ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ 19 ԳԵՐԻՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Մայիսի 3-ին հրապարակվեց հայ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի ցնցող հայտարարությունը 19 հայ ռազմագերիների և պատանդների ճակատագրի մասին: Ըստ հաղորդագրության՝ Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում և մարտական գործողությունների ավարտից հետո 12 զինծառայող և 7 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 4 կին, գերեվարվել են Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից և խոշտանգումներից հետո սպանվել: Իրավապաշտպանները հրապարակել են սպանվածների անունները և հայտարարել, որ կատարվել է ռազմական հանցագործություն, ինչի առնչությամբ իրենք կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չարձագանքեցին այդ աղաղակող հանցագործությանը։ Պետական կառույցների և պետպաշտոնյաների կողմից հանցագործին դատապարտելու և գազանաբար սպանվածների հարազատներին ցավակցելու մի խոսք անգամ չհնչեց։ Փոխարենը՝ երեք գերիների երեկվա վերադարձը իշխանություններն անմիջապես սկսեցին վերագրել իրենց՝ իրար հերթ չտալով գրառումներ անելով սոցցանցերում ու հարցազրույցներ բաժանելով։ Թեև ակնհայտ է, որ դա առաջին հերթին Ռուսաստանի վաստակն է, ինչպես նաև վերջին շրջանում ուժգնացած միջազգային ճնշման արդյունքը։
Նույն օրը՝ մայիսի 3-ին, տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և իր ուսապարկերի նախընտրական առաջին շոուն ԱԺ պատերի ներսում։ Իրեն վարչապետի պաշտոնակատար համարողը կրկին ծամածռվում ու կապիկություն էր անում՝ փորձելով, ինչպես միշտ, ձևավորել ֆեյսբուքյան քննարկումների իրեն անհրաժեշտ օրակարգը և շեղել հանրության ուշադրությունը շատ ավելի կարևոր հարցերից։ Եվ նույնիսկ 19 հայրենակիցների ողբերգության գույժը ի զորու չեղավ դուրս բերել կապիտուլյանտի թիմին նախընտրական կրքերի հունից. նրանցից ոչ մեկը ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրը մի բառ անգամ չասաց սպանված գերիների մասին։ Կա՛մ այդ մարդկանց մոտ արդեն իսպառ վերացել են մարդկային տարրական հույզերը, և նրանք պարզապես ունակ չեն անձնական խնդիրներից բացի այլ բան ընկալելու, կա՛մ անվերապահորեն կատարում են Ադրբեջանի հանցագործություններին չարձագանքելու վերաբերյալ իրենց շեֆի հրահանգները։ Ասենք, մեկը մյուսին բնավ չի բացառում։
Եթե ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հետ կապված իրավիճակին նայենք անցած 6 ամիսների ընթացքում իշխանության ձեռնարկած գործողությունների կտրվածքով, ապա ուրվագծվում է բավական հստակ պատկեր։ Մարտական գործողությունների ավարտից անմիջապես հետո Փաշինյանն ու իր կառավարությունը, չկարողանալով շրջանցել խնդիրը, բուռն գործունեության իմիտացիա էին ստեղծում։ Նիկոլն ընդունում էր հարազատներին, «բացատրական զրույցներ» վարում նրանց հետ, խոստանում անիրագործելին, անամոթաբար ստում, շանտաժի ենթարկում նրանով, թե իբր՝ ընդդիմության հանրահավաքներն ու ԶԼՄ-ներն են խանգարում հարցի լուծմանը։ Այնուհետ իշխանությունները սկսեցին աստիճանաբար անտեսել հարազատների ակցաները, պաշտոնյաները դադարեցին ընդունել նրանց, իրենց թույլ տալով կոպիտ ու անվայել վերաբերմունք ցուցաբերել հուսահատ մարդկանց նկատմամբ, ընդհուպ մինչև «շենքից մաքրվելու» հրաման: Այդ չափազանց ցավոտ հարցն աստիճանաբար դուրս մղվեց կառավարության օրակարգից՝ ճիշտ այնպես, ինչպես պատերազմի, Արցախի, անհայտ կորածների, փախստականների, Շուշիի հանձնման հանգամանքների վերաբերյալ խնդիրներն ու իրենց համար անհարմար այլ հարցերը…
Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա իշխանական պատգամավորներն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դաշտում ամիսներ շարունակ անտարբեր էին մնում գերության մեջ տառապող համաքաղաքացիների թեմայի նկատմամբ, անդրադառնալով դրան խիստ հազվադեպ, հարկադրված ու բավական անորոշ։
6 ամսվա ընթացքում Ադրբեջանը վերադարձրել է ընդամենը 69 մարդու՝ այն մի քանի հարյուրից, որոնց մասին հայտարարում են Հայաստանում։ Այսպես, բառացիորեն երեկ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հաղորդեց, որ գերիների հաստատված և ենթադրվող թիվը գերազանցում է 300-ը։ Հայկական իշխանություններն առաջվա պես շարունակում են թաքցնել պաշտոնական վիճակագրությունը զոհվածների, ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների վերաբերյալ: Այդ ուղղությամբ նույնպես նրանք հասան այն բանին, որ հասարակությունն արդեն թվեր չի պահանջում իրենցից, հասկանալով, որ անիմաստ է որևէ ողջամիտ և օրինաչափ ակնկալիք ունենալ գործող իշխանություններից։
Եթե չհաշվենք Լիբանանի քաղաքացի Մարալ Նաջարյանի բացառիկ դեպքը մարտ ամսին, վերջին անգամ Ադրբեջանը ռազմագերիներ վերադարձրել էր փետրվարի վերջին. ընդամենը 5 մարդու։ Ակնհայտ է, որ Ալիևն ամեն անգամ նվազեցնում է այդ թիվը, նույնքան ակնհայտ է, որ հայկական իշխանությունները կեղտոտ շահարկումների առարկա են դարձրել մարդկային վիշտն ու սեփական քաղաքացիների կյանքը։ Բավական է հիշել ապրիլի 9-ին Բաքվից եկած դատարկ ինքնաթիռի պատմությունը, երբ մի շարք պաշտոնյաներ, այդ թվում Փաշինյանի մամուլի քարտուղարը, նախապես շտապել էին գլուխ գովել՝ հաղորդելով գերիների խմբի վերադարձի մասին։ ՀՀ իշխանություններին գեներալ Մուրադովի հասցրած հնչեղ ապտակից բացի, նրանցից ոչ մեկը, այդ թվում ինքը՝ Գևորգյանը, ոչ մի պատասխանատվություն չկրեցին նույնիսկ այդչափ նրբաբնույթ հարցում ստախոսության և հարյուրավոր մարդկանց զգացմունքների հետ ցինիկորեն խաղալու համար։
Մինչդեռ բացահայտ անգործության ու անտարբերության մի քանի ամիսներից հետո, նախընտրական արշավի փաստացի մեկնարկելուն պես ռազմագերիների ու պատանդների ճակատագիրը հանկարծ արդիական է դարձել իշխանությունների համար։ Պատգամավորները սկսել են եռանդագին բարձրացնել հարցը միջազգային հարթակներում, տարատեսակ հայտարարություններ անել. ակնհայտ է, որ Փաշինյանը մտադիր է շահարկել թեման նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում։ Ավելին, ինչպես արդարացիորեն կարծում են բազմաթիվ փորձագետներ, Ալիևը կարող է «նվերներ» մատուցել նրան՝ մի քանի գերիների վերադարձի տեսքով, ինչը իշխանությունների կողմից մեծ հանդիսավորությամբ կներկայացվի որպես իրենց մեծ ձեռքբերում։ Ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ երեկ։ Սակայն դաժան խոշտանգումներից հետո սպանված 19 քաղաքացիների դեմ ոճրագորության վերաբերյալ պետության արձագանքի իսպառ բացակայությունը մի տեսակ շատ կտրուկ է հակասում ուսապարկերի հանկարծակի ակտիվացմանը և երեք գերիների հայրենիք վերադառնալուն նպաստած մարդկանց շարք ամեն գնով խցկվելու ձգտմանը։
Ոչ մի կերպ չնվազեցնելով մեր տղաներից յուրաքանչյուրին ադրբեջանական գերության դժոխքից ազատելու նշանակությունն ու կարևորությունը՝ շեշտենք, որ նման մանիպուլյացիաները, որոնք միտված են բացառապես Նիկոլին իշխանության ղեկին պահելուն՝ թուրքական բոլոր ծրագրերն իրականացնելու համար, կարող են միայն զզվանք ու զայրույթ առաջացնել։ Գործնականում կասկածից վեր է, որ առաջիկա մեկուկես ամսում մենք բազմիցս ականատես կլինենք, թե ինչպես Ալիևը կվերադարձնի գերիներին փոքր խմբերով, իսկ Փաշինյանը ողջ թափով կօգտագործի այդ փաստն ու մարդկանց զգացմունքները ի նպաստ սեփական շահերի։
Ինչպեսև կասկածից վեր է այն, որ ընտրություններից անմիջապես հետո Ադրբեջանը կտրուկ կդադարեցնի այդ գործընթացը։ Եթե Փաշինյանին ինչ-որ հրաշքով հաջողվի պահպանել իշխանությունը, Բաքվի բռնապետն ուղղակի կսկսի արդեն վստահաբար տարածքային և այլ պահանջներ ներկայացնել գերիների դիմաց։ Սակարկումը կշարունակվի շատ ավելի ցինիկաբար ու համակարգված, և համապատասխանաբար՝ կարունակվեն Փաշինյանի մանիպուլյացիաները։ Եվ չի բացառվում, որ նիկոլ-թուրքական տանդեմը շատ շուտով հասարակությանը կդնի երկընտրանքի առջև. կա՛մ Հայաստանի տարածքների հանձնում, կա՛մ գերիները չեն վերադարձվի ընդհանրապես։
ՍԱ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ Է։ Հնարավոր է՝ նախապես մշակված և դրված ապագա պայմանավորվածությունների հիմքում. մարդիկ՝ տարածքների դիմաց, որոնց հետ մեկտեղ նրանց Ալիևին հանձնեց Փաշինյանը պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ամենայն վստահությամբ կարելի է պնդել, որ ՀՀ ղեկավարությունը և անձամբ Նիկոլը անմիջական պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ Ադրբեջանը մինչև հիմա չի վերադարձրել բոլոր գերիներին։ Այդ պնդման համար կան բազում հիմքեր։ Դրանք են՝ և՛ գերիների վերադարձի ժամկետների բացակայությունը նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, և՛ ադրբեջանցի բոլոր գերիներին բավական օպերատիվ կերպով Բաքու ուղարկելը, և՛ դեռահասի սպանության համար դատապարտված հանցագործներին առաջնահերթ ազատ արձակելը, և՛ բացահայտ անտարբերությունը հայրենակիցների ճակատագրի նկատմամբ, և՛ այդ հարցում անգործությունը պատերազմին հաջորդած ամիսներին։ Ինչպեսև հաղորդակցությունների «ապաշրջափակման» շուրջ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը, չպայմանավորելով դրանք գերիների վերադարձով։ Եվ «ձեռքերը լվանալը»՝ ճիշտ այնպես, ինչպես Արցախի հարցում և Հայաստանի սահմանների անվտանգության պարագայում, բարդելով սեփական քաղաքացիների համար ողջ պատասխանատվությունը Ռուսաստանի ուսերին. այդ մասին, հիշեցնեմ, բացահայտ խոսել են խորհրդարանական ուսապարկերը։
Ի վերջո, այդ մասին է վկայում պարզ փաստը. 19 գերիների նկատմամբ Ադրբեջանի ռազմական հանցագործության և ՄԻԵԴ դիմելու մասին խոսում են իրավապաշտպանները, թեև Հայաստանում կարծես թե ստեղծվել է ամբողջ երեք կառույց, որոնք կոչված են զբաղվել այդ հարցով։ Այդ թվում՝ փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովը։ Լիակատար տպավորություն է, որ Տիգրան Ավինյանը իսպառ մոռացել էր այդ մասին և հիշեց միայն երեկ, երբ մեր երեք հայրենակիցներով ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում։