Արմեն ԱՇՈՏՅԱՆ. «ՄԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ՆԻԿՈԼՆ ԻՆՔԸ ԴԱՌՆԱ ՆԱԽԿԻՆ»

Իշխանությունն ընտրությունների համար հաշվետո՞ւ է լինելու ԱՄՆ-ին

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները արտաքին քաղաքական կոնսենսուս են Հայաստանի ճակատագրի մասին»,- նախօրեին «Արմնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում փաստեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ:

Նրա խոսքերով, աշխարհի խոշոր խաղացողները համաձայնության են եկել այն առնչությամբ, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը պետք է կարգավորվի ընտրությունների միջոցով:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հրապարակային արտահայտություններն ընտրությունների վերաբերյալ, որոնց մասին մենք արդեն տեղեկացրել ենք մեր ընթերցողներին (առաջիկա արտահերթ ընտրությունների համեմատում 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունների հետ և այլն) արդեն տպավորություն են առաջացրել, որ ՀՀ-ում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը մեծ ուշադրություն է հատկացնում փաստացի մեկնարկած նախընտրական մրցավազքին։ Առ այսօր շատերը կարծում էին, թե առանց ամերիկյան դեսպանության աջակցության Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենալ չի կարող, բայց առաջիկա ընտրությունները կոչված են փարատելու այդ առասպելը։

Անդրադառնալով Թրեյսիի ակտիվությանը՝ ՀՀԿ փոխնախագահը կարծիք հայտնեց, որ իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ հաշվետու է լինելու ԱՄՆ-ին արտահերթ ընտրությունների համար: Այլ կերպ ասած, Սպիտակ տանը իշխանափոխությանը հավանություն չեն տա, ահա և ջանում է դեսպանը.... Այդ ջանքերը շատ նկատելի են։

Աշոտյանի խոսքերով, ընտրություններում ընդդիմադիր դաշինքի (ՀՀԿ+«Հայրենիք»+այլ ուժեր), ինչպես նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած նախընտրական դաշինքի (ՀՅԴ+«Վերածնվող Հայաստան» կուսակցություն՝ Վահե Հակոբյանի նախագահությամբ) հաղթանակի դեպքում հայ-ռուսական հարաբերությունները կվերադառնան արժանապատիվ գործընկերության նախկին հուն: 3 տարվա ընթացքում, Աշոտյանի կարծիքով, գործող իշխանությունն այդ հարաբերությունները հանգեցրել է Ռուսաստանի կողմից մարդասիրական օգնության, «Փարոս» ծրագրի պես մի բանի։

Մասնակցություն «սենդվիչի» սկզբունքով

Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք ընդդիմադիր դաշինքների մասնակցությունը նախընտրական քարոզարշավին գնահատվել որպես իշխանության աշխարհաքաղաքական նկրտումներին և Հայաստանի ներքին գործերին արտաքին ուժերի միջամտության ձգտմանը դիմակայելու փորձ, Աշոտյանն ընդգծեց, որ երկրի ներսում ոչ մի քաղաքական ուժ ռեսուրսներ չունի համաշխարհային խաղացողներին դիմակայելու համար:

Այդուհանդերձ մեր երկրի փոխհարաբերությունները համաշխարհային առաջնորդների հետ պահանջում են, նրա խոսքերով, լուրջ շտկում, ինչն անպայման տեղի կունենա իշխանափոխությունից հետո:

«Հայրենիք»-ի հետ ՀՀԿ-ի նախընտրական դաշինքի ստեղծման մասին լուրն անցած շաբաթվա վերջին անմիանշանակ արձագանք հարուցեց հասարակության մեջ։ Աշոտյանն ընդգծեց, որ նախընտրական ցուցակում չի լինելու երրորդ նախագահը՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Իսկ երիտասարդ քաղաքական կազմակերպություններից մեկի հետ ամենափորձառու կուսակցության (ՀՀԿ-ն ՀՀ-ում գործում է 31 տարի) դաշինքի անհրաժեշտությունը թելադրված է, ըստ նրա, կապիտուլյանտին իշխանությունից հեռացնելու առավել արդյունավետ ձևաչափի ընտրությամբ։ ՀՀԿ-ն առաջին իսկ օրվանից դեմ է հանդես եկել Փաշինյանին ու նրա թիմին, Վանեցյանն այդ թիմի ամենաակտիվ անդամներից մեկն էր։ Այժմ իրենք ունեն մեկ նպատակ և այդ նպատակը կապված է արտահերթ ընտրությունների հետ։ Լինում են տարօրինակ մերձեցումներ, քաղաքականության մեջ դա հազվադեպ երևույթ չէ։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր հանրության վերաբերմունքին այն հանգամանքի նկատմամբ, որ երկրորդ նախագահն ու երրորդ նախագահի կուսակցությունը ընտրություններին մասնակցելու են տարբեր դաշինքներով, ապա Աշոտյանը հերքեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև իբր առկա անհաշտ հակասությունների մասին լուրերը: Նա հայտարարեց, որ երկու նախընտրական դաշինքների մասնակցությունը լինելու է «սենդվիչի» սկզբունքով։ Այլ կերպ ասած, իշխանությունը կսեղմվի կտրած բուլկու երկու կեսերի միջև, երբ ընդդիմադիր երկու դաշինքները կխեղդեն Փաշինյանին իրենց արանքում։

Նախընտրական դաշտում ընդդիմադիր երկու խոշոր դաշինքի առկայությունը պառակտման վկայություն չէ, այդպես կարող են մտածել լոկ նրանք, ում տրված չէ վեր բարձրանալ քաղքենիական բամբասանքների մակարդակից։ Խոսքը մտածված հաշվարկի մասին է։ Ընդդիմադիր երկու դաշինքներն առանձին-առանձին ավելի շատ ձայներ կհավաքեն, քան կհավաքվեին՝ առաջադրվելով միասնական նախընտրական դաշինքի կազմում։ Աշոտյանն ընդգծեց, որ ընտրություններին անջատ մասնակցելու հիմքում նպատակահարմարության սկզբունքն է, այլ ոչ թե երկրորդ և երրորդ նախագահների անձնական հավակնությունները, թեև անցած հանգստյան օրերին որոշ մեկնաբաններ չէին խորշել վիճաբանության և պառակտման թեմայով ամենազառանցալի «վերլուծություններից»: Այդ վայ-վերլուծաբանները դժվարանում են հասկանալ, որ կան մարդիկ, որոնց համար պետության շահերը վեր են ամեն ինչից, որոնք չեն գործում այնպիսի հասկացությունների մղումով, ինչպիսիք են հավակնություններն ու անձնական հաշիվներ մաքրելը։

Որոշ վայ-վերլուծաբաններ մտավարժանքներ ներկայացրեցին նույնիկ այն թեմայով, թե «Նիկոլը Սերժի նախագիծն է, դրա համար էլ ՀՀԿ-ն ու «Հայրենիք»-ը միավորվել են, որ օգնեն Նիկոլին»։ Բարի գալուստ գժանոց, մանավանդ որ Նևրոզների կլինիկան իշխանությունն օրերս վերջնականապես փակել է։ Երեկ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը հայտնեց, որ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքը կգլխավորի Արթուր Վանեցյանը:

ՀՀԿ-ն հուշագիր կառաջարկի

Զառանցալի գաղափարներ տիրաժավորվել են նախընտրական բոլոր քարոզարշավների ընթացքում, ներկայիս արշավն էլ բացառություն չի դառնա, և գլխավորը, ինչի մասին պետք է հիշել, այն է, որ ընդդիմադիր թևում կա լոկ 2 լուրջ խաղացող, երկու դաշինք, իսկ մնացյալ բոլորը իմիտացիա են: Լավ թե վատ, բայց իմիտացիա։

Ընդդիմադիր ընտրողների ձայները նպատակին կծառայեն միայն այն դեպքում, եթե տրվեն երկու դաշինքներին, հակառակ դեպքում դրանք բաժին կընկնեն կեղծ ընդդիմությանը, այսինքն կծառայեն Փաշինյանի իշխանության վերարտադրմանը։

Աշոտյանը խոստովանեց, որ ինքը դեմ էր ՀՀԿ-ի մասնակցությանն ընտրություններին, սակայն կուսակցությունը որոշում է կայացրել և այն պետք է կատարել։ Նրա խոսքերով, ՀՀԿ-ն իշխանափոխությունից հետո ազատվել է օլիգարխներից, բյուրոկրատներից, ժամանակավոր ուղեկիցներից և այժմ մասնակցում է ընտրություններին որպես միահամուռ, գործունակ ու ինտելեկտուալ թիմ։ Աշոտյանն ընդգծեց, որ իշխանության մեջ Փաշինյանի վերարտադրությունը կդառնա Հայաստանի վերջը, իսկ որպեսզի ընդդիմադիր ուժերը քարոզչության ընթացքում առանձնապես ուշադրություն չսևեռեն «նախկիններին» հասցեագրված քննադատության վրա, նախկին իշխող ուժի փոխնախագահն առաջարկում է ընդդիմադիր մյուս ուժերին հուշագիր ստորագրել:

Նախընտրական քարոզչության կանոնների մասին նման հուշագրեր նախկինում էլ են ստորագրվել։ Խոսքն այն մասին է, որ ընդդիմադիր ուժերը չքննադատեն մեկմեկու, այլ կենտրոնացնեն բոլոր ջանքերը իշխանության հասցեին քննադատության վրա։ «Մենք գալիս ենք, որպեսզի Նիկոլն ինքը դառնա նախկին»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը։

Основная тема:
Теги: