ԻՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՍԽԱԼ ԸՆԹԱՆԱԼ…

Հոդված 115 (մաս 3)

Կիրակի օրը ժամը 11-ին Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին և շնորհավորեց զինակիցներին Քաղաքացու օրվա առթիվ: Օրերս հրապարակումներից մեկում մենք կանխատեսել էինք, որ հրաժարականը տեղի կունենա ապրիլի 25-ին. չէ՞ որ հենց այդ ամսաթվին նշանակվեց այս տարի Քաղաքացու օրը։ Վարչապետը ցավակցություն հայտնեց 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին և խոստացավ, որ բոլոր գերիները կվերադառնան հայրենիք: Ապրիլի 24-ին Փաշինյանը զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ հաջորդ օրը հայտարարեց հրաժարականի մասին:

Հիշեցնեմ, որ վարչապետը խոստացել էր հրաժարական տալ ապրիլի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։ Անցած շաբաթվա վերջին օրերին բազմաթիվ լուրեր էին շրջանառվում այն իրադարձությունների շուրջ, որոնք կարող են դառնալ հրաժարականի շարունակությունը։ Քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս «Իմ քայլը» խմբակցության, այդ հրաժարականը չի ընդունի և կրկին կընտրի Փաշինյանին վարչապետի պաշտոնում՝ մի քանի անկախ պատգամավորների և այսպես կոչված ընդդիմադիր խմբակցությունների որոշ պատգամավորների աջակցությամբ։

Ո՞րն է դրա իմաստը։ Իմաստն այն է, որ այդ կերպ ընտրելուց հետո խորհրդարանն իրավունք չի ունենա իմպիչմենտի գործընթաց սկսել մեկ տարի շարունակ։ Այս դրույթն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածով (3-րդ մաս)։ «Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո»: Եթե Փաշինյանը դիմի նման հնարքի, ապա դա լոկ կուժգնացնի փողոցային դիմադրությունը…

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը շաբաթ օրը հայտարարեց, թե Փաշինյանը չի խախտի այն խոստումը, որ մարտի 18-ի բանակցությունների ժամանակ տվել է իրեն և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Բանակցությունները, հիշեցնեմ, ընթանում էին փակ ռեժիմով, ուստի ոչ ոք չգիտի, թե բացի ընտրությունների ամսաթվից՝ ուրիշ ինչ են պայմանավորվել միմյանց հետ Փաշինյանն ու խորհրդարանական գրպանային ընդդիմությունը։ ԲՀԿ-ին, հիշեցնեմ, մեղադրում են նրանում, որ տապալեց Հայրենիքի փրկության շարժման փողոցային ակցիաները՝ համաձայնելով խաղալ կապիտուլյանտ վարչապետի կանոններով։

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ամսի 25-ին կարծիք հայտնեց, որ փոքրամասնության խմբակցությունները հնարավորություն ունեն ապացուցելու, որ իրենք իսկապես ընդդիմադիր ուժեր են խորհրդարանում։ Դրա համար Փաշինյանի հրաժարականից հետո նրանք պետք է առաջադրեն վարչապետի սեփական թեկնածուներ։ Դժվար թե դա տեղի ունենա, ուստի գրպանային ընդդիմության պիտակը կուղեկցի ԲՀԿ-ին և «Լուսավոր Հայաստան»-ին նախընտրական քարոզչության ողջ ընթացքում։ Պետք է արձանագրել, որ այդ ուժերը հնարավորություն ունեին կասեցնել «արտահերթ ընտրություններ» կոչեցյալ աղետը, բայց նախընտրեցին գործարքի գնալ կապիտուլյանտի հետ։

Ծայրահեղ անհավասարակշիռ վիճակում

Փաշինյանի Սյունիքի մարզ կատարած այցից հետո համառ լուրեր են շրջում, որ նա գտնվում է ծայրահեղ անհավասարակշիռ վիճակում։ Այցի ընթացքում վարչապետը բորբոքվեց, կորցրեց ինքնատիրապետումն ու սկսեց պատասխանել տեղի բնակիչների «Կապիտուլյա՛նտ։ Դավաճա՛ն» և այլ գոչյուններին։ «Կապիտուլյանտը դուք եք, արա՛»,- ճղավեց նա մարդկանց բազմության ուղղությամբ։ Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են Փաշինյանին ուղեկցող մարդիկ փորձում հանգստացնել նրան…

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից անընդհատ լուրեր են արտահոսում, որ Ալիևն ու Էրդողանը դեմ են Փաշինյանի հրաժարականին, քանի դեռ չի լուծվել «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Պատահական չէ, որ հենց այն ժամանակ, երբ Սյունիքում էին գտնվում նախագահը, ԱՄՆ դեսպանը և կապիտուլյանտը, Ալիևը հայտարարեց «Զանգեզուրի միջանցքն» ուժի միջոցով բացելու պատրաստակամության մասին։ Նույն օրերին հաճախակի դարձան կրակոցները Ստեփանակերտի մերձակայքում, գնդակոծվեց Շոշ գյուղը, իսկ Փաշինյանը հնչեցրեց հերթական զառանցալի թեզը, թե «Մեղրիի միջանցքի» դիմաց հայերը միջանցք կստանան Նախիջևանով։ Մնում է պարզել, թե հայերի ինչին է պետք այդ միջանցքը, երբ կան այլ՝ անվտանգ ճանապարհներ։ Իսկ այն հարցի պատասխանը, թե ադրբեջանցիների ինչին է պետք Մեղրին և ողջ Սյունիքը, այնքան ակնհայտ է, որ հատուկ մեկնաբանությունների կարիք չունի։

Եթե խորհրդարանական մեծամասնությունը Փաշինյանի հրահանգով չխախտի պայմանավորվածությունները և կրկին չընտրի կապիտուլյանտին վարչապետի պաշտոնում, ապա Փաշինյանի հրաժարականից անմիջապես հետո կսկսի գործել ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածով (2-րդ, 3-րդ կետեր) նախատեսված 7-օրյա մեխանիզմը։ «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»։

Վերջին օրերին լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին, որ Փաշինյանը շատ է վախենում պաշտոնանկությունից, կասկածելով, որ խորհրդարանը լուծարելու մեխանիզմը կուղեկցվի փողոցային բողոքի ակցիաներով։ Իրավիճակը ցանկացած պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Անցած հանգստյան օրերին նույնիսկ խոսակցություններ էին շրջում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ Փաշինյանի ինչ-որ սեպարատ բանակցությունների մասին. ԲՀԿ-ում բանակցությունների մասին լուրերը հերքեցին։ Մեր տեղեկություններով՝ այդ լուրերը բնավ անհիմն չեն, իսկ Ծառուկյանի կուսակցությունը թաքցնում է իր առաջնորդի և Փաշինյանի միջև առկա սեպարատ հարաբերությունները բացառապես ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի ձայներից զրկվելու մտավախությունից։ Մտավախություններն անհիմն չեն, քանզի ընդդիմադիր ընտրազանգվածը գերազանց գիտի, թե ում է աջակցելու հունիսի 20-ին, և այդ անձը ակնհայտորեն Ծառուկյանը չէ…

Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից

Հուզական ծայրահեղ անկայունության վիճակում գտնվող մարդուց սպասելի է ցանկացած իռացիոնալ գործողություն: Այն մասին, որ վարչապետի հոգեկան վիճակը մտավախություններ է ներշնչում իր շրջապատին, խոսվել է վերջին հանգստյան օրերին։

Ի՞ՆՉ ԿՀԱՋՈՐԴԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՆ: Ինչպիսի՞ պահվածք կցուցաբերի խորհրդարանական մեծամասնությունը 7 օրերի ընթացքում։ Սպասենք, հանգուցալուծումն արդեն մոտ է։ Եվ էլի մի բան. պետք է հիշել, որ եթե իրավիճակի զարգացումը վարչապետի կամքով դուրս գա Հիմնական օրենքի 149-րդ հոդվածի շրջանակներից, ապա Փաշինյանն այդպիսով կխախտի ոչ միայն ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստան»-ի, այլև ազդեցիկ արտաքին խաղացողների հետ պայմանավորվածությունները։ Ապրիլի 24-ին, կրկնեմ, Փաշինյանը զանգահարել է Պուտինին։

Մենք արդեն տեղեկացրել ենք մեր լսարանին, որ հրաժարականից հետո Փաշինյանն իրավունք չունի կատարել վարչապետի լիազորությունները պաշտոնակատարի կարգավիճակով, քանի որ Սահմանադրության համապատասխան դրույթը տարածվում է կառավարության, այլ ոչ թե վարչապետի վրա։ Ըստ Սահմանադրության՝ կառավարության ղեկավարն առանձնահատուկ կարգավիճակ ունի։ Այլ կերպ ասած, վարչապետի հրաժարականից հետո կառավարությունը պետք է շարունակի կատարել իր գործառույթները մինչև նոր աշխատակազմի նշանակում արտահերթ ընտրությունների արդյունքում՝ տարիքով ավագ փոխվարչապետի, այսինքն Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ։

Իրականում Փաշինյանը խախտում է օրենքը, անտեսում հատուկ կարգավիճակը և մտադիր է շարունակել ղեկավարել կառավարությունը պաշտոնակատարի կարգավիճակով, ինչը, բացի ամենից, ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում։ Բացառված չէ, որ մինչև մայիսի 1-ը արտախորհրդարանական ընդդիմությունը կուժգնացնի բողոքի ակցիաները, իսկ քաղաքական ուժերը վերջնականապես կհստակեցնեն իրենց դիրքորոշումները՝ աչքի առաջ ունենալով փաստացի մեկնարկած նախընտրական քարոզարշավը։

Основная тема: