Վազգեն Սաղաթելյան․ Խելոք նստեք տեղներդ

«Անդրանիկ Քոչարյանին կոչ ենք անում, որ ոչ միայն հանգիստ նստի տեղը, այլև սուսուփուս նստի, որ չխանգարի իրավացի տեղեկություն տալ այսօրվա վտանգների մասին», - մեկնաբանելով իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այսօրվա հայտարարությունները՝ Aysor.am-ի հետ զրույցում նշեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը:

Նշենք, որ պատգամավորը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Սյունիքի այսօրվա իրադարձությունների վերաբերյալ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հայտնած տեղեկությունները՝ նշել էր. «Վահե Հակոբյանը էդ կրակոցները իր ականջո՞վ է լսել, թե՞ ուղղաթիռով պտտվելիս: Թող ուղղաթիռն իջեցներ, ավտոմատը վերցներ, գնար, կանգներ զինվորների կողքին:

Խելոք նստեք տեղներդ»:

Վազգեն Սաղաթելյանը նկատում է, որ Սյունիքի միջադեպի վերաբերյալ պաշտոնական լրահոսում և համացանցում իրարամերժ հայտարություններ են: Նրա խոսքով՝ որոշ պաշտոնյաներ փորձում են հավատացնել, որ միջադեպ չկա, ամեն ինչ հանգիստ է, կոչ են անում ապատեղեկատվություն չտարածել: Բայց Սյունիքի մարզպետն էլ միաժամանակ հայտնում է, որ մեր սահմանն անցած ադրբեջանցիները մոլորվել են: Դրան զուգահեռ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածում, թե հիմա բանակցություններ են տարվում, որպեսզի միջադեպը կարգավորվի:

«Իշխանությունն ավելի քան 40 օր մոլորեցնում էր բոլորիս՝ «44 օր «հաղթող» ազգից մենք վերածվեցինք կապիտուլյացիայի ենթարկված պետության: Նույնն անում են հիմա, իրենք հանգիստ նստած են իրենց տեղերում, ինչ-որ հանգստացնող մեկնաբանություններ են գրում այն դեպքում, երբ մարդիկ ահազանգում են Սյունիքից՝ սկսած Գորիսի փոխհամայնքապետերից մինչև գյուղապետեր ու սովորական քաղաքացիներ: Ասում են, որ թշնամին առաջ է եկել՝ պնդելով, որ իրենց հողերն են: Այս ամբողջի համատեքստում Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում հանգիստ նստել տեղը: Եթե այդտեղ չկա միջադեպ, ապա ինչո՞ւ Վահե Հակոբյանն ու այլ անձինք ավոտմատով պետք է գնան, զինվորի կողքին կանգնեն: Եթե կա միջադեպ՝ արդյո՞ք պետության հույսն այն է, որ Վահե Հակոբյանը պետք է այնտեղ գնա ավտոմատով», - նշեց կուսակցության մամուլի խոսնակը:

Նա ընդգծեց, որ իշխանության՝ իրենց տեղը հանգիստ նստելու, հանությանը մոլորեցնելու արդյունքում կորցրեցինք Արցախի 75 տոկոսը, Սյունիքում էլ իրավիճակն այնպիսին է, որ գյուղերի ու տների մի մասը տալիս են, բայց սյունեցիները, սրտացավ մարդիկ իրենց պետս հանգիստ չեն կարող նստել տեղը. «Մենք առանց այդ էլ գիտենք, բարձրաձայնել ենք, կան նաև փաստող վիդեոներ, նկարներ, որ շարքային գյուղացիներն ու համայնքապետերն են կատարում պետության ֆունկցիան և թշնամու հետ բանակցում ամեն մետրի համար: Պետության ներկայացուցիչները հանգիստ նստած են իրենց տեղում: Եթե չեն կարող որևէ բանով օգնել, թող չխանգարեն: Իրենց քիչ մնաց. 40 օր հետո նստելու են ինչ-որ տեղ ու, հույս ունենանք, որ այդ տեղը հանգիտ և ազատ չի լինելու»: