ԻՆՉ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»
Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի
Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։
Հայկական տնտեսությունն այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պղնձի խտանյութն է և Երևանի «Մաքուր երկաթի գործարանում» դրանից ստացվող ֆերոմոլիբդենը: Այնուհետ տեքստում որոշ ապրանքների հիշատակման հետ կներկայացնենք Հայաստանում բոլոր արտադրողների կողմից դրանց միագումար արտադրության ցուցանիշն ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին՝ 2020 թվականի հունվար-փետրվար ամիսների համեմատ (այսօրվա դրությամբ դրանք ամենամատչելի վիճակագրական տվյալներն են)։ Ահա ուրեմն, պղնձի խտանյութի արտադրությունը Հայաստանում կազմել է 103,1%, ֆերոմոլիբդենինը՝ 83,7%։
Հայկական տնտեսությունը «Սինոփսիս Արմենիա» ընկերության ինտեգրալ սխեմաներն են, «Աթենքի» մսամթերքը (ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 1,7 անգամ ավելի շատ մսամթերք), «Արարատ» բրենդային կոնյակը (115,9%), Լուսակերտի ձվերն ու «Արաքս թռչնաֆաբրիկայի» հավերը, «Արարատցեմենտի» ցեմենտը (138,2%) և «Լիկվոր» դեղագործական ընկերության դեղորայքը (109,8%):
Հայաստանի տնտեսությունը նաև «Արմենալի» ալյումինե փայլաթիթեղն է (99,5%), «Էլբատի» կապարաթթվային մարտկոցները (93,1%), «Գրանդ Հոլդինգի» ծխախոտը (58,7%) և հրուշակեղենը (105,9%), «Երևանի գարեջուր» գործարանի «Կիլիկիա» գարեջուրը (112,1%), «Ջերմուկ» ձեռնարկության համանուն հանքային ջուրը (96,3%), «Աշտարակ-Կաթի» պաղպաղակը (90,8%), հայրենական արտադրության կահույքը (94,3%):
Դա նաև Հայաստանում գործող առևտրային բանկերի ֆինանսական գործարքներն են, Սոտքի ոսկու հանքաքարի վերամշակումը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում (ՈԿՖ), մեր երկրում արտադրվող ատոմային, ջերմային և արևային էլեկտրաէներգիան, Սևանի իշխանը և այլն։
Բավական փոքր երկրի համար արտադրության այդչափ լայն շրջանակն անչափ գովելի է, թեև, ինչպես երևում է փակագծերում ներկայացված ցուցանիշներից, դրանք բոլորը տարբեր աստիճանի կայունության են։ Եվ այդ ամենը ստեղծվել է առավելապես անկախության տարիներին։ Ստեղծվել է ծանր աշխատանքով, հաճախ՝ ի հեճուկս հանգամանքների։ Եվ երբ ներկայիս ապաշնորհ իշխանավորները փորձում են ներկայացնել իրենցից առաջ արված ամենը բացառապես սև գույներով, ապա հավանաբար հույս են փայփայում, թե ժողովուրդն իսպառ զրկվել է հիշողությունից։ Իսկ իրենք ախր անցած երեք տարիների արդյունքում ցույց տալու ոչինչ չունեն…
ԻՍԿ ԱՅԺՄ՝ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԻՆՉԸ, ԱՎԱՂ, ԱՅԼԵՎՍ ՉԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ։ Ալավերդու պղնձաձուլարանի սև պղինձը, «Նաիրիտի» կաուչուկը և Վանաձորի քիմկոմբինատի կարբամիդ պարարտանյութը, «ԵրԱԶ» ավտոմեքենաներն ու Երևանի ավտոդողերի գործարանի անվադողերը, հանրապետության երբեմնի բազմաթիվ հաստոցաշինական ձեռնարկությունների տարատեսակ հաստոցները և այլն: Գումարած Արցախում անփառունակ պատերազմի հետևանքով կորցրած գյուղատնտեսական մշակահողերն ու արոտավայրերը, էներգետիկ հզորությունները և արտադրական այլ ակտիվներ։
Հայաստանում դեռևս շարունակում են գործել որոշ արտադրություններ, թեև դրանց ճակատագիրը բավական մշուշոտ է։ Օրինակ, այս տարվա երկու ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկրում եռապատիկ աճել է տեղական էլեկտրալամպերի արտադրությունը։ Սակայն բացարձակ արտահայտությամբ դա նշանակում է, որ ընդամենը 300 լամպերի թողարկումն ավելացել է մինչև 900։ Թվում է, շուտով այդ ապրանքն իսպառ կվերանա հայկական տնտեսությունից։ Շատ ցավալի կլինի, եթե նույն ճակատագրին արժանանան «Մեգերյան կարպետ» ընկերության գորգերը, որոնց արտադրությունը դիտարկվող ժամանակահատվածում կազմել է նախորդ տարվա նույն ցուցանիշի... 2.2%։
Ազգային վիճակագրությունն արդեն երկար ժամանակ երկրում չի գրանցում «Արմֆոնների» և «Արմթաբների» արտադրություն, Հայաստանում կարծես թե վերջնականապես վախճանվել է Էլեկտրաշարժիչների և տրանսֆորմատորների արտադրությունը, որոնցով ժամանակին հայտնի էր «Հայէլեկտրոմաշը»։ Եվ, ի դեպ, այս տարվա 2 ամիսների ընթացքում՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ամբողջ 86%-ով նվազել է ոսկերչական իրերի արտադրությունը։ Ցավալի է խոսել այն ոլորտի մասին, որը երկար տարիներ եղել է հայկական տնտեսության մեծ պարծանքը։
Իմիջիայլոց, մենք խոսում ենք հայկական տնտեսության հենց իրական մասնահատվածի մասին, որը գրեթե ոչ մի կապ չունի ֆոնդային բորսայի հետ, որտեղ կան լոկ վերացական պատկերացումներ իրական տնտեսության մասին, և որտեղ մեկ ժամում կարելի է կտրուկ գցել կամ հակառակը՝ ուռճացնել այս կամ այն ընկերության արժեքը։ Ընդ որում իրականում ձկնորսներն առաջվա պես կշարունակեն ձուկ բռնել, դեղագործները՝ դեղորայք արտադրել, իսկ երկաթուղայինները՝ բեռնված վագոնաշարեր ուղարկել Վրաստանի սևծովյան նավահանգիստներ: Բաժնետոմսերը՝ բաժնետոմսեր, իսկ «ռեալ էկոնոմիկը»՝ իրական տնտեսություն։