ԵԽ-ում ԵԺԿ ղեկավար․ Թուրքիային կոչ ենք անում՝ առերեսվել պատմությանն ու ճանաչել Ցեղասպանության իրողությունը

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով ուղերձ է հղել Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը։

«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանությունը և հարգանքի տուրք մատուցում այս ողբերգության զոհերին: 1915-ին 1.5 միլիոն հայեր՝ կանայք, երեխաներ, ծերեր, իրենց կյանքը կորցրեցին՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված կոտորածների, էթնիկ զտման  արդյունքում: Այսօր, երբ մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք՝ ԵԺԿ խումբը, հարգանքի տուրք ենք մատուցում այս ողբերգության զոհերի հիշատակին։

Միլիոնավոր հայերի համար այս վերքերը դեռ բաց են։

Թուրքիայի իշխանությունների կողմից Ցեղասպանության ժխտումն անհնար է դարձնում անցյալի հետ հաշտեցումը»,-ասում է Վեբերը։

Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության ղեկավարն ասում է, որ իր եկիրը՝ Գերմանիան, գիտի, թե որքան բարդ կարող է լինել սեփական պատմությանն առերեսվելը, սակայն սա միակ ճանապարհն է դեպի հաշտեցում ու երկրների միջև երկարատև խաղաղության։

«Այս պատճառով, մենք Թուրքիային կոչ ենք անում՝ առերեսվել պատմությանն ու ամբողջությամբ ճանաչել Ցեղասպանության իրողությունը»,- ասում է Մանֆրեդ Վեբերը:

Panorama.am