ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՆԱԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Եվ այսպես, այս խորհրդարանն այլևս չի կարող վարչապետ ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Բայց Փաշինյանը շարունակում է կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները. այդպես են իշխող թիմի իրավաբանները մեկնաբանում մեր առեղծվածային Սահմանադրությունը: Այսինքն կարելի է հրաժարական տալ, բայց պաշտոնից չհեռանալ

Իսկ այ, հետաքրքիր է, եթե Փաշինյանն այնուամենայնիվ որոշի լիազորությունները վայր դնել արդեն դե ֆակտո՞: Պե՞տք է արդյոք նա նոր դիմում գրի այն մասին, որ դադարում է կատարել ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։ Թե՞ կարող է պարզապես չգալ աշխատանքի, և այդժամ ինքնաբերաբար պաշտոնակատար կդառնա նրա առաջին տեղակալը։

Հարցը զուտ հռետորական չէ։ Եթե ընդդիմությունը վերսկսի իր բողոքի ակցիաները նախկին ուժով, ապա կարող է հասնել նրան, որ Փաշինյանը դադարի կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները։ Ներկայումս, նախագահի կողմից արդեն նշանակված ընտրությունների իրավիճակում, բողոքի ակցիաները կարող են ավելի մեծ թափ ստանալ և հաջողությամբ պսակվել։ Այդ դեպքում հանրապետության ղեկավարի պաշտոնից Նիկոլի հեռանալուն հարկ չի լինի սպասել ևս 39 օր։

...Խորհրդարանում վարչապետի թիմի ներկայացուցիչների երեկվա ելույթներում դեռ խրոխտանք կար։ Լոկ խոսքերում։ Մինչդեռ շատերի աչքերում տրտմություն ու հուսահատություն էր կարդացվում, նույնիսկ երբ վարչապետն իր թիմին համոզում էր, թե ինչքան լավ են իրենք աշխատել և ինչ լավ ու սկզբունքային մարդիկ են։ Այնպես որ ընտրարշավի ընթացքում կառավարման սանձերն իր ձեռքում պահելու Փաշինյանի ցանկությունը հասկանալի է. իշխանական բուրգը հենված է իր վրա։ Նա դեռ ունակ է թեկուզ սահմանափակ, բայց լավատեսություն ներշնչել իր թիմակիցներին։ Այլապես դժվար թե այդ թիմի անդամներից մեկը համարձակվեր հայտարարել, թե հանգիստ սրտով է պառկում քնելու։ Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ հանրապետության հետ վերջին երեք տարիների ընթացքում։

Եթե Փաշինյանը դադարի կատարել վարչապետի պարտականությունները, փաստ չէ, որ խորհրդարանն ընդհանրապես կշարունակի գործել, և կառավարությունը չի փլուզվի։ Այդժամ բոլորին պարզ կդառնա, որ նոր իշխանության ձևավորման հարցն այլընտրանք չունի, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է կորցնել ապագա խորհրդարանում հայտնվելու հնարավորությունը։

Ի դեպ, այն հարցում, որ Փաշինյանը վայր դնի կառավարության ժամանակավոր ղեկավարի պարտականությունները, ամենից շատ պետք է շահագրգռված լինեն Էդմոն Մարուքյանն ու «Լուսավոր Հայաստան»-ը։ Ընտրություններին մասնակցելու հայտն արդեն ներկայացրած ուժերից նոր խորհրդարան անցնելու ամենաչնչին հնարավորությունը հենց իրենցն է։ Ինքը՝ Մարուքյանը դա հասկանում է, այլապես դժվար թե կշտամբեր իշխող խմբակցության իր գործընկերներին, թե՝ ինչի՞ եք ուզում հասնել։ «Որ ապագա խորհրդարանում մի մասը դավաճաններ անվանի մյուսին, իսկ նրանք էլ պատասխանեն՝ «դավաճանը դո՞ւք եք»։

Մարուքյանն այդպես կշտամբում է «Իմ քայլին», զուգահեռաբար համոզելով հանրապետականներին ու Քոչարյանի թիմին չմասնակցել ընտրություններին։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը հասկանում է, որ ընտրական գործընթացին նրանց մասնակցության դեպքում ապագա խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, ներկայացված կլինեն «Հայաստան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը», ՀՀԿ-ի և «Հայրենիք»-ի առայժմ անանուն դաշինքը և «Բարգավաճ Հայաստանը»: Իսկ Մարուքյանը կարող է դուրս մնալ. նա չունի բավարար ուժեղ թիմ և կառուցակազմ կուսակցություն։

Բայց դա այն դեպքում, եթե Փաշինյանը մինչև քվեարկություն մնա իշխանության ղեկին։ Իսկ եթե նրան ստիպեն վայր դնել վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները, ապա «Քաղաքացիական պայմանագրի» փոխարեն նոր խորհրդարան լիովին կարող է անցնել «Լուսավոր Հայաստանը»։ Այնպես որ Մարուքյանը մտածելու բան ունի Փաշինյանի վրա ճնշում գործադրելու առումով, որպեսզի վերջինս պոկվի վերջապես վարչապետի աթոռից։

Գուցե արժե՞, որ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը փորձի դիմել Սահմանադրական դատարան, որպեսզի վերջ դնի իրավաբանների վեճին, թե՝ իրավունք ունի՞ արդյոք Փաշինյանը կատարել վարչապետի պարտականություններն այն բանից հետո, երբ հրաժարական է տվել, իսկ խորհրդարանը երկու անգամ մերժել է վերընտրվելու նրա հնարավորությունը։

Основная тема:
Теги: