«ԵՐԵՎԱՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԱՄԵՆԻՑ ՑԱԾՐՆ Է»

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Մեր նպատակը արդյունավետ պայքարն է Նիկոլի և նիկոլականության դեմ»։

-ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստան»-ը վաղուց են հանդես եկել Փաշինյանի հրաժարականի պահանջով, մինչդեռ այդ կուսակցությունների խմբակցությունները խաղում են կապիտուլյանտի կանոններով՝ չառաջադրելով վարչապետի սեփական թեկնածու։ Մի՞թե այս փաստն ապացույցը չէ այն բանի, որ Հայաստանի խորհրդարանում ընդդիմություն չկա, այլ կան գրպանային ուժեր։ Ինչպե՞ս կբնութագրեք կապիտուլյանտի կանոններով խաղալու այդ խմբակցությունների պատրաստակամությունը. չէ՞ որ համատարած խախտումների խորապատկերին, որոնցով ուղեկցվում է փաստացի մեկնարկած քարոզարշավը, խոսքը կարող է վերաբերել ոչ միայն քաղաքական գործարքի, այլև հանցավոր դավադրության։

-Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է ընտրում իր ուղին և պատասխանատու է իր որոշումների համար. ես կարող եմ լոկ արձանագրել, որ դեկտեմբերի վերջից ընդդիմության ճամբարում խնդիրներ առաջացան։ Որոշ ընդդիմադիր ուժեր հայտարարեցին, որ իրենց քաղաքական օրակարգում արտահերթ ընտրություններ չկան, և իրենց խնդիրը Փաշինյանի հրաժարականն է, իսկ հետո հանկարծ սկսեցին իրար հերթ չտալով հայտարարել արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին։ Դա պառակտեց ընդդիմությանը և դարձավ այն պատճառներից մեկը, որ փողոցային շարժումը չկարողացավ հասնել նպատակին։ ՀՀԿ-ն առաջինն է հանդես եկել այս վարչակարգի դեմ դեռևս 2018-ին, այն ժամանակ իրենց ընդդիմություն անվանողներից շատերը շահաբաժիններ էին հավաքում նախկին իշխանության հասցեին քննադատության հաշվին։ Ցուցանշական է, որ այսօր էլ քիչ չեն այն ուժերը, որոնք տառապում են ինքնահաստատման բարդույթով՝ «նախկիններին» հասցեագրված քննադատության հաշվին։ Այդ ուժերը քննադատում են Նիկոլին ու նախկին իշխանությանը, իսկ դա ակնհայտ անհեթեթություն է, քանզի արդեն 3 տարի է, ինչ Հայաստանում իշխանությունը պատկանում է այլ կուսակցության և այլ առաջնորդի։ 3 տարի անց բոլորի համար ակնհայտ է, որ նախկին իշխանությունը ներկայիս ռեժիմին ժառանգություն է թողել անկախ Արցախը, հայկական երկու պետություն, հայկական Շուշին և Հադրութը, Հայաստանի անվտանգությունը... Ինչ վերաբերում է խորհրդարանական փոքրամասնությանը, ապա թող ընտրողներն իրենք դատեն՝ գործարք է դա, թե ինչ-որ այլ բան…

-Համաձայնեք, դավաճանի պիտակով գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ այնքան էլ պատշաճ չէ, մինչդեռ հենց այդ պիտակն է այսօր սոսնձված խորհրդարանական ընդդիմության կուսակցությունների վրա

-Ինձ առանձնապես չի հետաքրքրում այդ կուսակցությունների ճակատագիրը, ինձ հետաքրքրում է Հայաստանի ճակատագիրը։ Ես վստահ եմ մեկ բանում. այն ուժերը, որոնք նպաստում են իշխանության մեջ Նիկոլի վերարտադրմանը, անմիջականորեն մասնակցում են Հայաստանի անկախության դեմ ոտնձգությանն ու նպաստում երկիրը թուրքական վիլայեթի վերածելուն։

-Կայուն մեծամասնությունը խորհրդարանում ոչ ոք չի չեղարկել, դա սահմանադրական դրույթ է։ Այսօր շատերը խոսում են այն մասին, որ Փաշինյանի կուսակցությունը (կամ դաշինքը) անկարող է հունիսի 20-ին հավաքել ձայների 50+1%, հետևաբար՝ Փաշինյանին խորհրդարանի պատերի ներսում հարկավոր է մի ուժ, որի հետ կարող է կոալիցիա կազմել։ Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության, Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ի և Լևոն Շիրինյանի կուսակցության կարգի գաճաճ ուժերը դժվար թե անցնեն խորհրդարան, վերջին օրերին համառորեն լուրեր են շրջանառվում, որ հաջորդ խորհրդարանում Փաշինյանը կարող է կոալիցիա կազմել Ծառուկյանի կուսակցության հետ։ Այդպիսի վարկած է երեկ հնչեցրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Դուք բացառո՞ւմ եք իրադարձությունների նման զարգացումը։

-Ես չեմ բացառում սցենարներից ոչ մեկը։ Չեմ բացառում նաև, որ Փաշինյանն ունի կողմնակիցներ, բայց դրանք հաստատ 50%-ից քիչ են։ Ընտրողների մեջ մեծ տոկոս են կազմում մարդիկ, որոնք դեռևս չեն կողմնորոշվել, պետք է հետևողական աշխատանք տանել նրանց հետ։ Բոլոր նրանք, ովքեր դեմ են Փաշինյանին, ընտրությունների օրը չպետք է մնան տանը, նրանք պետք է գան ընտրատեղամասեր և քվեարկեն։ Նրանք, ովքեր քվեարկության օրը կմնան տանը, դրանով իսկ կնպաստեն Փաշինյանի վերարտադրմանը։

-Այնքան էլ ճիշտ չի լինի, եթե քաղաքական պայքարի մեծ փորձ ունեցող ՀՀԿ-ն, լինելով փողոցային ընդդիմության առաջամարտիկը, հրաժարվի արտահերթ ընտրություններին մասնակցելուց, այնպես չէ՞:

-ՀՀԿ-ն երբեք որոշում չի կայացրել արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու առնչությամբ։ Դեկտեմբերի 30-ին գործադիր մարմնի հայտարարության մեջ նշվում էր, որ կուսակցության օրակարգում կա միայն մեկ հարց, դա Փաշինյանի հրաժարականի հարցն է, ինչպես նաև հայտարարվեց, որ ՀՀԿ-ն երբեք որևէ երկխոսության չի գնա կապիտուլյանտի իշխանության հետ։ Այն ժամանակ ընդդիմությունն աջակցեց այդ քաղաքական ուղեգծին, և Փաշինյանը ստիպված եղավ հրաժարվել արտահերթ ընտրությունների գաղափարից։ Հաջորդ փուլում, երբ որոշ ընդդիմադիր առաջնորդներ և ուժեր հայտարարեցին արտահերթ ընտրությունների մասնակցելու պատրաստակամության մասին, ընդդիմությունը պառակտվեց։ ՀՀԿ-ն, կրկնեմ, արտահերթ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ որոշում երբեք չի կայացրել, նման որոշում չկա։

-Իսկ ինչպիսի՞ն է հարցի նկատմամբ ձեր անձնական դիրքորոշումը, չէ՞ որ եթե փողոցն իրեն չարդարացրեց, ապա ընտրությունները նույնպես պայքարի միջոց են:

-Կոռեկտ չեմ համարում այսօր խոսել անձնական դիրքորոշման մասին, որը ես շարադրում եմ ներկուսակցական քննարկումների ընթացքում: Երբ կուսակցությունը վերջնական որոշում կայացնի, այդ ժամանակ էլ կխոսենք։

-Ենթադրում եմ, որ դա կլինի այն բանից հետո, երբ նախագահը պաշտոնապես հայտարարի՞ արտահերթ ընտրությունների օրը։

-Մոտավորապես այդ ժամանակ: Կարծում եմ, որ Նիկոլի ռեժիմի դեմ պայքարի ակունքներում կանգնած ՀՀԿ-ն այսօր ունի գործողությունների օրակարգ։ Փողոցն արդյունք չտվեց, օրակարգում ընտրություններն են, հասարակությունը պատրաստվում է դրանց, իսկ թե ինչ ձևաչափով ՀՀԿ-ն կմասնակցի այդ ընտրարշավին, մենք կհայտարարենք ավելի ուշ։ Ի դեպ, չեմ բացառում իրադարձությունների ցանկացած զարգացում, նույնիսկ այն, որ ընտրությունները չեն կայանա... ՀՀԿ-ի նպատակը հաջորդ գումարման խորհրդարանում 10-20-30 մանդատ ուենալը չէ, մեր նպատակը արդյունավետ պայքարն է Նիկոլի և նիկոլականության դեմ։ Ես չեմ պատկերացնում ինձ հաջորդ գումարման խորհրդարանում՝ վարչապետ Փաշինյանի օրոք։ ՀՀԿ-ն դե յուրե ամենախոշոր արտախորհրդարանական ուժն է, ունի հնարավորություններ և փորձ, ուստի չի կարող բավարարվել դիտորդի դերով…

-Ընդդիմադիր ուժերի շարքերում (բացառությամբ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի) շատ քիչ են գրագետ և փորձառու մարդիկ, որոնք կարող են վստահված անձանց և դիտորդների դեր կատարել ընտրատեղամասերում: ՀՀԿ տարածքային ստորաբաժանումներն ունեն մարդկային պատկառելի ռեսուրս, առանց որի անհնար է վերահսկողություն իրականացնել քվեարկության ընթացքի և բոլոր տեղամասերում ձայների հաշվարկի նկատմամբ։ Ցավալի կլինի, եթե այդ ռեսուրսը չգործարկի կապիտուլյանտի ռեժիմի դեմ պայքարում…

-Կարծում եմ, որ ՀՀԿ-ն պետք է պայքարի։ Կուսակցությունը կորդեգրի այն ձևաչափն ու մարտավարությունը, որոնք առավել արդյունավետ կլինեն կապիտուլյանտի ռեժիմի դեմ պայքարում։ Եթե հասարակությունը գնա ընտրությունների, ապա ազգային օրակարգ ունեցող ուժերը պարտավոր են առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի Փաշինյանն ու իր արբանյակները չկարողանան ձայների 50 +1% ստանալ խորհրդարանի պատերի ներսում՝ իշխող կոալիցիա ստեղծելու համար։

-Դատելով ներկա իրավիճակից, երբ ամբողջ մարզեր դեմ են Փաշինյանին, դժվար թե նրա կուսակցությանը կամ դաշինքին հաջողվի նվաճել ձայների կեսից ավելին։ Ամենայն հավանականությամբ, խորհրդարանում նրան իսկապես պետք կլինեն գործընկերներ՝ կոալիցիա կազմելու համար

-Մի՞թե միայն մարզերն են Նիկոլի դեմ, իսկ Երևա՞նը։ Երևանում Փաշինյանի վարկանիշն ամենից ցածրն է։

Основная тема:
Теги: