«Ազատություն հայ ռազմագերիներին». Ակցիա ԱԺ-ի մոտ

«Ազատություն հայ ռազմագերիներին» նախաձեռնությունն այսօր՝ ապրիլի 30-ին, ակցիա է կազմակերպել Ազգային ժողովի դիմաց: Ակցիային մասնակցելու համար այստեղ են ժամանել Հայաստանի տարբեր մարզերից, մասնավորապես, Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները, ծնողները:

Նախաձեռնության կազմակերպիչները Սեդա Գրիգորյանը նշեց այս նախաձեռնության առաջին ակցիան տեղի է ունեցել ապրիլի 15-ին, երբ աշխարհի 15 երկրներում գերիների վերադարձի պահանջով ակցիաներ են տեղի ունեցել

«Այս նախաձեռնությունը մեկնարկել է Սփյուռքում, որտեղ մի քանի համայնքներում արդեն ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում իրենց կառավարությունների կամ Ադրբեջանի դեսպանատների մոտ: Առաջին ակցիան տեղի է ունեցել ապրիլի 15-ին, որին մասնակցել են աշխարհի շուրջ 15 քաղաքներ:

Այսօր արդեն 15 երկրների 30-ից ավելի քաղաքներ են մասնակցում ակցիային: Դրանց շարքում են հետևյալ քաղաքները՝ Բեռլին, Ժնև, Մոսկվա, բրյուսել, լոնդոն, Լոս Անջելես, Նյու Յորք, Հռոմ, Երևան, քաղաքներ Խորվաթիայից, Իսրայելից, Չեխիայից:

Հատկանշական է, որ ակցիային միանում են ոչ միայն հայկական համայնքները, այլ միջազգային իրավապաշտպաններ ու ակտիվիստներ»,-ասաց նա, ով ընթերցեց իրենց կազմած հայտարարության տեքստը հայերեն և անգլերեն:

Գերիներից մեկի հարազատը լրագրողներին ասաց. «Ինչքան ժամանակը երկարում է, ավելի վատատեսորեն ենք նայում իրականությանը, որ երբևէ կտեսնենք մեր զավակներին: Այո, տեսաուղերձ եղավ, կապ ունեցանք իրենց հետ, տեսանք, որ ողջ են, բայց թե ինչ պայմաններում են, մենք չգիտենք: Մենք միայն ուզում ենք, որ մեր երեխեքը ողջ առողջ վերադառնան»:

Ակցիայի մասնակիցները երթով, ապա նաև ավտոերթով շարժվեցին դեպի Հայաստանում մի շարք երկրների դեսպանատներ, որտեղ ընթերցեցին իրենց հայտարարությունը՝ պահաջելով գործական քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիներին հնարավորինս շուտ և առանց նախապայմանների վերադարձնելու Ադրբեջանից, տեղեկացնում է News.am: