ԴՐԱՄԱՊԱՆԱԿՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԹԵԹԵՎԱՆՈՒՄ ԵՆ, ԳՈՏԻՆԵՐԸ՝ ԱՎԵԼԻ ՁԳՎՈՒՄ
Գների վերաբերյալ հարցին նախարարի պաշտոնակատարը պատասխանեց իշուկի պես. իա՜
Ս.թ. մայիսի 5-ին իրենց դարն ապրող ԱԺ պատգամավորների հետ ՀՀ կառավարության անդամների պաշտոնակատարների հերթական հարցուպատասխանի ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին կշտամբեցին, որ նա խոստացել էր տնտեսության երկնիշ աճ, բայց առայժմ աճի երկնիշ տեմպեր նկատվում են միայն առևտրի ցանցերում ապրանքների գնապիտակներին: Գիտե՞ք, թե ինչ պատասխանեց սկանդալային համբավ վայելող նախարարի պաշտոնակատարը։
Սկզբում նա բարձր գնաճի պատասխանատվությունը հեշտությամբ գցեց Հայաստանի Կենտրոնական բանկի վրա, իսկ իր գլխավորած գերատեսչությանը թողեց լոկ հերթապահ «մտահոգվածությունը», չնայած դպրոցականին էլ հայտնի է, որ գները կարգավորվում են ոչ միայն և ոչ այնքան մոնետար մեթոդներով, որքան տնտեսության ընդհանուր վիճակով և զարգացմամբ, ինչի համար անմիջական պատասխանատուն հենց էկոնոմիկայի նախարարությունն է։
Հասկանալով, որ տվյալ թեմայով հարցերից խուսափել այս անգամ չի հաջողվի, Քերոբյանը չգտավ ավելի լավ բան, քան կապել գնաճի սանձահարումը ապագա բերքի հեռանկարի հետ, թեև այդ հեռանկարները, մեղմ ասած, ամենևին էլ ակնհայտ չեն։ Միաժամանակ նախարարը փորձեց հակադարձել ընդդիմադիր պատգամավորի հարցին, թե իբր՝ գնաճը մեզ մոտ այնուամենայնիվ երկնիշ չէ։
Ասես՝ ի հեճուկս իրեն, հենց նույն օրը, մայիսի 5-ին Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակեց այս տարվա ապրիլի և ընդհանուր առմամբ հունվար-ապրիլ ամիսների սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) թարմ ամփոփագիրը։ Իրեն չստի տեղ դնելով՝ նախարար Քերոբյանը, հղում անելով այդ վիճակագրությանը, նշեց, որ 12 ամսվա գնաճը (այսինքն 2021 թվականի ապրիլը՝ 2020 թվականի ապրիլի համեմատ) կազմել է «ընդամենը» 6,2% (հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 5,4%)։
Մի փոքր դադար տանք և հիշեցնենք, որ մարտին 12-ամսյա գնաճը հավասար էր 5,8%-ի, այսինքն արդեն մեկ ամիս առաջ դա գերազանցել է գնաճի առավելագույնս թույլատրելի նշաձողը, որը կազմում է 5,5% (4% գումարած-հանած 1,5%): Էլ ուր մնաց ներկայիս 6,2%-ը։
Այո, պարոն պաշտոնակատար, 6,2%-ը, իհարկե, գների երկնիշ աճ չէ, բայց դուք երևի գիտեք (թեև դա էլ բնավ փաստ չէ), որ դա ընդհանուր գնաճն է։ Իսկ այ եթե անդրադառնանք առանձին ապրանքատեսակներին, մասնավորապես՝ պարենամթերքի մի շարք տեսակներին (և ոչ միայն), ընդ որում՝ առաջին անհրաժեշտության, ապա գների աճի տեմպերն իսկապես երկնիշ են։
Այսպես, համաձայն հիշյալ վիճակագրական ամփոփագրի, շաքարի գինը ս.թ. ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել է 41%-ով, կարագի և յուղերի գները՝ 28.6%-ով, որոնցից զատ արևածաղկի ձեթը մենք ստիպված ենք գնել ավելի քան 73.5%-ով ավելի թանկ, քան մեկ տարի առաջ։ Ինչպես ասում են, դրանից ավելի երկնիշ չի լինում։ Եվ առաջին անհրաժեշտության այդ ապրանքները մարդկանց հետաքրքրում են շատ ավելի, քան սպառողական ընդհանուր զամբյուղի մեջ «խցկածները», որոնցով հաշվարկվում է միջին գնաճը. բնավ ոչ առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Իհարկե, ոչ բոլոր ապրանքներն են թանկացել երկնիշ տեմպերով, բայց պետք է ասել, որ շատերն արդեն ընդհուպ մոտեցել են դրան։ Այսպես, մեկ տարում 8,3%-ով թանկացել են սննդամթերքն ու ոչ ալկոհոլային ըմպելիքները, իսկ այ ալկոհոլն ու ծխախոտը թանկացել են ամբողջ 8,8%-ով։ Առողջապահության ծառայությունները թանկացել են 6,5%-ով, կենցաղային պարագաները, կենցաղային տեխնիկան և տան ամենօրյա խնամքի միջոցները՝ գրեթե երկնիշ 9,6%-ով, տրանսպորտի ծառայությունները՝ արդեն հաստատ երկնիշ 10,7%-ով:
Ցուցանշական է, որ այս տարվա հունվար-ապրիլին ՍԳԻ-ի միջին ամսական աճը կազմել է 1,3%, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 0,7%: Եվ էլի մի բան. ս.թ. ապրիլին՝ մարտի համեմատ բարձր գնաճի առումով աչքի է ընկել Գավառ քաղաքը։ Պատճառների մասին Վիճկոմիտեն չի զեկուցում։
Սաստիկ աճել են նաև ոչ պարենային ապրանքների գները. 8,5%-ով։ Առանձին ապրանքները տվյալ դեպքում չենք թվարկի։ Միևնույն է, սնունդ գնելուց հետո փող այլևս չի մնացել…