Կան տեղեր, որ մերոնք 50 մետր առաջ են. նախարարի պաշտոնակատարը` Սյունիքի սահմանի մասին

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր ԱԺ նիստում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Սյունիքի մարզի Արավուս համայնքում հայ հովվի նկատմամբ ադրբեջանցիների ոտնձգությունների դեպքին։

«Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ մեր հովիվը մոտեցել է դիրքերին, ու այնտեղ քաշքշուկ է եղել»,– ասաց Հարույունյանը։

Խոսելով համացանցում պարբերաբար հայտնվող տեսանյութերի ու տեղեկությունների մասին` նախարարի պաշտնակատարը շեշտեց, որ Խորհրդային Հայաստանի ու անկախ Հայաստանի ճանաչված սահմանն ամբողջ երկայնքով պահպանվում է։

«Հիմա ես կարող եմ ասել` կան տեղեր, որ մերոնք 50 մետր առաջ են, կան տեղեր, որ հակառակն է։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դիրքը հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որ ապահովվի անվտանգությունն ու վերահսկողությունը։ Այդ հարցից ելներով՝ դիրքերն առաջ կամ հետ են գնում»,– ասաց նա։

Այդուհանդերձ, Հարությունյանը վստահեցրեց, որ սահմանային փոփոխությունները շատ փոքր տարածք են ընդգրկում ու վերջնականապես լուծում կստանան դեմարկացիայի արդյունքում։

Սահմանային միջադեպեր, նրա խոսքով, եղել են նաև պատերազմից առաջ։ «Կարևորը` որ չկան մահվան դեպքեր»,–ասաց նա, տեղեկացնում է Sputnik Armenia։