Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆ. ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Itel.am-ի հարցազրույցը «ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ
- Պարոն Յիրիկյան, 2020 թվականը ծանր էր բոլորիս համար, անցանք նախ համավարակի, հետո՝ պատերազմի միջով: Ինչպե՞ս փորձություններին դիմակայեց ձեր ընկերությունը:
- 2020 թվականը բավական լավ էր սկսվել՝ հունվար և փետրվար ամիսների ցուցանիշները հուսադրող էին: Սակայն արդեն մարտ ամսից համավարակի ազդեցությունը զգացինք:
Կորոնավիրուսը մեծ դժվարություններ առաջ բերեց, քանի որ ստիպված էինք փակել մեր սպասարկման կենտրոնները կամ էապես սահմանափակել դրանց աշխատանքը: Սա իր ազդեցությունն ունեցավ նոր բաժանորդների ներհոսքի և մեր եկամուտների վրա: Ստիպված եղանք վերանայել և կրճատել որոշ ծախսային հոդվածեր, սակայն դա երբեք չվերաբերեց մեր աշխատակիցներին: Համավարակի մեկնարկից ի վեր մենք աշխատատեղեր չենք կրճատել, աշխատավարձերի կրճատում ևս չենք կատարել:
Քանի որ շատերի պես անցել էինք հեռավար աշխատանքի, շատ աշխատանքային գործընթացներ ստիպված եղանք վերանայել կամ վերակազմավորել:
Անգամ 2020 թվականի ծանր պայմաններում մենք ցուցանիշների աճ ենք արձանագրել՝ ինչպես բաժանորդների քանակի, այնպես էլ եկամուտների տոկոսային հարաբերակցության տեսակետից: Մենք պահպանում ենք առավելությունը մրցակիցների նկատմամբ:
- Համավարակի ընթացքում ի՞նչ նոր ծառայություններ շուկա հանեցիք:
- 2020-ին ավելի ընդլայնեցինք մեր առաջարկած V&D (voice and data) սակագնային փաթեթների հնարավորությունները: Այս լուծումները հատկապես օգտակար էին 2020 թվականի ընթացքում COVID-19-ի հետևանքով հեռավար աշխատանքի և ուսուցման ճիշտ կազմակերպման համար: Համավարակի առաջին իսկ օրերին մենք ավելացրեցինք «Zoom» ու «Skype» հավելվածները՝ առաջին անգամ մեր շուկայում:
Այս փաթեթների դեպքում բաժանորդները վճարում են ծառայության դիմաց, ոչ թե սպառված թրաֆիկի, և կախված սակագնային պլանից՝ ամենահայտնի գրեթե բոլոր մեսենջերներից կարող են օգտվել առանց սահմանափակումների:
Դրանով մենք շուկայում խաղի կանոններ փոխեցինք: Սկզբնական շրջանում որոշակի մտավախություններ ունեինք այդ մոդելի կիրառման հարցում, սակայն կյանքը ցույց տվեց, որ դա ճիշտ որոշում էր:
- Համավարակը մեղմացման նշաններ էր ցուցաբերում, երբ սկսվեց պատերազմը:
- Խոնարհվելով մեր բոլորի զոհերի առջև, ուզում եմ հուսալ, որ այն, ինչ եղավ, բոլորիս համար մեծ դաս կլինի և այսուհետ աշխատելու ենք՝ ավելի հզոր երկիր և ավելի լավ ապագա ունենալու համար: Երբեք չէի ցանկանա ականատեսը դառնալ այն պատկերների, որոնց ծանոթացել էի դպրոցում՝ Հայոց պատմության դասերին: Ցավոք, ինչ-որ դրվագներում պատմությունը կրկնվեց:
Պատերազմի ընթացքում մենք շարունակել ենք կայաններ կառուցել և ցանցը ընդլայնել, ինչը անհրաժեշտ էր նաև ռազմական կարիքների համար: Մեր խիզախ աշխատակիցները պայթյունների և ռմբակոծությունների պայմաններում օպտիկա-մանրաթելային ցանցեր և շարժական կապի կայաններ էին վերականգնում:
Սահմանային տարածքները մշտապես եղել են մեր ուշադրության կենտրոնում և այդպես էլ լինելու է: Օրինակ, Նռնաձոր համայնքի տարածքում մենք երեք կայան ունենք, որոնք ծառայում են երեք տարբեր նպատակների: Մեկը կապ է ապահովում ռազմական կարիքների, մյուսը՝ տեղի համայնքի, երրորդն էլ՝ Իրան-Հայաստան միջպետական ավտոճանապարհի համար: Ընդ որում, կան տարածքներ, որտեղ միայն Վիվա-ՄՏՍ-ն է կապի ծառայություն ապահովում:
- Նախորդ անգամ մենք զրուցում էինք 2020 թվականի հունվարին, երբ Ucom-ը բանակցություններ էր վարում Beeline Armenia-ն գնելու մասին և Դուք ասում էիք, որ եթե այդ գործարքը կայանա, շուկայում կհայտնվի «գերակշիռ դիրք ունեցող» ընկերություն: Այդ գործարքը տեղի չունեցավ, փոխարենն այլ գործարք կայացավ: Ինչպե՞ս եք գնահատում այն:
- Գործարքի վերաբերյալ մեկնաբանություններից ձեռնպահ կմնամ: Կարող եմ ասել միայն, որ նոր բիզնես՝ նշանակում է նոր հնարավորություններ շուկայում: Մեր բոլոր մրցակիցներին մաղթում եմ հաջողություն, որպեսզի միշտ կարողանան աշխատատեղեր բացել:
- Ընդհանուր առմամբ, հեռահաղորդակցության շուկայում մրցակցությունն ինչպես եք գնահատում:
- Ես կարող եմ խոսել մեր ընկերության մասին և ասել, որ գոհ եմ մեր աշխատանքի թափանցիկությունից: Կարծում եմ, այն ակնհայտ և տեսանելի է բոլորի համար: Միջազգային տարբեր սերտիֆիկացումներ ունենալը մեր թափանցիկության հավելյալ երաշխիք է հանդիսանում:
Ինչ վերաբերում է շուկային, ապա մեր մրցակիցներն ունեն իրենց բիզնես-մոդելները և ռազմավարությունները, որոնք տարբեր են մեր որդեգրածներից, բայց ոլորտում մրցակցությունն առկա է: Պատերազմի և հետպատերազմյան շրջանում բոլորս ավելի զուսպ էինք մրցակցության առումով, հիմա աստիճանաբար վերադառնում ենք նախկին վիճակին:
- Մեր նախորդ զրույցի ընթացքում ասում էիք, որ «Վիվա-ՄՏՍ»-ը գտնվում է թվային փոխակերպման փուլում և դառնում է ՏՀՏ ընկերություն՝ IT և ավանդական հեռահաղորդակցության սիներգետիկ միաձուլում, այսպես կոչված՝ «smart pipe» կամ «խելացի խողովակ»:
- Թվային փոխակերպումը շարունակվում է: Մենք ոչ թե միայն կապի, այլ արդեն նաև թվային ծառայություններ մատուցող ընկերություն ենք:
Մենք առաջինն էինք Հայաստանում, որ համագործակցելով Microsoft-ի հետ, ներդրեցինք իրենց Azure Stack լուծումը՝ հաճախորդներին «ամպային» (cloud) լուծումներ տրամադրելու համար: Ի դեպ, սերվերները տեղադրված են մեր կենտրոններում, Հայաստանի Հանրապետության տարածքում:
Գործարկել ենք նաև «վիրտուալ աշխատանքային սեղան» բիզնես-լուծումը, որի շնորհիվ միջին և փոքր բիզնեսը, հեռավար աշխատանքի անցնելու դեպքում՝ ստիպված չի լինի սեփական համակարգչային ենթակառուցվածք ստեղծել և կարող է էապես խնայել:
Ավելի ենք զարգացրել Mobidram համակարգի հավելվածը՝ օրերս թողարկվել է հավելվածի լրամշակված տարբերակը:
Այս ամենին զուգահեռ մենք մշտապես ընդլայնում ենք մեր ցանցային ենթակառուցվածքը: Ամբողջ Հայաստանի տարածքում ունենք օպտիկա-մանրաթելային ցանց, զգալիորեն ընդլայնել ենք լայնաշերտ ֆիքսված ինտերնետի ու հարակից ծառայություններից օգտվող բաժանորդների բազան, շարունակում ենք ընդլայնել և հզորացնել չորրորդ սերնդի (4G) ցանցը:
- 2020 թվականի սկզբին ասում էիք, որ լրջորեն մտածում եք հինգերորդ սերնդի (5G) ցանց ներդնելու մասին: Նման ցանցի կարիքն Հայաստանն այսօր ուն՞ի:
- Այն տնտեսության համար, որ այսօր Հայաստանում ունենք, թերևս, չունի: Բայց պահանջարկը կարող է առաջարկ ստեղծել: Այսօր ամբողջ երկիրը օգտագործում է օպերատորների ցանցերը՝ անհնար է պատկերացնել մի ոլորտ, որը կարող է աշխատել և զարգանալ առանց դրանց: Այսօր, երբ շատերը շարունակում են հեռավար աշխատել, մենք թրաֆիքի կտրուկ աճ ենք արձանագրում:
Պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ 5G ցանցեր ծավալելու համար անհրաժեշտ հաճախություններ Հայաստանում առայժմ չկան և դրանց բացակայության պայմաններում վաղ է խոսել ցանցի կառուցման մասին:
- Ինչ ուղղություններով եք կատարելու սոցիալական ներդրումները այս տարվա ընթացքում:
- Սոցիալական ներդրումները եղել և մնում են մեր ռազմավարության և բիզնես-մտածելակերպի անբաժան մասը: Այս տարի ավելի ենք կենտրոնանալու սահմանամերձ համայնքների վրա՝ դրանցում շարունակելով տնաշինական ծրագիրը, ինչպես նաև ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված նախագծերը (արտաքին լուսավորություն, ջեռուցում և այլն): Երրորդ ուղղությունը մեր վիրավոր զինվորների օրթեզավորմանը և այլ կարիքներին աջակցելն է:
Ռալֆ Յիրիկյանի հետ զրուցել է Արա Թադևոսյանը
Լուսանկար՝ Էմին Արիստակեսյանի