ԹԱՎԻՇԸ ԹՈՂԵԼ Է ԼՈԿ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ

Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է հայրենակիցներին Հաղթանակի տոնի առթիվ: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում, հաղորդում է Sputnik Արմենիան։

«2021 թվականի մայիսի 9-ին, որն առաջինն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած ագրեսիայից հետո, դժվար է նույնկերպ նշել տարիներ շարունակ ընդունված եռատոնը։ Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մեր պապերին և Արցախյան առաջին պատերազմի և Շուշիի ազատագրմանը մասնակցած մեր հայրերին ու եղբայրներին»,- գրել է Միրզոյանը։

Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքերով, Շուշին եղել և մնում է հայկական ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը, և չնայած քաղաքն այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, այն պետք է մնա հայկական վերածննդի խորհրդանիշը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. սա, իհարկե, ցինիզմի բարձրագույն պիլոտաժ է, երբ Շուշին թշնամուն զիջած իշխանության ներկայացուցիչը խոսում է այն մասին, որ Շուշին պետք է մնա հայկական վերածննդի խորհրդանիշ: Մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դրանից մի քանի օր առաջ Իլհամ Ալիևն իր հրամանագրով հռչակեց Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, իսկ պաշտոնական Երևանը գրեթե չարձագանքեց դրան, մանավանդ եթե հաշվի առնենք, որ դեռ մի քանի ամիս առաջ թավշե ԲՇՏ-ի պետը արդարացնում էր հայկական կողմի կորուստը նրանով, թե Շուշին դժգույն, դժբախտ քաղաք է։ Իսկ հիմա հանկարծ Արարատ Միրզոյանն այնպիսի՜ սիրով է տոգորվել «դժբախտի» նկատմամբ, որ հռչակում է վերածննդի խորհրդանիշ։ Այո, Շուշին կարող է և պետք է լինի հայոց վերածննդի խորհրդանիշը, բայց քանի դեռ այդ մասին խոսում են նրանք, ովքեր հանձնել են այն, Շուշին կխորհրդանշի ազգային խայտառակությունն ու թավշե իշխանությունների նվաստացումը…

Թեպետ, տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Խոսքը հայկական իրական, շոշափելի կապիտալի հետաքրքիր փոխակերպման մասին է վերացական խորհրդանիշների։ Նույն Արարատ Միրզոյանը դեռ երկու տարի առաջ խորհրդանշաբար անվանեց Հայաստանը համաշխարհային ժողովրդավարության բաստիոն։ Այո, այն ժամանակ այդ ձևակերպումը ծաղրալի էր թվում, քանի որ փաստերը խոսում էին այն մասին, որ թավշե Հայաստանը ժողովրդավարության ոչ թե բաստիոն է, այլ գերեզման։ Հիշեցնեմ այդպիսի փաստերից մեկը։

«Քայլողների» կառավարման մեկ տարվա ընթացքում հայրենի ԶԼՄ-ներին ներկայացվել է ավելի քան 90 դատական հայց՝ զրպարտության և իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու մեղադրանքներով։ Ահա ուրեմն, դա նույնքան է, որքան «նախկինների» կառավարման օրոք եղել է 4 տարում՝ 2010-2014 թվականներին։ Հիշատակեցինք այս դրվագը՝ փաստելու համար, որ եթե նախկինում Հայաստանում կար ժողովրդավարության որոշակի աստիճան, ինչի վկայությունն է արդեն իսկ այն հանգամանքը, որ «թավիշը» կարողացավ առանց արյունահեղության վերցնել իշխանությունը, ապա ներկայումս դրանից (ժողովրդավարությունից) մնացել է միայն Արարատ Միրզոյանի խորհրդանշական ձևակերպումը։

Այսօր «ժողովրդավարության բաստիոնը» ցած է գլորվել այն աստիճան, որ նույն Արարատ Միրզոյանը խորհրդարանում լեզվակռիվ է տալիս օմբուդսմենի հետ, դժգոհություններ ներկայացնելով նրան իշխանության քննադատության առնչությամբ, իսկ թավշե թիմի ներկայացուցչուհին Մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում է մեդիատեռորի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում, նկատեք, «ժողովրդավարության համաշխարհային բաստիոնում»։

Կառավարման երեք տարիների ընթացքում այդ թիմը գործնականում ամեն հայկականից, պետականից թողել է միայն խորհրդանիշներ։ Պաշտպանության նախարարությունն ու գլխավոր Շտաբը այսօր պարզապես խորհրդանշում են մեր անվտանգությունը, կառավարությունն ամբողջությամբ վերցրած պարզապես խորհրդանշում է պետական կառավարման համակարգի առկայությունը, խորհրդարանը լոկ խորհրդանշում է օրինաստեղծ գործունեությունն ու քաղաքական բազմակարծությունը։ Այն ամենը, ինչը դեռ մի քանի տարի առաջ մեր կյանքի շոշափելի և իրական գործոնն էր, այսօր լոկ խորհրդանիշ է։ Եվ հայկական Շուշին՝ այդ թվում։

Մայիսի վերջին մենք նշելու ենք Առաջին Հանրապետության օրը։ Ըստ էության, մայիսի 28-ը Հայաստանի պետականության, ինքնիշխանության վերականգնման օրն է։ Բայց անցած երեք տասնամյակների ընթացքում թերևս առաջին անգամ այդ օրը ստիպված կլինենք գիտակցել պետականության փոխակերպումը դրա խորհրդանիշների։ Քանզի այդ պետականության նշանները, ինքնիշխանության հատկանիշները «թավիշը» փոխարկել է խորհրդանիշների։

Основная тема:
Теги: