ԱՆՀՊՎԵԼԻՆԵՐԻ ՈՀՄԱԿ

Հայաստանի Ժուռնալիստների միությունը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում է նախաձեռնել Փաշինյանի մամուլի խոսնակի գործողությունների ծառայողական քննություն: Համաձայն հայտարարության, մայիսի 9-ին Եռաբլուր պանթեոնում Մանե Գևորգյանի կողմից «լրագրողին կոպտորեն հրմշտելու, նրա ձեռքից բռնելու կադրերը տեսանելի են տարածված բազմաթիվ տեսանյութերում»: Տեղի ունեցածը Գևորգյանի կողմից լրագրողների աշխատանքի խոչընդոտման բնավ առաջին դեպքը չէ, ԶԼՄ-ների աշխատակիցները բազմիցս մատնանշել են նրա ընտրողական և անհարգալից վերաբերմունքը, ինչպես նաև պետական պաշտոնյային ոչ հարիր պահվածքը, նշում են հայտարարության հեղինակները:

ԱՎԵԼԻ ՎԱՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԷԻՆ ԵԿԵԼ լրագրողական այլ կազմակերպություններ ևս, անվանելով Գևորգյանի գործողությունները «անթույլատրելի»։ Պրոֆիլային ՀԿ-ները նաև ընդգծել էին, որ սա «առաջին դեպքը չէ, երբ կառավարության խոսնակն անձամբ է միջամտում և թույլ չի տալիս լրագրողին մոտենալ վարչապետին»: Միջադեպը վերաբերում էր լրագրող Անի Գևորգյանին (Tert.am «Արմնյուզ»), որը փորձել է մոտենալ Փաշինյանին, որպեսզի տա ՀՀ քաղաքացիներից շատ-շատերին տանջող այն հարցը, թե ի՞նչ խղճով է նա գալիս այնտեղ, որտեղ հանգչում են հազարավոր, ընդ որում հենց իր մեղքով զոհված երիտասարդ տղաներ:

Անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել պետության ղեկավարի մեկ այլ խոսնակ, որը թեկուզ մեկ անգամ արժանացած լինի նման կտրուկ գնահատականների։ Մանե Գևորգյանը այս, ասենք նաև մնացած բոլոր իմաստներով, աննախադեպ երևույթ է։ Նույնքան աննախադեպ, որքան այն սուբյեկտը, որին սույն տիկինն այդչափ կատաղի պաշտպանում է լրագրողներից, թեև իր ծառայողական պարտականությունները նախատեսում են ճիշտ հակառակը. ամեն կերպ կարգավորել և պահպանել կապը մամուլի հետ։ Իսկապես, Գևորգյանին շատ ավելի սազական է ցերբերի կարգավիճակը, քան մամուլի խոսնակի։

Մեկ ամիս առաջ Փաշինյանի խոսնակը, որն իրեն համարում է «ինտելեկտով մոդել» (ինչի մասին առանց ավելորդ համեստության ինքն էր գրել Ֆեյսբուքում՝ ծաղրալից մեկնաբանությունների փոթորիկ հարուցելով), հերթական անգամ ցուցաբերեց մասնագիտական անհամապատասխանության, իսկ ուղղակի ասած՝ հրապարակային պրիմիտիվ ստախոսության նշաններ։ Հիշեցնեմ, որ հենց նա առաջինը հայտնեց Բաքվից հայ գերիների խմբի վերադարձի մասին, սակայն մի քանի ժամ անց պարզվեց, որ ինքնաթիռը դատարկ է, իսկ գերիների վերադարձի մասին խոսք անգամ չի եղել։ Այդ ժամանակ Գևորգյանն ու առհասարակ իշխանությունները հնչեղ ապտակ ստացան գեներալ Մուրադովից։ Այդուհանդերձ տիկինը հարկ չհամարեց նույնիսկ ներողություն խնդրել գերիների հարազատներից, որոնց զգացմունքները կոպիտ ու լկտիաբար անտեսել էր՝ «սենսացիայի» հետևից ընկած:

Թեպետ, պատշաճը մատուցենք նրան. սույն կինը տվյալ պարագայում էլ ապացուցեց, որ հիրավի կատարելապես համապատասխանում է իր շեֆին։ Ինչպեսև Փաշինյանի, նրա համար նույնպես սուտ խոսելը շնչելու պես մի բան է, ասածի համար չզգալով ոչ մի պատասխանատվություն, թեև բարձրաստիճան պաշտոնյա է։ Ինչպեսև Փաշինյանը, նա չի դրսևորում տարրական դաստիարակության պարզագույն նշաններ, թեև սովորել է Թաֆտս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության հայտնի դպրոցում։ Ինչպեսև Փաշինյանը, Մանեն սիրում է շքեղ կյանքը, որի պարագայում այնքա՜ն հեշտ է լրագրողների առջև շրխկացնել մեքենայի դուռը, երբ անկարող է պատասխանել նրանց բարդ հարցերին։ Եվ ճիշտ այնպես, ինչպես Փաշինյանը, նա պատրաստ է բառացիորեն բռունցքներով պաշտպանել իր ապահովվածությունը, «ինտելեկտով մոդելի» թեթև կենսակերպը, հարկ եղած պահին շեֆի թիկնապահների հետևում թաքնվելու հնարավորությունը, ժամանակակից Հայաստանի ծանր իրողություններից հուսալիորեն անջրպետվելու երաշխիքները և իշխանության շնորհած այլ բարիքները։

Ինչպես նաև, ինչը բավական կարևոր է, անպատժելիության իրավունքը։ Քանզի եթե նախորդ դեպքերում խոսքը պարզապես ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու փորձի մասին էր, ապա մայիսի 9-ին Մանե Գևորգյանը ուժ կիրառեց, այսինքն թույլ տվեց ծառայողական լիազորությունների ակնհայտ գերազանցում։ Այն, ինչը պետք է առնվազն գնահատական ստանա ծառայողական քննության արդյունքում։ Սակայն կասկածից վեր է, որ ոչինչ էլ չի լինի. ո՛չ հետաքննություն, ո՛չ պատիժ։ Քանզի Մանե Գևորգյանին կասկածելի «երջանկություն» է բաժին ընկել՝ ընդգրկված լինել երկրի գլխավոր հանցագործի մտերիմների շրջանակում, որտեղ ամեն ինչ ենթարկվում է ոչ թե վարքագծի օրենքներին ու կանոններին, այլ մեկ անձի քմահաճույքներին, ցանկություններին ու շահադիտական պահանջներին։ Առաջին հերթին՝ գլխավոր շահին. իշխանության ղեկին մնալ հնարավորինս երկար և ցանկացած միջոցներով, այդ թվում՝ անօրինական։

Անհպվելիների նույն կաստայի մեջ է կապիտուլյանտի ևս մեկ սիրելին, որը պատրաստ է ամեն ինչի՝ հանուն իր պարագլխի, ընդ որում՝ նույն այն պատճառով, ինչ որ Գևորգյանը. միայն այնպիսի ոչնչությունը, ինչպիսին իրեն վարչապետ համարող սուբյեկտն է, կարող էր իշխանության գագաթ բարձրացնել նույնպիսի ոչնչությունների, ինչպիսին ինքն է։ Նույն օրը, երբ լրագրողական հանրությունը պահանջում էր գնահատական տալ մամլո ցերբերի գործողություններին, հաղորդագրություն հայտնվեց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի վերաբերյալ, որը հասարակայնությանն առավել հայտնի է որպես «Շիշ բռնող»։

Բանն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացահայտել է, որ այդ կերպարի ներկայացրած եկամուտների հայտարարագրում առկա զգալի փոփոխությունները չեն հաստատվել օրինական աղբյուրների կողմից։ Պարզ ասած, իշխանական խմբակցության պատգամավորը, որն իշխանության է եկել կոռուպցիայի և գանձագողության դեմ պայքարի ալիքին բազմած, էականորեն հարստացել է, սակայն չի նշել իր եկամուտների աղբյուրները։ Սակայն Հատուկ քննչական ծառայությունը, ուր ուղարկվել են նյութերը, հրաժարվել է քրեական գործ հարուցել, հայտարարելով, թե իբր՝ հանցակազմ չկա։ Դուք ամեն ինչ հասկացա՞ք, սիրելի ընթերցողներ։ Հայկ Սարգսյանն ապօրինի եկամուտներ է ստացել, ընդ որում, հանձնաժողովի հավաստմամբ՝ «էական եկամուտներ», իսկ այ ՀՔԾ-ն դա չի համարել հանցագործություն։

Հիշեցնեմ, որ բացի ամենայնից, «Շիշ բռնողի» հարազատ եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը Փաշինյանի օգնականն է։ Նրանք երկուսն էլ խառն են բազմաթիվ սկանդալային պատմությունների մեջ, որոնց թվում են՝ Փաշինյանի հանրահավաքներին մասնակցելու համար քրեական խմբավորումների հավաքագրումը, տարատեսակ բախումներն ու կեղտոտ հաշվեպարզումները։ Ինչպես նաև անհայտ կորածների ծնողների զգացմունքների ցինիկ շահարկումները. հիշեցնեմ, որ հենց Հայկ Սարգսյանն է նրանցից կոպտորեն պահանջել «մաքրվել տարածքից», երբ այդ մարդիկ հերթական անգամ իրենց վշտով եկել են վայ-վարչապետի մոտ։

Այդ տխրահռչակ ընտանիքը նույնպես ընդգրկված է անհպվելիների ոհմակում. նրանց, ում կապիտուլյանտի հետ մտերմությունը տալիս է օրենքից պաշտպանվածության երաշխիքներ, նույնիսկ ակնհայտ իրավախախտումների դեպքում: Ճիշտ այնպես, ինչպես Փաշինյանի մարմնին մոտ գտնվող մեկ այլ տիկնոջը՝ իրավական հարցերով նրա խորհրդական Աննա Վարդապետյանին, որի անօրինական գործողություններն արդարացնելու համար գլխավոր դատախազն օրերս ստիպված էր ձևանալ կատարյալ ապուշ։

Բոլորի հիշողության մեջ, հավանաբար, դեռ թարմ է սկանդալը, որը բռնկվեց այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հրապարակեցին սենսացիոն տեսանյութեր, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է Աննա Վարդապետյանն անձամբ միջամտում Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու դեմ հարուցված քրեական գործի քննությանը, իր ձեռքով խմբագրում և ուղարկում վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը Քննչական կոմիտեի գլխավոր վարչության քննիչին։ Այնուհետ հրապարակվեց Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալի ձայնային մեսիջը, որում նա քննիչներին տեղեկացնում է Վարդապետյանի առաջիկա՝ հաջորդ այցելության մասին, զգուշացնելով. «Որ հանկարծ այնպես չստացվի, թե այդ գործերով ոչինչ չի արվել»:

Վերջին արտահայտությունն առավել քան դիպուկ բնութագրում է այն, ինչ արվել է իրավապահ մարմինների կողմից Վարդապետյանի նկատմամբ, որն անպատկառ կերպով միջամտում է «անկախ» քննության գործին. ՈՉԻ՛ՆՉ։ Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «համոզիչ» բացատրություն գտավ աղմկալի սկանդալի մեջ ընկած խորհրդականի պահվածքին։ Պարզվում է, թե իբր՝ նա գործել է ոչ թե որպես Փաշինյանի խորհրդական, այլ պարզապես խորհրդատվություն է տրամադրել քննիչներին։ Դավթյանի խոսքերով, նա, ում «խորհրդատվություն է տվել» Վարդապետյանը, կարող էր չիմանալ, որ նա վարչապետի խորհրդականն է, և ընդհանրապես գլխավոր դատախազը խորապես համոզված է, թե դա եղել է բացառապես «բարի կամքի դրսևորում», քանի որ «կարգավիճակը չի խոչընդոտում մարդկանց խորհրատվություններ տալ»:

Մեր երկրում անհեթեթ ու հանցավոր իշխանության ջանքերով վաղուց տիրում են անհեթեթությունն ու սանձարձակ կամայականությունը։ Բայց նույնիսկ այդ խորապատկերին ապշեցնում է, թե ինչպես են կարծես թե նորմալ, կիրթ, իսկ Դավթյանի դեպքում՝ նաև փորձառու մարդիկ առանց ամաչելու ստում, խուսավարում, սպիտակն անվանում սև և հակառակը, գիտակցաբար գործում անթույլատրելի արարքներ, վիրավորում մարդկանց, առանց վարանելու խախտում մարդկային պահվածքի ընդունված նորմերը... Խոսքն, իհարկե, «Շիշ բռնողի» մասին չէ. նրա պարագայում իրոք որ ամեն ինչ պարզ է։ Խոսքը երկու երիտասարդ կանանց մասին է, որոնք իրենց գլխին անսպասելիորեն ընկած բարիքների համար պատրաստ են ցանկացած ստորության, ցանկացած այլանդակության և ցանկացած անօրինության։ Մի ամբողջ երկրի գլխավոր դատախազի մասին, որն իրեն համընդհանուր ծաղրի առարկա է դարձնում լոկ ոչնչությանը հաճոյանալու և նրա սիրելիներին արդարացնելու համար։

Խոսքը բացարձակ անբարոյականության այն մթնոլորտի մասին է, որ եռանդագին ու միանգամայն գիտակցաբար ստեղծել են գործող իշխանությունները այս երեք տարիների ընթացքում։ Անհպվելիների փաշինյանական ոհմակը, որոնց երաշխավորված է լիակատար պաշտպանվածությունն օրենքից, դրա ամենազազրելի և հանցավոր դրսևորումներից մեկն է։ Նույնքան զազրելի, հանցավոր ու բարոյազուրկ, որքան ինքը՝ դրա ստեղծողն ու հովանավորը։