Փաշինյան․ Մեզ ներկայացնում են որպես թրքասեր, թրքամետ

2018-20թթ–ի ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 9 հռչակագիր է ընդունվել, 2008-18թթ–ի ընթացքում` 20։

Այսօր ԱԺ–ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության կողմից երկրորդ անգամ վարչապետի թեկնածու առաջադրված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` հակադարձելով իշխանության թրքամետ համարողներին։

«Հայտնի շրջանակները մեզ փորձում են ներկայացնել որպես թրքասեր, թրքամետ և այլն։ Եվ այս կոնտեքստում կասկածի տակ է դրվում ընդհանրապես խորհրդարանական մեծամասնության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ», – ասաց նա` հիշեցնելով, որ այս տարի ապրիլի 24-ի իր ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը, ԱՄՆ Կոնգրեսի վերին և ստորին պալատները ևս ընդունել են Հայոց ցեղասպանությունը։

Փաշինյանը շեշտեց, որ եթե իրենք չցանկանային, դա տեղի չէր ունենա ու նշեց, որ, ըստ համացանցում առկա տեղեկատվական արտահոսքերի` իրենց այսօր թրքասիրության մեջ մեղադրող նախկին իշխանությունները համոզում էին ԱՄՆ–ին չընդունել Ցեղասպանությունը, որպեսզի չզայրացնեին Թուրքիային։

«Էդ ի՞նչ թեմա է` թուրքը մեր թշնամին է, թե մեր թշնամին չէ։ Դա պատմական իրողություն է։ Մենք ուրիշ բան ենք ասում, ասում ենք` այդ թշնամանքը պիտի կառավարվի, և մենք, այո՛, գնալու ենք այդ ճանապարհով։ Եթե կա թշնամանք, չի կարելի թույլ տալ, որ այն անընդհատ անկառավարելիության դրսևորումներով արտահայտվի»,– ասաց նա։

Փաշինյանի խոսքով` այս թեման այլևս վերնագրերի մակարդակով չէ։ Նրա խոսքով` ինքը դրանում համոզվել է երեկ Գեղարքունիքի մարզում քաղաքացիների հետ ունեցած շփումների արդյունքում, տեղեկացնում է Sputnik Armenia։