ԱԿԱՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Իշխանության և ընդդիմության ներկայումս դիտարկվող նախընտրական խրոխտանքը լոկ արտաքին ճակատն է։

Իշխանական շքասրահներում այնքան էլ չեն հասկանում, թե ինչ է լինելու հետո։ Այնպիսի տպավորություն է, թե արտահերթ ընտրություններ նշանակելիս Փաշինյանը գլխացավանքի սաստիկ պակաս ուներ և որոշեց լրացնել դա։ Բայց նույնն է նաև ընդդիմության պարագայում, որին համակել է աբուլիան՝ կամքի կաթվածահարությունը։ Նա չի ցանկանում այլևս ոչինչ անել։ Քաղաքական խոր ճգնաժամը, որում հայտնվել է երկիրը, հեշտ ու արագ լուծում կարծես թե չունի։ Մեզ կարող են սպասել հասարակության գնալով ավելի խորացող պառակտում և դիրքային տևական դիմակայություն։

Հասարակության մեջ կուտակված քաղաքական էներգիան ծախսվելու է ոչ թե ստեղծարարության, այլ ջլատող կործանարար պայքարի վրա։ Ինչո՞ւ անպայման կործանարար։ Որովհետև երբ խաղը չունի բոլորի կողմից ընդունված կանոններ, դա այլևս խաղ չէ։ Դա տուրուդմփոց է, որի ընթացքում ջարդուխուրդ է արվում կահույքը, կոտրվում պատուհանները և ընդհանրապես ամեն կերպ քարուքանդ լինում մեր ընդհանուր տունը։ Մենք, ցավոք, խոսում ենք այն անվիճելի փաստերի մասին, որոնք չեն կարող ի չիք դառնալ աչք փակելով։

Հուսալ, թե արտահերթ ընտրությունները գոնե ինչ-որ կերպ կլիցքաթափեն իրավիճակը, հունիսի 21-ին ԿԸՀ-ի ծխնելույզից սպիտակ ծուխ կբարձրանա, որից հետո Տիգրան Մուկուչյանը կդիմի ժողովրդին՝ «Ավետիս մեզ ամենքիս, մենք Իրավահաջորդ ունենք» ավանդական արտահայտությամբ, միամտության գագաթնակետն է։ Հենց թեկուզ այն պատճառով, որ առաջիկա ընտրությունների լեգիտիմության տակ արդեն ական է դրված։ Եվ դրել է դա Փաշինյանը՝ հրաժարական տալով վարչապետի պաշտոնից և միաժամանակ հայտարարելով, որ շարունակելու է մնալ պետության ղեկավարի պաշտոնակատար։

Ստեղծված պարադոքսալ իրավիճակի շուրջ արդեն քանի օր շարունակ թեժ վեճեր են ընթանում, որոնց ընթացքում կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում համոզել մեկմեկու։ Սա արդեն հիշեցնում է ամերիկացի հայտնի ռեժիսոր Ռոբերտ Ուիլսոնի ներկայացումները, որոնք ձգվում են ժամեր և նույնիսկ օրեր շարունակ։ Ընդ որում բեմական գործողության մեկ ժամվա ընթացքում սյուժեն կարող է առաջ չշարժվել և ոչ մի քայլ։ Հանդիսատեսն անհրաժեշտության դեպքում կարող է հանգիստ դուրս գալ դահլիճից և վերադառնալ մեկ ժամ անց, այդուհանդերձ ոչինչ բաց չթողնելով սյուժեից։

Ընդ որում երկու կողմերն էլ վկայակոչում են Սահմանադրությունը։ Փաշինյանի կողմնակիցները մեջբերում են Սահմանադրության 158-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ կառավարության հրաժարականից հետո «կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը», ինչպես նաև 147-րդ հոդվածը. «Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից»:

Փաշինյանի հակառակորդները սպառազինության են առել հետևյալ փաստարկը։ Օրենսդրության մեջ չկա ձևակերպում այն մասին, թե վարչապետը կառավարության անդամ է։ Այնտեղ ասվում է միայն, որ կառավարությունը բաղկացած է վարչապետից, փոխվարչապետներից ու նախարարներից։ Հետևաբար, վարչապետը կառավարության անդամ է, բայց կառավարության անդամներն ունեն երեք տարբեր կարգավիճակ. վարչապետ, փոխվարչապետ, նախարար։ Կառավարության հրաժարականից հետո շարունակում են իրենց պարտականությունները կատարել կառավարության լոկ այն անդամները, որոնք իրենք հրաժարական չեն տվել։ Այսինքն կառավարության բոլոր անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները, բացի վարչապետից, որը հրաժարական է տվել։ Նրան պետք է փոխարինի փոխվարչապետներից մեկը։

Ընդհանրապես ես տարիներ շարունակ ուշադիր հետևում եմ այն ամենին, ինչ ասում են քաղաքական գործիչներն ու իրավաբանները, և միշտ հանդես եմ եկել բացատրական բառարան կազմելու օգտին՝ նրանց լեզուն համամարդկայինի թարգմանելու համար, բայց տվյալ դեպքում, համաձայնեք, տրամաբանությունը ծայրաստիճան հստակ է։

Ինչևէ, կա խնդրի նկատմամբ տրամագծորեն հակադիր երկու մոտեցում, որոնց կողմնակիցները վկայակոչում են գործող Սահմանադրությունը։ Ի՞նչ է պետք անել։ Մեկ րոպե եմ տալիս մտածելու համար։ Դե, կա՞ն տարբերակներ։ Ճի՛շտ է. դիմել Սահմանադրական դատարան։

Պարզ է, որ կառավարության պարագայում տվյալ տարբերակը նույնիսկ չի քննարկվում։ Նախ՝ կառավարությունը մեկնաբանությունների համար պետք է ՍԴ դիմեր դեռ նախքան իր հրաժարականը։ Երկրորդ՝ Փաշինյանը, որպես կանոն, նախընտրում է անձամբ մեկնաբանել Սահմանադրության հոդվածները, այլ ոչ թե վստահել այդ պատասխանատու գործը ինչ-որ ՍԴ անդամների։

Ճիշտ է, երեք տարի առաջ նա դիմում էր նաև «հպարտ քաղաքացիների» օգնությանը, որոնք, ինչպես վաղ ժողովրդավարություններում, որոշումներ էին կայացնում հրապարակում՝ ակլամացիայի միջոցով, երբ իրավացի էր ճանաչվում ամենից բարձր ճղավող կողմը։ Բայց քաղաքացիներն այսօր մի տեսակ անվստահելի են պահում իրենց, կարող են և միանգամայն այլ բան գոչել, ինչպես Սյունիքում, այնպես որ նախընտրում է ամեն ինչ անել անձամբ:

Սահմանադրական դատարան կարող էր դիմել նաև նախագահ Արմեն Սարգսյանը։ Ավելին, նա պարտավո՛ր էր դիմել այնտեղ։ Բայց ամորձատված քաղաքական հավակնություններով նախագահը վաղուց ու սահուն կերպով ընդգրկվել է փադիշահ Նիկոլի հավատարիմ ներքինիների շրջանակում։ Նրա պահվածքը ես կանվանեի «չղջիկի սինդրոմ»։ Եզոպոսի առակում մուկը ցանկացավ դառնալ թռչուն ու ճախրել։ Աստվածները պատժեցին նրան ու թևեր տվեցին։ Այդ օրվանից նրան յուրային չեն համարում ո՛չ մկները, ո՛չ թռչունները։ Այդպես էլ Արմեն Սարգսյանը։ Նրա բոլոր գործողությունները՝ որպես Սահմանադրության երաշխավորի, հիշեցնում են շարքային օպերային բեմադրություն. հաստամարմին երգիչներ ու երգչուհիներ՝ կեղծ թավշից կարված կեղծ պատմական զգեստներով, որոնք պարզած ձեռքերի անբնական շարժումներով ուղեկցում են իրենց գեղգեղանքը ստվարաթղթե դղյակի խորապատկերին։

Եվ վերջապես, Սահմանադրական դատարան կարող Են դիմել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունները։ Ինչ մարտավարությո՞ւն կընտրեն նրանք։ Թեև «մարտավարություն» բառը մեզանում այսօր հարգի չէ իր անարժեքության պատճառով. տեղից վեր կացող յուրաքանչյուրը մարտավար է։

Կցանկանա՞ն արդյոք ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն համատեղ ջանքերով գոնե մեկ անգամ ցույց տալ, որ թեկուզ հրաշքով, թեկուզ սխալմամբ, բայց իրենք ունակ են արժանապատիվ արարք գործել։

Մեծապես կասկածում ենք։ Խորհրդարանական ընդդիմությունն ընտրություններից առաջ զբաղված է, ինչպես ինքն է արտահայտվում, «ժամացույցի ստուգմամբ»։ Սկզբունքորեն, եթե Պողոսն ունի աշխատող ժամացույց և Պետրոսն էլ ունի ունի աշխատող ժամացույց, ապա դրանց ցուցմունքները ստուգելն օգտակար է, որպեսզի թյուրիմացություններ չլինեն: Բայց դա՝ եթե ժամացույցները սարքին են։ Մինչդեռ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների պահվածքը հանգեցնում է այն մտքին, որ ժամացույցները նրանց նվիրել է Նիկոլը։ Գեղեցիկ ժամանակաչափեր՝ մաքուր ոսկուց, բայց մի ոչ մեծ թերությամբ։ Սլաքները չեն շարժվում, քանի որ ներսում չկա դրանք շարժման մեջ դնող մեխանիզմ: Այնպես որ Նիկոլից ստացած ժամացույցների ստուգման իմաստն այնքան էլ հասկանալի չէ։

Ճիշտ է, Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրեց «Բարգավաճ Հայաստանին» և «Լուսավոր Հայաստանին» հակասահմանադրական ընտրությունների անցկացման համար պատասխանատվության մասին, բայց ո՞վ է այսօր լսում ավագների կարծիքը։

Այսպիսով, քաղաքական դաշտի բոլոր խաղացողներն առանց առանձնակի դիմադրության գնում են ընտրությունների, որոնց լեգիտիմության տակ արդեն ական է դրված։ Ինչ-որ բանով դա հիշեցնում է «Տիտանիկը»։ Համաձայն առասպելի՝ աղետի ենթարկված նավի երաժիշտները նվագել են մինչև վերջին պահը։ Պատմությունն այդ չափազանց գեղեցիկ է ճշմարտություն լինելու համար։ Սակայն, նույնիսկ եթե հենց այդպես էլ եղել է, այդ որոշումը նրանք կայացրել են ինքնուրույն, որպեսզի երաժշտությամբ խլացնեն իրենց և խորտակվող գծանավի մնացած ուղևորների կյանքի վերջին րոպեների սարսափը։ Գուցե հենց այդտեղի՞ց է ծնունդ առել «Եթե մեռնել, ապա նվագի տակ» արտահայտությունը։

Չէինք ցանկանա հանդես գալ Կասանդրայի դերում, բայց, կարծում ենք, այս ընտրությունների արդյունքում մեր ընդհանուր նավը հաստատ հատակ է իջնելու։ Իրավիճակը իսկապես անելանելի է, թե՞ ինչ-որ բան կարող է փրկել մեզ։

Մեկ հնարավորություն այնուամենայնիվ կա։ Քանի որ շոշափեցինք ծովային թեման, վերջում պատմենք կործանիչ ալիքների մասին: Դա բավական առեղծվածային բան է, երբ համեմատաբար հանդարտ ծովում անսպասելիորեն առաջանում է չափազանց մեծ ալիք, որը բազմապատիկ գերազանցում է միջին ալիքների չափերը: Եթե ալիքների միջին մակարդակը, ենթադրենք, հինգ մետր է (և դրանք նույնպես, իհարկե, մեծ ալիքներ են), ապա կործանիչ ալիքի բարձրությունը 30 մետր է: Առաջանում է այդ ալիքն այն պատճառով, որ դրա մեջ կուտակվում ու կենտրոնանում է էներգիան:

Եվ հենց այդպիսի ալիքը կարող է մեզ փրկել։