ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՇՏԿՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ. ԹՐԵՅՍԻՆ ԵՎ ԲԼԻՆՔԵՆԸ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԿԱՄ ԷՐԴՈՂԱՆԻՆ
Հաշված ժամեր անց այն բանից հետո, երբ Ջո Բայդենը ապրիլի 24-ի իր ուղերձում արտասանեց «ցեղասպանություն» եզրույթը, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները նետվեցին մեկը մյուսի հետևից արդարացնելու և նսեմացնելու այդ իրադարձության նշանակությունը։ Ապրիլի 26-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում դեսպան Լին Թրեյսին շտապեց հայտարարել, որ իրավական ոչ մի հետևանք ճանաչումից ակնկալել չարժե։ Իսկ ապրիլի 28-ին նրա շեֆը՝ պետքարտուղար Բլինքենը ջերմեռանդորեն հանգստացնում էր թուրքերին, թե իբր՝ Բայդենը չի էլ փորձել մեղքը գցել ձեզ վրա, խոսքն ընդամենը զոհերի հիշատակը հարգելու մասին է, իսկ ուշադրության կենտրոնում «Օսմանյան կայսրության վերջին օրերի իրադարձություններն» էին։
Ե՛վ Թրեյսին, ե՛վ Բլինքենը առանձնահատուկ ընդգծեցին, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունները պետք է արդյունավետորեն հարթվեն, որ Անկարան Վաշինգտոնի սերտ գործընկերն ու կարևոր դաշնակիցն է, և երկու երկրները միասին են աշխատում բազմաթիվ հարցերի շուրջ: Դե, ինչպես ասում են, չէինք էլ կասկածում... Ինչպես որ կասկածից վեր է այն, որ ճանաչելով պատմական փաստն ամբողջ 106 տարի անց, ամերիկացիներն անում են ամեն ինչ, որպեսզի նսեմացնեն սեփական քայլի նշանակությունն ու նվազագույնի հասցնեն հետևանքները։ Բնավ պատահական չէ, որ Թուրքիայի արձագանքն այդքան «համեստ» էր. Էրդողանը նույնիսկ հետ չկանչեց իր դեսպանին Վաշինգտոնից, ինչպես դա արվել է այլ դեպքերում, օրինակ՝ Ֆրանսիայի և Գերմանիայի պարագայում։
Ի՞նչ նկատի ունի Լին Թրեյսին, խոսելով այն մասին, որ իրավական ոչ մի հետևանք ակնկալել չարժե: Ինքը՝ տիկին դեսպանը չկոնկրետացրեց ասվածը, սակայն Բլինքենի հայտարարությունն ինչ-որ չափով նախորոշում է հետևյալ հարցի պատասխանը. եթե ԱՄՆ-ը մեղավոր չի համարում ժամանակակից Թուրքիային, նշանակո՞ւմ է արդյոք դա, որ Հայաստանը չի կարող բարձրացնել փոխհատուցման հարցը։ Բացի այդ, Բայդենի հայտարարությունից անմիջապես հետո շատերը սկսեցին խոսել այն հայցերի մասին, որոնք Ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից ավելի վաղ ներկայացվել էին դատական տարբեր ատյաններ և վերաբերում էին Արևմտյան Հայաստանում իրենց նախնիների թողած ունեցվածքին։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ հենց ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից հետո այդ իրավական գործընթացը կարող է ավելի մեծ թափ և ավելի մեծ հնարավորություններ ստանալ դրական ելքի համար։
Այսպես, Նիդեռլանդներում «Աբովյան» հայկական մշակութային ասոցիացիայի ներկայացուցիչ Ինգե Դրոստը հայտնեց ՌԻԱ Նովոստիին, որ Թուրքիայի դեմ մինչ այդ կասեցված հայցերին, ինչպես սպասվում է, կրկին ընթացք կտրվի: «Առ այսօր ԱՄՆ դատարանները հրաժարվում էին ընդունել հայերի բողոքները՝ նշելով, որ ամերիկյան վարչակազմը չի ճանաչում ցեղասպանության փաստը։ Այժմ իրավիճակը փոխվել է, և մենք ակնկալում ենք, որ այդ հայցերի քննումը կվերսկսվի ԱՄՆ տարածքում»,- ասաց նա։ Դրոստը նաև նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր հեռանկարներ է բացում պատմական արդարության հաստատման համար, այդ թվում՝ փոխհատուցման ոլորտում:
Թե ինչպես կարող է ազդել Բայդենի կողմից ճանաչումը ռեպարացիաների խնդրի վրա ինչպես մասնավոր, այնպես էլ պետական մակարդակով, անշուշտ, մասնագիտական վերլուծություն պահանջող հարց է: Հիշեցնենք, որ Անկարայում, արձագանքելով ԱՄՆ նախագահի հայտարարությանը, հակադարձեցին, թե ճանաչումը, իբր՝ «իրավական հիմք չունի»։ Նման մոտեցման որոշակի համընկնումը դեսպան Թրեյսիի հայտարարության հետ, մտահոգիչ է։ Մանավանդ որ նա արտահայտում է ոչ թե անձնական տեսակետ, այլ Պետդեպարտամենտի դիրքորոշումը։ Եվ նման «արդարացումները» ինչպես պատմական, այնպես էլ իրավական առումով արդարացի քայլի համար, իհարկե, նվաստացուցիչ են մեծ տերության պարագայում, նույնիսկ եթե խոսքը ամենամտերիմ դաշնակցի մասին է։
Ավելին, պետքարտուղարն ինչ-որ առումով վիրավորում է իր իսկ նախագահին՝ ամեն կերպ փորձելով նսեմացնել նրա հայտարարության քաղաքական կշիռն ու նշանակությունը։ Այլ կերպ դժվար է մեկնաբանել Բլինքենի խոսքերն այն մասին, թե «Բայդենը շարադրել է իր վաղեմի տեսակետները, երբ հանգստյան օրերին Սպիտակ տունը նրա անունից գրավոր հայտարարություն տարածեց, որում ԱՄՆ ներկայիս առաջնորդը ճանաչել է 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում»: Անխուսափելիորեն հարցեր են առաջանում, մասնավորապես. համարո՞ւմ է արդյոք պետքարտուղարը, որ Ջո Բայդենը շարադրել է իր անձնական կարծիքը, այլ ոչ թե պետության դիրքորոշումը։ Նույնիսկ եթե պետքարտուղարը համամիտ չէ «Բայդենի տեսակետներին», նման ակնարկներն, անշուշտ, պատիվ չեն բերում ԱՄՆ նախագահի թիմի առանցքային անդամներից մեկին։
Եվս մեկ կարեվոր կետ վերոնշյալ հարցազրույցում Լին Թրեյսիի արած հայտարարություններից: «Ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 1915 թվականին։ Ցեղասպանության մասին կոնվենցիան ուժի մեջ է մտել 1951 թվականին. կարծում ենք, որ իրավական տեսանկյունից Կոնվենցիան հետադարձ ուժ չունի»,- նշեց նա։ Այն հարցը, թե կարող է արդյոք կիրառվել ՄԱԿ-ի կոնվենցիան Հայոց ցեղասպանության նկատմամբ, բազմիցս քննարկվել և պարզաբանվել է փորձագետների կողմից, ամենայն հավանականությամբ՝ տիկին դեսպանը ծանոթ չէ մասնագետների գնահատականներին: Ուստի հիշեցնենք նրան գլխավորի մասին. կոնվենցիայի հեղինակը՝ լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը, մշակելով «ցեղասպանություն» հասկացությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեա ժողովրդի ողբերգությունից անմիջապես հետո, վկայակոչել է հենց հայերի կոտորածը 1915 թվականին՝ որպես ցեղասպանության հիմնարար օրինակ: Սա հանրահայտ փաստ է։
Բացի այդ, Հոլոքոստը նույնպես տեղի է ունեցել մինչև կոնվենցիայի ընդունումը 1948 թվականին (դեսպանը պատահաբար կամ միտումնավոր նշում է ուժի մեջ մտնելու տարին՝ 1951): Նշանակո՞ւմ է արդյոք դա, ամերիկացի դիվանագետի տրամաբանությամբ, որ տերմինը կիրառելի չէ ֆաշիստական Գերմանիայում հրեաների ցեղասպանության նկատմամբ։
Երկար տարիներ ԱՄՆ-ի նախագահներն արել են այն, ինչի մասին խոսում է Էնթոնի Բլինքենը. հարգանքի տուրք են մատուցել թուրքերի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործության զոհերի հիշատակին՝ ձեռնպահ մնալով իրավական դասակարգումից: Ակնարկելով ընդ որում քաղաքական շահերի մասին, խուսավարելով սեփական խոստումների և պրագմատիկ նկատառումների միջև, օգտագործելով բազմապիսի տերմինաբանություն, ընդհուպ մինչև «Մեծ Եղեռն» հայերեն արտահայտության գործածում։ Վերջապես գտնվեց մի առաջնորդ, որը նշմարեց տվյալ ժամանակահատվածում իր երկրի շահերի համընկնման բարակ թելը հայազգի քաղաքացիներին իր տված խոստումների հետ, ինչը նրան հնարավորություն տվեց կոչել իրերն իրենց անուններով։ Այսինքն պատմական իրադարձությանը տալ հենց իրավական գնահատական։
Արժե՞ արդյոք խոսել այն մասին, թե որքան էժան ու անվայել են իշխող վարչակազմի ներկայացուցիչների փորձերը՝ արժեզրկելու նման քայլի նշանակությունը ոչ միայն Ջո Բայդենի, այլև ընդհանրապես Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ «Ռեալ պոլիտիկ» ուղեգիծը, իհարկե, օգտակար բան է, բայց երբեմն անհրաժեշտ է մնալ սեփական բարձրության վրա, նույնիսկ եթե դա սաստիկ դուր չի գալիս մտերիմ գործընկերոջն ու դաշնակիցին: Որը, ինչպես ցույց է տալիս նախորդ տարիների փորձը, միանգամայն բարեհաջող կերպով կուլ կտա ճանաչման փաստը՝ ելնելով կրկին իսկ սեփական շահերից։ Եվ նույնքան հարկադրված կհաշտվի իրավական հետևանքների հետ, որոնք անխուսափելի են, չնայած Բլինքենի ու Թրեյսիի ողջ ջանք ու եռանդին:
Չէ՞ որ ԱՄՆ-ում դատարաններն անկախ են, իսկ մարդու իրավունքները վեր են ամեն ինչից, այնպես չէ՞, տիկին դեսպան։