«ՀԱՐՍԱՆԻՔ ԼԵՌՆԵՐՈՒՄ» ՕՊԵՐԱՑԻԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը Շուշի ազատագրման մասին հաղորդագրություն է տարածել Facebook-ում։
«1992 թ. մայիսի 8-9-ին Արցախի վաղեմի մշակութային ու քաղաքական կենտրոնի՝ հայոց Շուշի բերդաքաղաքի ազատագրումը արմատական բեկում մտցրեց Արցախյան ազատամարտում և համարվում է 20-րդ դարավերջի արցախահայության ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ հայ ռազմարվեստի փայլուն և իր նշանակությամբ չափազանց կարևոր ռազմաքաղաքական իրադարձություն: «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` «Հարսանիք լեռներում» գործողությունն իր անվանում ստացել է այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մտահաղացմամբ։ Երբ գործողությունը ղեկավարող հրամանատարները ներկայացրել են քաղաքի ազատագրման մարտական նախագիծը, այն չափազանց համարձակ է թվացել։ Վազգեն Սարգսյանը հայտարարել է, որ եթե օպերացիան հաջողվի իրականացնել, ապա քաղաքի ազատագրումից հետո ինքն անպայման կամուսնանա։