունիքի բնակիչներին։ Փաշինյանն իրեն պահում է որպես թուրքի փոխանորդ և օկուպացիոն ռեժիմի ղեկավար։ Երեկ Երևանում տեղի ունեցավ հանրահավաք ի աջակցություն Սյունիքի, դրա մասնակիցները շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն, քաշքշուկի ընթացքում ինչ-որ մեկը շիշ նետեց ոստիկանների ուղղությամբ, մեկ ոստիկանի տեղափոխեցին հիվանդանոց։
Ինչո՞ւ էր Սյունիք մեկնել Լին Թրեյսին:
Սյունիքի ոստիկանության կադրային ջարդը շատերը կապեցին Փաշինյանի նախընտրական շտաբի ղեկավար, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի ոչ պաշտոնական զեկույցի հետ։
ՆԱ ԲՈՂՈՔԵԼ ԷՐ, ՈՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ չափազանց լոյալ է տեղական մակարդակի ղեկավարների նկատմամբ, որոնք աջակցում են «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նախագահությամբ: Ապրիլի 21-ին տեղեկություններ հայտնվեցին Հակոբյանին և նրա տիկնոջը ձերբակալելու իշխանությունների մտադրության մասին։
Հանգամանքների բերումով նույն օրերին Սյունիքում հայտնվեց նաև նախագահ Արմեն Սարգսյանը. նա մենակ չէր գնացել, այլ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ընկերակցությամբ, որին Սյունիքում հարգում են։ Դրանից անմիջապես հետո մարզ ուղևորվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նախագահի այցը հրապարակային էր, կան բազմաթիվ տեսանյութեր, ուստի, խնայելով ընթերցողների ժամանակը, միանգամից անդրադառնանք Թրեյսիի այցին։ Սիսիանի քաղաքապետարանում նա հանդիպել է համայնքի ղեկավարության և ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել պատերազմից հետո համայնքի վիճակով, պատմել ԱՄՆ-ի կողմից արցախցիներին ցուցաբերվող օգնության, ինչպես նաև այն ջանքերի մասին, որոնք ԱՄՆ-ի աջակցությամբ ձեռնարկվում են հայ զինվորականների և խաղաղ բնակիչների աճյունները գտնելու և նույնականացնելու համար:
Դեսպանը հետաքրքրվել է արցախցի փախստականների տրամադրություններով, որոնք պատերազմից հետո ապրում են Սյունիքի տարածքում։ Ամենից շատ Թրեյսիին հետաքրքրել է այն, թե վերադառնալու են արդյոք այդ մարդիկ Արցախ, թե՞ շարունակելու են ապրել Սյունիքի տարածքում։ Ասել, որ վերոնշյալ այցերն անհանգստացրել են սահմանամերձ մարզի բնակիչներին, նշանակում է՝ ոչինչ չասել։ Մարդիկ վախենում են, որ մինչ արտահերթ ընտրություններ Փաշինյանը կարող է զգալիորեն առաջ շարժվել Բաքվի և Անկարայի ախորժակը բավարարելու գործում։ Այն մասին, որ դեսպան Թրեյսին ադրբեջանա-թուրքական ագրեսիայից մի քանի օր առաջ այցելել է ՊՆ, մեր ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք։
Կապիտուլյանտի հրաժարականի համար կան բոլոր նախադրյալները
Բացառված չէ, որ Էրդողանն ու Ալիևը, վախենալով, որ արտահերթ ընտրություններն իրենց համար անբարենպաստ արդյունք կունենան, շտապեցնում են Փաշինյանին, շատ են շտապեցնում։
ԱԼԻԵՎՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ՊԱՏՄԱԿԱՆ ԶԱՆԳԵԶՈՒՐԸ» ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: Քաղաքագետները կանխատեսում են, որ ադրբեջանական սուլթանը կարող է սադրանք ձեռնարկել ինքնիշխան պետության դեմ՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի լուռ թողտվությամբ, որոնք ձգտում են կրճատել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում և փոխարինել դա Թուրքիայի ազդեցությամբ: Իսկ բացի այդ, քաղաքագետներն ասում են, որ եթե Ուկրաինայում բանը հասնի պատերազմի, ապա ադրբեջանա-թուրքական տանդեմի ներխուժումը Սյունիք իրականություն կդառնա մի քանի օրվա ընթացքում։
Երևանում խոսում են այն մասին, որ սյունեցիների դեմ տեռորը պայմանավորված է ադրբեջանա-թուրքական ինտերվենցիայի նախաշեմին Սյունիքը թուլացնելու վարչապետ-կապիտուլյանտի փորձով։ Նրան կարող է խանգարել միայն իշխանափոխությունը, ցանկալի է՝ մինչև հունիսի 20-ը։ Սյունիք կատարած սկանդալային այցից հետո դրա համար կան բոլոր նախադրյալները, և դրանցից գլխավորը կապիտուլյանտի տեռորն է սեփական ժողովրդի դեմ, ինչի նպատակը Սյունիքի զավթումը հեշտացնելն է։ Փաշինյանը հայտարարեց, թե իր մարզային այցին խանգարել են «որոշակի շրջանակներ», այդ շրջանակները կարելի է անվանել մեկ բառով. ժողովուրդ։ Վարչապետի պաշտոնում թուրքի փոխանորդի տեռորն ընդդեմ Հայաստանի ժողովրդի շարունակվում է, զուգահեռաբար աճում է դիմադրությունը օկուպացիոն ռեժիմին։