ՓՍՏՈՑ՝ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Կխախտի արդյոք ԲՀԿ-ն իր լռությունը գոնե առաջիկա օրերին, թե՞ ավանդույթի համաձայն մինչև վերջ կպահի ինտրիգը, ինչը կրկին իսկ ավանդույթի համաձայն կավարտվի փստոցով։ Հարցն այս, ելնելով ստեղծված իրողություններից, թերևս հռետորական է։ Բայց…

«ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն առայժմ չեն հայտարարել, որ առաջադրելու են իրենց թեկնածուին։ Եթե դա չանեն, ուրեմն այդ 2-ը քաղաքական ուժ չեն, այլ օրվա իշխանությունների սպասարկու, խամաճիկ», - Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Համանման մեկնաբանություններ հնչեցին լիառատորեն, ընդ որում ինչպես քաղաքական և հասարակական գործիչների, այնպես էլ շարքային քաղաքացիների կողմից։

Առաջինն ու առայժմ միակը, ով արձագանքեց, ԼՀ առաջնորդ Էդմոն Մարուքյանն էր, նախևառաջ բնորոշելով այդ մեկնաբանությունները որպես ճնշում։ «Մենք պայմանավորվել ենք, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, խոսք ենք տվել, որ չենք խոչընդոտելու, որ լինեն ընտրություններ: Ինչի՞ համար են այս կոչերը։ Երբ իշխանությունը հայտարարեց, որ ընտրություններ չեն լինելու, ասացին՝ վախեցան, երբ ասացին՝ լինելու են, օրը նշանակվեց, ասում են՝ ընտրություններ պետք չեն: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել. մեզ վրա ոչ մի ճնշում չի աշխատելու, մենք դա ցույց ենք տվել 2018 թվականին, և ոչ մի ավանտյուրայի մենք չենք գնալու»,- ասաց Մարուքյանը։

Ի՞նչ պայմանավորվածությունների պահպանման մասին է խոսում ԼՀ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Մի՞թե նրանց, որոնց առկայությունը դեռ մի քանի շաբաթ առաջ ժխտում էր։ «Իմ քայլի» և ԼՀ-ի բավական անմիանշանակ ու խայտաբղետ փոխհարաբերությունների խճանկարից հիշեցնենք հենց իր՝ Մարուքյանի լոկ մի քանի հայտարարություններ։ Մեկ-երկու ամսվա վաղեմության, երբ Մարուքյանը կոչ էր անում Փաշինյանին հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշումից՝ առաջարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների «գործարքը»։ «Ես վարչապետին առաջարկում եմ վաղը (մարտի 1-ին), նախագահի աշխատակազմից հետ վերցնել ԶՈՒ ԳՇ պետին աշխատանքից ազատելու մասին հրամանագիրը։ Մենք ի պատասխան ստորագրում ենք ցանկացած հուշագիր, որ իր հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու պարագայում մենք չենք առաջադրվելու և որևէ մեկին չենք առաջադրելու»,- փետրվարի 28-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Մարուքյանը։ Ի պատասխան՝ Փաշինյանը գեղեցիկ ձևով գրողի ծոցն ուղարկեց Մարուքյանին, Լիլիթ Մակունցի շուրթերով հայտարարելով արտահերթ ընտրությունների առաջարկը քննարկելու պատրաստակամության մասին և նշելով, որ զորահրամանատարներին աշխատանքից ազատելու որոշումը քննարկման ենթակա չէ: Թե ինչ զարգացումներ, ավելի ճիշտ՝ ոչ զարգացումներ հաջորդեցին դրան, հայտնի է բոլորին։

ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ՄՅՈՒՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ԱՄՍԻՑ ԷԼ ՊԱԿԱՍ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ։ Ապրիլի 1-ին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ, որով իշխանությունը չեղարկեց քվեարկության ռեյտինգային ցուցակները, ԼՀ առաջնորդն անվերապահ հայտարարեց. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունն այլևս կասկածի տակ է դրված»: Իշխանությունը հերթական անգամ խաբեց, մոլորեցրեց ընդդիմությանը, ասում էին նա և իր կուսակիցները։ «Քաղաքական ուժերը կոնսենսուս են արձանագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված: Օրը հայտարարելուց հետո դուք սկսել եք ԸՕ-ն փոխել, որքա՞ն է խաղի կանոնները կեսից փոխելը ժողովրդավարական: Ձեր ուզածը օրը ընտրություն անենք, ձեր ուզած ԸՕ-ով, էլ ի՞նչ անենք ձեր համար, որ լավ լինի։ Քաղաքական մեծամասնությունը ժողովրդի անունը անդադար շահարկելով անում է հերթական սխալ քայլը. առանց ընդդիմադիր ուժերի ընդունում է Ընտրական օրենսգիրք և այդպիսով այսօրվանից սկսած կասկածի տակ է դնում սպասվող հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- վրդովվում էր Մարուքյանը։

Եվ ի՞նչ։ Ոչինչ: Այսօր խորհրդարանական ընդդիմությունը քութիկի պես շարժվում է Փաշինյանի նախանշած սցենարով, կատարելով նրա բոլոր քմայքները, իսկ արտախորհրդարանական քաղաքական ուժերի կոչերը (օրինակ ՝ թեկնածու առաջադրելը), որոնք ընդգրկված չեն Փաշինյանի գործողությունների ծրագրում, անվանում է ճնշում։ Եվ դեռ փորձում է ներկայանալ իբրև սկզբունքային գործիչ, թե իբր՝ մենք կատարում ենք խոստումը, և ոչ մի ճնշում մեզ վրա ազդել չի կարող։ Մարուքյանի ու իր ընկերախմբի դիրքորոշման անհեթեթությունն ավելի վառ ներկայացնելու համար բավական է փորձել պատասխանել մեկ հարցի. ընդդիմության, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության առաջադրած բազմաթիվ պայմաններից ո՞րն է կատարել Փաշինյանը։ Ոչ մեկը։

...ԲՀԿ-ն այս առումով առանձնապես չի տարբերվում ԱԺ իր գործընկերներից։ Եվ բարգավաճների հետ կապված առանձնակի, ասենք՝ նաև ոչ առանձնակի հույսեր փայփայել նույնպես չարժե։ Դրանում համոզվելու համար բավական է հիշել վերջին երեք տարիներին բարգավաճների անցած ճանապարհը։

Սակայն ընդդիմադիր կոչեցյալ այդ խորհրդարանական ուժերի պարագայում, եթե նրանք երկու շաբաթվա ընթացքում վարչապետի թեկնածու չառաջադրեն և, հետևաբար՝ համաձայնեն ընտրությունների գնալ Փաշինյանի ու «իր քայլի» հետ՝ նրա կանոններով ու պայմաններով, պետք է արձանագրել միայն մեկ բան. Փաշինյանն ու «իրքայլականները» առ այսօր չեն հասկանում, չեն ընկալում, չեն գիտակցում, թե ինչ աղետի են հանգեցրել երկիրն ու մեր ժողովրդին։ Եվ սա լոկ հուզական հայտարարություն չէ։ Հիշեք թեկուզ մեկ օրինակ, որ Փաշինյանն ու «իրքայլականները» կոնկրետ պատասխանած լինեն վերջին երեք տարիների իշխանության սխալների և բացթողումների մասին հարցին։ Ոչ մի օրինակ։ Չկա՛ այդպիսի օրինակ։ Ընդհանրական արտահայտություններ, թե իբր՝ այո, պատասխանատու ենք, բայց մեղավոր չենք, կներեք սխալների համար։ Իսկ կոնկրետություն՝ չի՛ք։ Մակունցի վերջին, մի քանի օր առաջ հնչեցրած ամենաթարմ հայտարարությունը դրա հաստատումն է։ Արձագանքելով իշխանության հիմնական բացթողումները նշելու լրագրողի խնդրանքին՝ նա ասում է. դժվարանում եմ պատասխանել