ՁԱՅՆԵՐ ՈՐՍԱՑՈՂՆԵՐԸ

Կծել-պոկելու են մանր պատառներով

ԿԸՀ-ի կողմից գրանցումը վերջնականապես կհստակեցնի պատկերը արտահերթ նախընտրական մրցավազքի բոլոր մասնակիցների առումով, սակայն արդեն ակնհայտ է, որ Փաշինյանը հաշվարկ է կառուցում ջրբաժանի վրա, դասելով ընտրությունների որոշ մասնակիցներին «նախկինների», իսկ մյուսներին՝ «ներկաների» շարքը։

Դժվար թե այդ հաշվարկը գործի հունիսի 20-ին, սակայն արտախորհրդարանական ազդեցիկ ուժերը պետք է կանխավ հոգ տանեն իրական ընդդիմության և այն ուժերի միջև սահմանագիծ անցկացնելու մասին, որոնց առաքելությունը նախընտրական դաշտում արդեն կանխորոշված է չափազանց հստակ. Փաշինյանը նրանց ներառել է մրցավազքի մասնակիցների թվում, որպեսզի հնարավորինս շատ ձայներ գողանան իրական ընդդիմությունից:

Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության կարգի գաճաճ ուժերը կներկայանան ընդդիմության դերում, մինչդեռ հայտնի է, որ այդ կուսակցությունն ու դրա առաջնորդը Փաշինյանի հավատարիմ արբանյակներն են և նրա համաձայնությամբ իրենց խաղն են խաղալու ընդդիմադիր դաշտում։ Այն մասին, որ Բաբաջանյանը Փաշինյանի զինակիցն է, հայտնի է շատերին, բայց ոչ բոլորին, ուստի խաղադրույքն արված է այն բանի վրա, որ գաճաճ ուժերը մանր պատառներով կծեն-պոկեն այն ձայները, որոնք տրվելու են ընդդեմ իշխանության։

Ի դեպ, նախքան Տեր-Պետրոսյանի կողմից Փաշինյանին հասցեագրված սաստիկ քննադատությունը, վարչապետն առավելագույն ջանքեր էր գործադրում, որպեսզի ՀԱԿ-ը նախընտրական դաշինք ձևավորի Բաբաջանյանի կուսակցության և Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության հետ։ Տեր-Պետրոսյանի կուսակցությունը պատասխանեց մերժումով, ինչը բնավ չի նշանակում, թե Լևոն Հակոբիչին ընդդիմադիր դաշտում սպասում են գրկաբաց։ Նրան ընդհանրապես ոչ մի տեղ չեն սպասում, և նորագույն պատմության մեջ նրա անունն առհավետ կապված է մնալու դավաճան-կապիտուլյանտի անվան հետ, թեև ՀԱԿ առաջնորդը գործադրում է բոլոր ջանքերը՝ իր քաղաքական սնածուից հնարավորինս անջրպետվելու համար։ Չի ստացվի, նույնիսկ եթե Տեր-Պետրոսյանը Նիկոլին անվանի ամենավերջին խոսքերով, թեև ավելի վատթար ուրիշ ի՞նչ կերպ կարելի է անվանել նրա «ազգային աղետ» արտահայտությունից հետո։

Իրական ընդդիմությունը 2 նախընտրական դաշինքներն են. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը (Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցություն + ՀՅԴ), և ՀՀԿ դաշինքը ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ։ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը չի առաջադրվելու։ Մնացած բոլոր կուսակցությունները, ներառյալ նրանք, որոնք ներկայացնում են խորհրդարանական փոքրամասնությունը, ընդդիմադիրի իմիջի չեն ձգում, քանզի այդպիսին են լոկ խոսքերով։ Իրականում դրանք ներկայացնում են Փաշինյանի շահերը։ Խոսքը Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության և Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի մասին է։

Աղազարյանի լեզվից թռավ

«Լուսավոր Հայաստան»-ը վաղուց է վայելում Փաշինյանի գաղտնի արբանյակի համբավը, իսկ Ծառուկյանի ԲՀԿ-ն հերթական անգամ ընտրություններից առաջ փորձում է հանդես գալ ընդդիմության դերում, բայց այսօր նրան քչերն են հավատում։

Գործող քաղաքական դաշտում ԲՀԿ-ի ներկայության տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիները բազմիցս առիթ են ունեցել համոզվելու, որ փողի կուսակցությունը երբեք չի կարող ընդդիմադիր լինել իշխանությանը, փոխարենը կարող է համոզիչ կերպով խաղալ ընդդիմության դերը, այսինքն ձևանալ այդպիսին և շահարկել ընդդիմադիր կարգախոսները: Այս անգամ այդ խաղը դժվար թե որևէ մեկին մոլորեցնի, այնպես որ ԲՀԿ-ի օգտին տրված ձայները կսահմանափակվեն Ծառուկյանի ձեռնարկությունների աշխատակիցների քանակով։ Ընդդիմադիր ընտրազանգվածը ԲՀԿ-ի օգտին չի քվեարկի։

Փաշինյանը առավելագույնս հարմարավետ պայմաններ կստեղծի արտահերթ խորհրդարանական մրցավազքին փողի կուսակցության մասնակցության համար։ Հնարավոր է, որ նրա ցուցումով համապատասխան մարմիններն աչք փակեն ընտրություններից առաջ ԲՀԿ տեղական գրասենյակների կողմից ընտրողներին տրվող «բարեգործական օգնության» վրա։ Պատճառը պարզ է. եթե գաճաճ կուսակցությունները մանր պատառներ են պոկելու իրական ընդդիմության համար նախատեսված ձայներից, ապա Ծառուկյանը կարող է խոշոր պատառ պոկել։

Դա ձեռնտու է Փաշինյանին, ուստի Գագիկ Նիկոլաևիչն արդեն սկսել է քարոզչությունը մարզերում, իսկ նրա շրջապատը փորձում է ինտրիգ ստեղծել նախընտրական ցուցակի շուրջ, որտեղ, իբր, հայտնի դեմքեր չեն լինելու ԲՀԿ խմբակցությունից։ Ո՞վ է խաբելու ժողովրդին, եթե ոչ Նաիրա Զոհրաբյանը։ Հեղափոխության արշալույսին նա իր գոչյուններով ողջունում էր Նիկոլի և Ծառուկյանի միջև համագործակցության հուշագիրը, իսկ այսօր գոռում է, թե ԲՀԿ-ն պայքարում է Նիկոլի դեմ։ Ցուցակի հետ կապված ինտրիգը պտտվում է նրա և Միքայել Մելքումյանի շուրջ, իսկ Գևորգ Պետրոսյանը, հիշեցնեմ, վերջերս հեռացավ ԲՀԿ-ից՝ հերթական խաբեության մասնակիցը չդառնալու համար։

Անկախ նախընտրական ցուցակի բովանդակությունից՝ ակնհայտ է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ։ Փողի կուսակցության գլխավոր խնդիրը Ծառուկյանի կապիտալների պահպանումն է։ Այդպես եղել է միշտ, բայց ներկա իրավիճակում ընդդիմությունից ձայներ խլելը նշանակում է աշխատել կապիտուլյանտի օգտին և հայրենի երկրի դեմ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վերջերս լեզվից թռցրեց, որ բացառված չէ հունիսի 20-ի քվեարկության արդյունքներով ԱԺ-ում կոալիցիայի ձևավորումը Փաշինյանի կուսակցության ու ԲՀԿ-ի միջև։ Միանգամայն իրական հեռանկար։

Չվրիպեք, քվեատուփի մեջ գցելով քվեաթերթիկը

Ըստ բոլոր կանխատեսումների, քաղաքական ուժերից ոչ մեկն ի վիճակի չէ ընտրություններում հավաքել ձայների 50+1%, որպեսզի միայնակ ձևավորվի կայուն մեծամասնություն և նշանակի իր վարչապետին։

Բացառված չէ, որ այդ նպատակով Փաշինյանը ստիպված լինի կոալիցիա ստեղծել խորհրդարանում, բայց դա դժվար թե հնարավոր լինի գաճաճ ուժերի աջակցությամբ: Դրանք կա՛մ չափազանց քիչ մանդատներ կստանան, կա՛մ ընդհանրապես չեն անցնի խորհրդարան։ Ուստի Փաշինյանի համար ամենահուսալի գործընկերը կարող է դառնալ ԲՀԿ-ն։ Արդյունքում ընդդիմադիր տրամադրված ընտրողները, որոնք կքվեարկեն ԲՀԿ-ի օգտին, կհայտնվեն կոտրած տաշտակի առջև, նրանց ձայները կօգնեն կապիտուլյանտին վերարտադրվել որպես վարչապետ։

Որպեսզի դա տեղի չունենա, պետք է նախապես զգուշացնել ընդդիմադիր տրամադրված հանրությանը. քվեարկեք միայն նրանց օգտին, ում ընդդիմադիր լինելը կասկածից վեր է, ովքեր Փաշինյանի իշխանության գալու առաջին իսկ օրվանից պայքարել են նրա և իր թուրք-սորոսական ավազակախմբի դեմ։

Շատ կարևոր է հունիսի 20-ին չվրիպել և քվեատուփի մեջ գցել անհրաժեշտ քվեաթերթիկը։ Վտանգված է Հայաստանի և Արցախի ապագան։ Թույլ մի՛ տվեք խաբել ձեզ։ Շատ-շատերն են այսօր ներկայանում ընդդիմության դերում, դրանք ձայներ որսացողներ են։ Թույլ չտաք կողոպտել ձեզ, քվեարկեք այն ընդդիմության օգտին, որը 3 տարվա ընթացքում անցավ դժոխքի բոլոր պարունակներով՝ պայքարելով կապիտուլյանտի ու դավաճանի դեմ։

Основная тема:
Теги: