Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԻՆՉՈՒ՞ ԷՐ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԳՆԱՑԵԼ ՍՅՈՒՆԻՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ Politik.am-ը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։

 

ԱՄՆ դեսպանն իր վերջին հարցազրույցում ասում էր, որ իրենք կարող են ՀՀ-ին տալ ռազմական էական աջակցություն, բայց Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Արդյո՞ք սա առաջարկ է Հայաստանին՝ փոխել վեկտորն արտաքին քաղաքականության մեջ։

Նախ պետք է հասկանալ՝ ինչ է ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Օրինակ՝ Ադրբեջանին տրամադրում են ռազմական օգնություն, վերջին երեք տարիներին շուրջ 100 մլն դոլարի ռազմական օգնություն են տրամադրել, բայց դրանք տրամադրվել են բացառապես կրթական ծրագրերի տեսքով՝ հակաահաբեկչական գործողությունների համար։ Ընդ որում հաշվի են առել Ադրբեջան-Իրան ջրային սահմանը։ Մենք էլ ենք ինչ-որ օգնություն պարբերաբար ստացել, թեև ծավալը փոքր է եղել։ Օրինակ՝ Տաջիկստանն ու Ղրղզստանն էլ վերջին 3 տարիներին մոտ 40 մլն դոլարի աջակցություն են ստացել ԱՄՆ-ից՝ լինելով ՀԱՊԿ անդամ պետություն։ Դեսպանի նպատակը կարծում եմ այլ էր։ Սա առաջին հերթին մեսիջ էր առ այն, որ միգուցե ՀԱՊԿ-ի հետ վերանայենք մեր հարաբերությունները։

ԱՄՆ-ն, շրջանցելով 907 բանաձևով սահմանված արգելքը, ռազմական աջակցություն է պատրաստվում տրամադրել Ադրբեջանին։ Սա ի՞նչ մեսիջ է։

Տեսեք, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը միասնական որևէ համակարգում չեն, իսկ դեսպան ասում էր, որ քանի որ ԱՄՆ-ն ՀԱՊԿ-ի անդամ չէ, ՀՀ-ին օգնել չի կարող։ 907-րդ բանաձևում կա հոդված, որով արգելվում է որևէ տեսակի օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Իսկ 2001-ին Բուշը պառլամենտից խնդրեց, որ կոնկրետ դեպքերում շրջանցի այդ հոդվածը և օգնություն տրամադրի Ադրբեջանին։ Բայց տրամադրվող աջակցությունից առաջ էլ պայման են թելադրում, որ այդ աջակցությունը չպետք է օգտագործվի Հայաստանի ու Արցախի դեմ։ Բայց չկա որևէ վերահսկողություն, թե այդ գումարն ինչի վրա է ծախսվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Panorama.am