ՈՆՑ ՈՐ ՊԵՏՔ է, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՄՐԱՑՆՈՒՄ Է…

Խորհրդարանում երեկ տեղի ունեցած մի բանավեճ չէր կարող չմտահոգել։ Երբ վարչապետը պատասխանում էր պատգամավոր Թագուհի Թովմասյանի այն հարցին, թե ինչու չի ամրապնդվում սահմանը Վայոց ձորում, Գեղարքունիքում, Սյունիքում։ Հատկապես վերջին երկու մարզերում, որոնք սահմանամերձ են դարձել Նիկոլ Փաշինյանի մեղքով։

Ի՞ՆՉ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ: Դե, նախ, թե իբր՝ դու ո՞վ ես, որ ես քեզ հաշվետու լինեմ։ Դու ընդհանրապես այստեղ շուտով պետական գաղտնիքները կմատնես... Բայց դա կես դժբախտությունն է։ Շատ ավելի վատթար է, որ պատասխանի էությունն այն էր, թե՝ քո գործը չէ՛ դա, սահմանամերձ շրջանների անվտանգության խնդիրը։ Ասել է թե՝ ոնց որ պետք է, այնպես էլ ամրացնում ենք սահմանամերձ տարածքները։ Քիթդ մի՛ խոթիր։

Ոչինչ չի՞ հիշեցնում։ Ճիշտ նույն կերպ էր Փաշինյանը պատերազմից առաջ պատասխանում ընդդիմության այն հարցին, թե ինչ է քննարկվում բանակցությունների սեղանի շուրջ։ Իբր, դա ձեր ընդդիմադիր գործը չէ՝ իմանալ, թե ինչ ենք քննարկում։ «Ինչ որ պետք է, էն էլ բանակցում ենք»,- ասում էր Փաշինյանը վստահ տեսքով։ Թե իբր՝ բանակցում եմ, ելնելով իմ կետից, այլ ոչ թե այն տխուր ժառանգությունից, որ ինձ թողել են«նախկինները»... Եվ երբ նրան ասում էին, թե՝ ձևեր մի թափիր, շարունակիր նախկին ուղեգիծը, պնդիր, որ կատարվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, Փաշինյանը քմծիծաղում էր։ Ինչ որ պետք է, այն էլ բանակցում էր նա

Արդեն հասկանալի է, թե ինչ էր բանակցում... Այդ ժամանակ բանակցություններն արդեն խուլ փակուղի էին մտցվել։ Ընդ որում ոչ կառուցողական էր համարվում հենց հայկական կողմը։ Արդյունք չտվեցին նաև Փաշինյանի ու Ալիևի էմիսարների գաղտնի հանդիպումները, և Ադրբեջանը ողջ թափով պատրաստվում էր պատերազմի, պայմանավորվում «Բայրաքթարների» գնման մասին։ Արդյունքում բանակցությունները, որոնք Նիկոլը «ոնց որ պետք է, այնպես էլ վարում էր իր կետից» և որոնք հույժ գաղտնի էր պահում, հանգեցրին մեծ պատերազմի։

Այսինքն Նիկոլը պարզապես հերթական անգամ ստում էր, երբ ասում էր, թե գիտի, թե ինչի շուրջ բանակցել։ Ինչպես որ ստում էր, երբ պատերազմից առաջ, ի պատասխան գաղտնի բանակցությունների առկայության մասին Ալիևի խոսքերի, ասում էր, թե այնպիսի՜ կոմպրոմատ ունի Ալիևի դեմ, որ եթե ինքը՝ Նիկոլը, անկեղծանա, դա հուզումներ կառաջացնի Ադրբեջանում... Առ այսօր լռում է մեր սուտլիկը։ Չի ուզում, երևի, հուզումներ առաջացնել Ադրբեջանում, մեր մարդասերը։

Իրականում բանակցություններ «Փաշինյանի կետից» եթե անգամ ընթանում էին, ապա ընթանում էին արդեն միայն Փաշինյանին Ալիևի հասցեագրած փակ նամակի հունով, որը միջնորդի միջոցով փոխանցվել էր նրան Դուբայում, ինչի մասին վերջերս հայտնեց Արթուր Վանեցյանը։ Այն մասին, թե ինչ է եղել այդ նամակում, ինչ թիվ ու քանի զրոյով, դեռ հայտնի չէ…

Մինչդեռ Նիկոլը պատկառելի բանակցային ժառանգություն էր ստացել, երբ Հայաստանը միջնորդների հետ միասին պնդում էր, որ գործարկվեն հրադադարի պահպանման լրացուցիչ միջոցներ։ Բայց քանդելը կառուցելուց հեշտ է. Փաշինյանն ամեն ինչ շատ արագ փոշիացրեց։

Եվ ահա ներկայումս վարչապետի պաշտոնակատարն ասում է, թե՝ ձեր գործը չէ, ինչպես է սահմանն ամրացվում։ Ոնց որ պետք է, այնպես էլ ամրացվում է, իբր, Ադրբեջանի համար անտեսանելի աշխատանք է ընթանում անվտանգության միջոցների ուղղությամբ, որոնց մասին դուք չգիտեք և չպետք է իմանաք։ Եվ հասկանում ես, որ այդ խոսքերի հետևում ոչինչ չկա։ Ոչի՛նչ։

Այո, կա ՀԱՊԿ-ը, կա ռուսական ռազմաբազան և նրա հենակետերը Սյունիքում։ Կա Հայաստանի անվտանգության համակարգը, որը Նիկոլը ժառանգել է նախկին իշխանություններից։ Բայց դժվա՞ր է արդյոք փլուզել այդ ժառանգությունը ճիշտ այնպես, ինչպես փլուզեց բանակցային գործընթացը։ Եվ հետո ասել, թե ամեն ինչում մեղավոր են «նախկինները», որոնք 30 տարվա ընթացքում կառուցել են միայն մեկ աշխատող համակարգ. կազմակերպված կոռուպցիայի համակարգը։ Իսկ ինքը՝ ի՞նչ։ Ի՞նչ կարող էր ինքը հասցնել 3 տարում։ Նա արդեն իսկ խոսում է այդ մասին։

Основная тема:
Теги: