«Ժողովուրդ». ՀԵՐԹԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԵՄ․ ՄԻՊ-Ը ՄՏԱՀՈԳԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ Է ՏԵՍՆՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Մայիսի 4-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանի ընթացքում նախատեսվում է երկրորդ ընթերցմամբ քննարկել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Չնայած իշխող «Իմ քայլը» խմբակցությունը կարողացավ արագորեն այն անցկացնել առանց խնդիրների, սակայն փոփոխությունները մտահոգություն են առաջացնում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրենսգրքին անդրադարձել է նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Բանն այն է, որ հատկապես մտահոգիչ են այն դրույթները, որոնք կապ ունեն զանգվածային լրատվամիջոցների հետ։

Մասնավորապես, օրենսգրքի 9-րդ հոդվածով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ «Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ կամ զրպարտություն հրապարակելը» 154.15-րդ հոդվածով: Վերջինով պատիժ է նախատեսվում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, քվեարկության օրը՝ մինչև օրենքով սահմանված՝ քվեարկության ավարտը, կամ դրան նախորդող օրը տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով անանուն աղբյուրի միջոցով վարկանիշը վնասելու նպատակով կեղծ տեղեկություններ կամ զրպարտություն հրապարակելու համար:

Նույն հոդվածի 2-րդ մասով պատիժ է սահմանվում նույն արարքի համար, որն իրականացվել է հինգ կամ ավելի անանուն աղբյուրների միջոցով: Սակայն ՄԻՊ-ն ընդգծում է, որ դեռևս 2010 թվականից ապաքրեականացվել են զրպարտությունն ու վիրավորանքը, և այդ ինստիտուտները տեղափոխվել են քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման տիրույթ:

Թաթոյանը նկատում է, որ մտահոգության տեղիք են տալիս քրեականացվող արարքի պայմանները՝ «անանուն աղբյուրի միջոցով» և «վարկանիշը վնասելու նպատակով» արտահայտությունները: Եվ ելնելով այս ամենից՝ ՄԻՊ-ն առաջարկում է հաշվի առնել այդ ռիսկերը:

Նկատենք, որ սա հերթական օրինագիծն է ԶԼՄ-ների դեմ, իսկ որոշներն էլ դեռ նոր պիտի ԱԺ հասնեն»։

News.am