«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ. ՀԵՏՀԱՇՎԱՐԿ ԵՎ «ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՏ»

«Ներկա վտանգները և կուտակած փորձն ու գիտելիքները համընկնում են»

Նախօրեին հանդիսավոր պայմաններում կայացավ Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻ գլխավորությամբ «Հայաստան» նախընտրական դաշինքի ստեղծման փաստաթղթի ստորագրումը: Դաշինքի կազմում են Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը:

Ստորագրման արարողությունից հետո Ռ.Քոչարյանը համախոհների ուղեկցությամբ անցավ Հյուսիսային պողոտայով (որն իր իսկ որոշման կենսագործումն է)՝ «Քոչարյա՛ն», «Հաղթանա՛կ», «Հզոր Հայաստա՛ն» բացականչությունների ներքո, ուղղվելով դեպի Թատերական հրապարակ, որտեղ տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք։

Երեկ շատերն էին խոսում այն մասին, որ շինծու մեղադրանքներով ազատազրկման երկար ամիսներից հետո արժեր հաղթականորեն վերադառնալ գործող քաղաքականություն։ Չգիտեմ, թե այդ առնչությամբ ինչ է մտածում ինքը՝ Քոչարյանը, բայց վերադարձն իսկապես հաղթական էր։ Անհնար կլիներ նման արդյունքի հասնել բեմադրված գործողություններով. մարդիկ ողջունում էին երկրորդ նախագահին, երբ նա քայլում էր դեպի հրապարակ, և այդ ողջույններում հույս կար։ Մարդկանց ավտոբուսներով չէին բերել հանրահավաքի, իրենք էին եկել, երեկ հրապարակում գերակշռում էին մայրաքաղաքի մտավորականության ներկայացուցիչները, շատ էին երիտասարդները։

Եթե իշխանությունը երկրով մեկ պաստառներ է տեղադրել «Ապագա կա՛» գրությամբ, ապա երկրորդ նախագահը մանրամասն պատմեց, թե ինչպիսին կլինի այդ ապագան, եթե հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններում ժողովուրդը քվեարկի «Հայաստան» նախընտրական դաշինքի օգտին։ Քոչարյանը պատասխանեց 3 հարցի, որոնք հենց ինքն էլ ձևակերպեց՝ իրեն բնորոշ լակոնիկությամբ։ Առաջին հարցը, ինչո՞ւ ինքը։ «Երկիրը կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առջև և դրանք հիմնականում կապված են անվտանգության սպառնալիքների հետ: Երկիրը ունի կառավարման և տնտեսական ճգնաժամ: Երկրում ակնհայտ է նաև ինքնության ճգնաժամը»,- ընդգծեց երկրորդ նախագահը, որից հետո վկայակոչեց նման մարտահրավերների հաղթահարման սեփական փորձը, ճգնաժամային իրավիճակներում կառավարման փորձը, անվտանգության ապահովման և տնտեսական ճգնաժամերի հաղթահարման ոլորտում ունեցած փորձը:

«Ներկա վտանգները և կուտակած փորձն ու գիտելիքները համընկնում են»,- արձանագրեց Ռ.Քոչարյանը։ Պատասխանելով «ինչո՞ւ ՀՅԴ-ն» հարցին, նա ընդգծեց, որ այդ կուսակցությունը ողջ աշխարհում պայքարում է հայի ինքնությունը պահպանելու համար, բացի այդ, երկրորդ նախագահը համագործակցության մեծ փորձ է կուտակել այդ քաղաքական ուժի հետ, որը ներգրավված է եղել կառավարության կազմում իր նախագահության տարիներին։

Երրորդ հարցը. ինչո՞ւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։ Այդ կուսակցությունը, ինչպես նշեց Քոչարյանը, ծնվել է Սյունիքում, սակայն այսօր տարածվում է Հայաստանով մեկ։ «Սյունիքն այսօր ներկա սպառնալիքների էպիկենտրոն է Հայաստանի համար: Սյունիքից է կախված՝ մնալու ենք գործոն այս տարածաշրջանում, թե՞ դառնալու ենք կցորդ: Սյունիքն այսօր մեր այս պահի պայքարի սիմվոլն է»,- ընդգծեց Ռ.Քոչարյանը։ Երկրորդ նախագահը պատասխանեց նաև այն հարցին, թե ինչու պետք է հեռանա ներկայիս իշխանությունը, ընդգծելով, որ «այս իշխանությունը մեր պարտության խորհրդանիշն է, մեր պարտության դեմքը, ձայնը: Այսպիսի դեմքով, այսպիսի ձայնով մենք չենք կարող նայել դեպի ապագա, չենք կարող կառուցել այդ ապագան: Հնարավոր չէ առաջ գնալ՝ ժողովրդի ճակատին ունենալով նման կնիք, դա ուղղակի անհնար է»։

Քոչարյանը նշեց, որ իշխանությունը մեղավոր է 5 հազար զոհերի, 11 հազարը վիրավորների, անօթևան մնացած մեր 35 հազար հայրենակիցների համար։ «Դավաճանության և Արցախի վաճառքի հիմնավոր կասկածը մեր ժողովրդի մոտ մնալու է այնքան ժամանակ, ինչքան իշխանության մնան այս մարդիկ»,- ընդգծեեց նա:

«Մենք առաջարկելու ենք աշխատող երկրի կոնցեպտ»

Ռ.Քոչարյանը հայտարարեց, որ գործող իշխանությունը հետևողականորեն քանդում է տնտեսությունը. խոստացել են թռիչքաձև աճ, իսկ ապահովել են թռիչքաձև անկում, ավելի քան 2 մլրդ դոլարով աճել է արտաքին պարտքը:

«Ներդրումները գրեթե զրոյացել են, այս 3 տարում աճել են միայն աղքատությունը և գերեզմանների քանակը, իշխանությունը չի կատարել ոչ մի նախընտրական խոստում, նույնիսկ նրանք, որոնք հեշտությամբ կարելի էր կատարել»,- ընդգծեց Քոչարյանը։ Նրա խոսքերով, հաջորդ իշխանությունն առաջին հերթին պետք է գնահատի պետությանը հասցված վնասի ծավալը՝ բոլոր ոլորտներում. տնտեսություն, գիտություն, կրթություն և այլն։ Դա անհրաժեշտ է անել, որպեսզի գրագետ ծրագրվեն հակաճգնաժամային հաջորդ քայլերը՝ պետության հետագա դեգրադացիան կանխելու, նրա կանխատեսելիությունն ու վարկը վերականգնելու համար։

Քոչարյանը նշեց, որ 3 տարվա ընթացքում Հայաստանը կորցրել է արտաքին աշխարհի վստահությունը վայելող պետության համբավը: «Դատարկ խոստումներ չենք տալու, առաջարկելու ենք աշխատող երկրի կոնցեպտ, նորից երկիրը վերածելու ենք շինհրապարակի»,- ընդգծեց նա՝ խոստանալով ամեն տարի ստեղծել տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր:

Քոչարյանը խոստացավ ամեն ինչ անել փոքր և միջին բիզնեսի զարգացման, գիտահեն տնտեսության կառուցման, գյուղատնտեսության զարգացման և յուրաքանչյուր քաղաքացու բարօրության աճի համար: Նա խոստացավ պայքարել պետական ապարատի մաքրության համար, ընդդեմ կոռուպցիայի և ստի, որը բացառվելու է պետական համակարգում։ «Մենք դարձել ենք ստի աշխարհ, և պետք է սկսենք այդ սուտը վերացնելուց։ Խոստանում ենք միայն այն, ինչ ի վիճակի ենք անել։ Մենք կառուցելու ենք երկիր, որով յուրաքանչյուր հայ կկարողանա հպարտանալ»,- ընդգծեց Ռ.Քոչարյանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանն ունի բարեկամներ, որոնք պատրաստ են աջակցել և օգնության ձեռք մեկնել, բայց ոչ ոք մեր փոխարեն չի կառուցելու մեր ապագան։ «Մեր ճակատագիրը մեր ձեռքում պետք է լինի»,- ընդգծեց երկրորդ նախագահը և վստահեցրեց, որ Հայաստանին սպասում են արժանապատիվ խաղաղություն և բարգավաճում։ «Ամեն ինչ լավ է լինելու»,- խոստացավ նա։ Այս ամենը ասվեց «Հայաստան» նախընտրական դաշինքի ստեղծման մասին փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո։ Այդ խոսքերին հաջորդեցին Հյուսիսային պողոտայով քայլերթն ու ելույթը բազմահազարանոց հանրահավաքի ամբիոնից։

«Պետք է գա մի իշխանություն, որը ի վիճակի է բանակցել»

Թատերական հրապարակում դիմելով բազմահազարանոց լսարանին՝ Քոչարյանը հիշեցրեց, որ վերջին անգամ հանրահավաքի հարթակից ելույթ է ունեցել 2003 թվականին, Մատենադարանի դիմաց, նախագահական ընտրություններից մեկ օր առաջ:

Նա կրկնեց բազմիցս հնչած այն արտահայտությունը, որ քաղաքականություն վերադառնալու մտադրություն չի ունեցել, սակայն այն, ինչ տեղի ունեցավ, և այն սպառնալիքները, որոնք այսօր կախված են երկրի գլխավերևում, ստիպեցին իրեն շարք վերադառնալ և պայքարել: «Հակառակը կլինի դասալքություն»,- ընդգծեց նա:

«Սյունիքի սահմանները վտանգված են, մենք այսօր մի երկիր ենք, որը սեփական ուժերով չի կարողանում պաշտպանել սահմանները, չի կարողանում պաշտպանել երկրի բնակչության անվտանգությունը։ Այսօր ունենք իշխանություն, որը հետևողականորեն քայքայել է բանակը, իսկ մենք կարող ենք և պատրաստ ենք վերականգնել այն»,- ասաց երկրորդ նախագահը: «Ղարաբաղի ապագան բավական մշուշոտ է։ Նոյեմբերի 9-ին ստորագրված այդ չարաբաստիկ հայտարարությունը ենթադրում է, որ չորսուկես տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից։ Ձեզանից որևէ մեկը լսե՞լ է այս իշխանավորներից, թե ինչ են անում իրենք այդ ուղղությամբ։ Պետք է գա մի իշխանություն, որը ի վիճակի է բանակցել և հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների։ Մենք կարո՛ղ ենք դա անել»,- ընդգծեց Քոչարյանը։

Ներկայիս իշխանությանը պետք է ստիպել հեռանալ, եթե նա չի ցանկանում դա հոժարակամ անել, հակառակ դեպքում, ըստ երկրորդ նախագահի, հայերը կվերածվեն մշտապես պարտվող ազգի։ Քոչարյանը հայտարարեց, որ սկսում է հետհաշվարկը. նախօրեին իշխանության վախճանին մնացել էր 42 օր, այսօր՝ 41, վաղը՝ 40, և այդպես շարունակ՝ մինչև հունիսի 20-ը…

Հրապարակ էր եկել մտավորականությունը

Հանրահավաքի հարթակում Ռ.Քոչարյանի կողքին կանգնած էին դաշինքի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները. նշանավոր բժիշկ Արմեն Չարչյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

Հանրահավաքի մասնակիցների մեջ էին հասարակական, քաղաքական բազմաթիվ գործիչներ, շինարարներ, բուհերի դասախոսներ, արտիստներ, երաժիշտներ, ճարտարապետներ, պաշտոնաթող զինվորականներ…

Մտավորականության հազարավոր ներկայացուցիչներ եկել էին հրապարակ՝ ողջունելու Քոչարյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն։ Մտածող հանրության համար անտանելի է կառավարող վերնախավի դերում տեսնել թերուսների, Սորոսի հետևորդների, աղանդավորների և ԼԳԲՏ համայնքի անդամների: Ժամանակն է վերադառնալ այն Հայաստանին, որը մենք կորցրեցինք 3 տարի առաջ։ Շատ դիպուկ բնորոշում տվեց երեկվա հանրահավաքի մթնոլորտին քաղաքագետ Կարեն Բեքարյանը։ Ակցիայի ավարտից հետո նա ասաց, որ հրապարակում «պետության հոտ եկավ»։ Դա շատերը զգացին։

Основная тема:
Теги: