ՄԵԿ ՄԻԼԻՈՆԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան 2021 թվականին կլինի 2019 թվականի ցուցանիշների մոտ 25-30%-ի մակարդակում։ Ինչպես հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին ԳԱԼՍՏՅԱՆԸ, այդ մասին են վկայում կարգավորիչի կողմից վերջերս անցկացված ուսումնասիրություններն ու հարցումները, հաղորդում է ԱՌԿԱ-ն:
«Կարծում ենք, որ 2021 թվականի համար դա վատ ցուցանիշ չէ, սակայն պետք է ջանքեր ներդնել, որ պատվաստումները տեղի ունենան (կորոնավիրուսի դեմ): Այս պահին կարող է չենք հասկանում պահի լրջությունը, սակայն ազգային իմունիտետ ձեռք բերելու խնդիրը կրիտիկական է լինելու 2021 թվականի վերջին, 2022 թվականին և հետագայում երկրի ընդհանուր զարգացման տեսանկյունից»,- ասաց նա երեքշաբթի օրը տեղի ունեցած մամլո ասուլիսում:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ, ակնհայտ է, որ «ուսումնասիրություններն ու հարցումները» ԿԲ-ն անցկացրել է բնավ ոչ ճիշտ հասցեներում։ Այլապես այդչափ աղաղակող համեստ արդյունք չէր ստացվի։ Այ, եթե Կենտրոնական բանկը հարցներ հենց զբոսաշրջության ոլորտի կարգավորիչին, ապա կանխատեսումը շատ ավելի լավատեսական կլիներ։ Էկոնոմիկայի նախարարությունից կտեղեկացնեին, որ 2021 թվականին իրենք նախատեսում են զբոսաշրջության եռակի աճ՝ նախորդ տարվա համեմատ։ Եթե հարցնեին անձամբ էկոնոմիկայի նախարարին, ապա կիմանային, որ «այս տարվա համար տուրիզմի աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվել է 319%: Այսինքն 2019-ի նկատմամբ մինուս 20-25% է, բայց 2020-ի նկատմամբ պլյուս 319% է կանխատեսումը»։
Կոնկրետ թվերով՝ իրավիճակը հետևյալն է. ԿԲ-ն կանխատեսում է, որ այս տարի Հայաստան կայցելի առավելագույնը 550 հազար զբոսաշրջիկ, մինչդեռ Էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, թե այդ ցուցանիշը կկազմի մոտ 1 մլն 500 հազար: Ասենք ուղղակի. նույն կառավարությունում գնահատականների այդպիսի տարբերությունը պարզապես անհեթեթ է։ Նկատեք, տարբերությունը մի ամբողջ միլիոն է։ Եվ այստեղ պարզ հարց է առաջանում. ինչպե՞ս կարող է առհասարակ գոյություն ունենալ նման կառավարություն, չենք խոսում արդեն արդյունավետ աշխատանքի մասին։ Բայց ախր գոյություն ունի, ախր ձևացնում է, թե աշխատում է և, որ ամենագլխավորն է, ուզում է շարունակել մնալ երկրի ղեկին։
Ասենք, հայկական զբոսաշրջության հեռանկարների վերաբերյալ տեսակետների նման բևեռացումն առանձին հարց է։ Առանձին հարց է՝ ԿԲ համեստ կանխատեսումները, թե՞ էկոնոմիկայի նախարարի անուրջներն են արժանի ավելի մեծ վստահության։ Չնայած այստեղ ամեն ինչ ակնհայտ է։ Կենտրոնական բանկը տարիներ շարունակ պարբերաբար իրականացնում է համապատասխան հետազոտություններ, հետևելով և կանխատեսելով ֆինանսական հոսքերը զբոսաշրջության ոլորտում։ Իսկ այ էկոնոմիկայի նախարարը կողմնորոշվում է այնպիսի նշաններով, ինչպիսիք են «այս տարի նույնիսկ փողոցներում կարելի է տեսնել տուրիստների, մասնավորապես՝ Իրանից, որոնք Հայաստանում նշում են Նովրուզը»։
Գլխավոր հարցը, թերեվս, այլ է. ի՞նչ է ընդհանրապես արել կառավարությունը տնտեսության այդ առանցքային ոլորտի համար։ Ի՞նչ է այսօր առհասարակ անում էկոնոմիկայի նախարարությունը, իմիջիայլոց՝ զբոսաշրջության ոլորտի համար պատասխանատու կառավարական ստորաբաժանումը, որպեսզի տարեվերջին իր (Էկոնոմիկայի նախարարության) մեկուկես միլիոնանոց զբոսաշրջային հոսքի կանխատեսումը մոտ լինի իրականությանը։ Եվ ընդհանրապես, գիտե՞ն արդյոք նախարարությունում, որ այդ ոլորտին ահռելի վնաս են հասցրել անցած տարվա իրադարձությունները։
Եվ այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն համավարակին ու պատերազմին։ Այստեղ խոսքը վերաբերում է, օրինակ, նրան, որ եռակողմ խայտառակ հայտարարության ստորագրման արդյունքում զբոսաշրջիկներին գրավող հիմնական ուղղություններից մեկը (Սյունիքը) անվտանգության հետ կապված խնդիրների առաջացման պատճառով այժմ արդեն չի կարող զբոսաշրջային հետաքրքրություն հարուցել։ Խոսքն, օրինակ, այն մասին է, որ Հայաստանն այսօր ընդհանրապես չի կարող համարվել անվտանգ երկիր, քանի որ քրեականությունը մոլեգնում է ողջ թափով։ Օր անգամ չի անցնում, որ արյունոտ փոխհրաձգություն ու հաշվեպարզումներ չլինեն։ Իսկ իրավապահ մարմինները զբաղված են քաղաքական հետապնդումներով և «ժողովրդի ծառաներին» ժողովրդից պաշտպանելով։ Այսպիսի երկիրը օտարերկրացու տեսանկյունից կարող է հետաքրքիր լինել թերևս միայն էքստրեմալ տուրիզմի առումով։ Սովորական զբոսաշրջությունն այստեղ հեռանկարներ ունենալ չի կարող։
Հաշվի առնելով այս և մի շարք այլ հանգամանքներ, զբոսաշրջության վերաբերյալ նույնիսկ Կենտրոնական բանկի համեստ կանխատեսումներն անիրատեսական են։ Եվ դժվար թե պատվաստումը կարողանա ինչ-որ բան փոխել այդ առումով։ Գոյություն չունի պատվաստանյութ թավիշի այցեքարտը դարձած անիրազեկության, անպատասխանատվության, ստախոսության և արկածախնդրության դեմ: Նման հիվանդությունները վերացվում են վիրահատական միջամտության ճանապարհով։