Հայաստանում զբոսաշրջությունը վերականգնվում է

Հայաստաում զբոսաշրջությունը սկսում է վերականգնվել. ոլորտում նկատվում է աշխուժություն, նախատեսված է բազմաթիվ փառատոնների անցկացում, հայտարարեց Զբոսաշրջության պետական կոմիտեի հանրային կապերի և թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանը։

Երկուշաբթի ասուլիսի ժամանակ նա տեղեկացրեց, որ մայիսի սկզբից նկատվում է բարձր ակտիվություն Հայաստան այցելող ռուս զբոսաշրջիկների կողմից։ Նրա խոսքով, այդ աշխուժացումը պայմանավորված է նաև պատվաստման մեծ մասշտաբներով, որը թույլ է տալիս խոսել ապագայում սահմանների բացման մասին։

«Մենք գիտենք, որ Հայաստանն իր սահմաններն է բացել աշխարհի առջև, բայց բազմաթիվ երկրներ մինչև հիմա շարունակում են փակ պահել իրենց սահմանները, ինչը խոչընդոտում է զբոսաշրջության ոլորտի աշխատանքին և կանգնեցնում է որոշ մարտահրավերների առաջ», – նշեց նա։

Չնայած այս աշխուժությանը, Այվազյանն ընդգծեց, որ դեռևս վաղ է խոսել զբոսաշրջության ոլորտի ամբողջական «առողջացման» մասին։

«Միջազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միայն 2023թ.–ից հետո հնարավոր կլինի խոսել զբոսաշրջության ոլորտի ամբողջական վերականգնման մասին», – ասաց նա։

Բազմաթիվ հետաքրքիր փառատոներ

«ՖեստիվԱր հայկական փառատոների ասոցիացիա»-ի տնօրեն Նունե Մանուկյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում վերջապես հաստատվեց իրադարձային տուրիզմ։ Այս համատեքստում նա ներկայացրեց փառատոների ցանկը, որոնք կանցկացվեն Հայաստանում 2021թ.–ին։

«Մենք սպասում ենք (զբոսաշրջիկների) այլ երկրներից։ Կլինեն փառատոներ, որոնց ժամանակ սպասվում են բազմաթիվ զբոսաշրջիկներ Ռուսաստանից, ինչպես նաև Գերմանիայից և Անգլիայից», – ասաց նա։

Մանուկյանը նշեց, որ շատ փառատոներ անցկացվում են սահմանամերձ բնակավայրերում, օրինակ` Մեղրի և հատապտուղների փառատոնը` Բերդ քաղաքում, Գաթայի փառատոնը` Խաչիկ գյուղում։

«Մենք մարդկանց` ինչպես հայերին, այնպես էլ միջազգային հանրությանը ցույց ենք տալիս, որ չնայած այդ գյուղերը տեղակայված են սահմանին, այդուհանդերձ այնտեղ հանգիստ է», – նշեց նա։

«ՖեստիվԱր»–ի ղեկավարն ընդգծեց, որ այսօր աշխարհում չկա մի երկիր, որտեղ ամբողջությամբ հանգիստ է, այդ պատճառով խնդիրը երկիրը ներկայացնելու մեջ է։

Նրա խոսքով, փառատոների անցկացման նպատակն է խրախուսել կազմակերպիչներին անցկացնել միջոցառումներ համայնքներում` Հայաստանի մարզերի զարգացման համար, տեղեկացնում է Newsarmenia.am։