ԱԿԱՆՋՆԵՐԻԴ ՕՂ ԱՐԵՔ ԱՅՍ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

Որպեսզի չկրկնեք

Գրեթե երկուսուկես տարի ապրել շոկային իրադարձությունների տրամաբանության մեջ՝ կասկածելի գործընթացների, ցածր որակի, ագրեսիվ մթնոլորտի, պատկերացումների պրիմիտիվիզմի. այսպիսի հիշողություններ թերևս կթողնի իր մասին յոթերորդ գումարման խորհրդարանը:

Խորհրդարանը լուծարված է, իսկ «Իմ քայլը» խմբակցությունը հարգանքի կոչ է արել քաղաքական ուժերին։ Բայց կարո՞ղ է արդյոք հարգանքի մասին խոսել այն ուժը, որն ինքը ոչ մեկին, բացի իրենից, չի հարգել։ Ասենք, իրենց էլ իմքայլականները մեծ հաշվով չէին հարգում, հոժարակամ դառնալով քաղաքական իմպոտենտներ և կուրորեն խոնարհվելով մի մարդու առջև, որն արհամարհում է իրենց։ Արհամարհում է և առիթը բաց չի թողնում ցույց տալու դա տիրոջ տոնով, իբր՝ դու ո՞վ ես և որտե՞ղ կլինեիր, եթե ես չլինեի

Եվ դա բնավ զարմանալի չէ, քանզի այս խորհրդարանի օրոք քծնանքը, ստորաքարշությունն ու ուղեղի բացակայությունը դարձել են քաղաքական կատեգորիա։ Հիշո՞ւմ եք դեռ նոր ձևավորված խորհրդարանի պատգամավորուհու հայտարարությունը՝ ուղղված Փաշինյանին. «Պարոն վարչապետ, ուզում եմ ասել՝ Ձեր հանդեպ իմ վստահությունն այնքան խոր արմատներ ունի և այնքան հեռու է գնում, կախված Ձեր կատարած գործունեությամբ և անցած ճանապարհով, որ եթե անգամ Դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ մեկ նախադասություն՝ ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու, ես վստահելու էի Ձեզ և «կողմ» էի քվեարկելու»։ Իսկ մեկ այլ պատգամավորուհու խոսքե՞րը, որը ցանկանում էր ամեն ինչում նմանվել նորընտիր փոխխոսնակ Լենա Նազարյանին։ Այն ժամանակ լրագրողական հանրության մեր գործընկերներից մեկը նկատեց, որ ինչ կուսակցություն էլ լինի իշխանության ղեկին, վերջում ստացվում է ՀՀՇ։ Պարզապես «քայլողներն» այդ առումով «էվոլյուցիա» չանցան, դրան հանգեցին ոչ թե աստիճանաբար, այլ մի տեսակ միանգամից, խմբակցություն ձևավորելուն պես։

Օրերս լուծարված խորհրդարանը դարձավ վառ օրինակն այն բանի, թե ինչպես քանակը չվերածվեց որակի։ Իսկ «թողեք աշխատեն» արտահայտությունը փոխարկվեց «հեռացե՛ք վերջապես» կոչերի։ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսը, որով 2018 թվականի դեկտեմբերին եկավ ներկայիս, դեռևս իշխող խմբակցությունը, նա տապալեց աղետալիորեն, քաղաքացիներին և երկրին բերելով պատերազմ, ողբերգություն, դժբախտություններ, կոտրելով ոգին, թուլացնելով երկիրը, հասցնելով պետականության կորստի շեմին։ Եվ հիմա նույն այդ ապաշնորհ թիմը հայտարարում է, թե «Ապագա կա՛» և լկտիություն ունի այդ կարգախոսով նույնիսկ ոչ թե պարզապես առաջադրվելու արտահերթ խորհրդարանական ընտրություններում, այլ հուսալու, թե կրկին վստահության քվե կստանա քաղաքացիներից։ Ինչպես բացատրեց իմքայլականներից մեկը, «իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատը և վերստանալ հասարակության վստահության քվեն»։ Որքա՜ն ապաշնորհ պետք է լինես, որ ամբողջությամբ ստանալով գործադիր, օրենսդիր իշխանությունը, տեղ-տեղ քեզ ենթարկելով դատական համակարգը, գործնականում զրոյացնես օգտակար գործողության գործակիցը։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին «հեղափոխությունը» վերածվեց իշխող խմբակցության, իսկ նրա ազդարարած, կարծես թե լուսավոր նպատակները, երազանքները, խոսքի ազատության, կրթական, բժշկական, գիտական և տնտեսական վերելքների, սոցիալական արդարության, թափանցիկության մասին հռչակած արժեքները փոխարկվեցին այդ խմբակցության նախաձեռնած և քվեարկությամբ ընդունած օրենքների։ Ընդ որում՝ ընդունած միանձնյա։ Օրենքներ... պաշտոնական տեղեկատվությունից տարբերվող հրապարակումների արգելման, ԶԼՄ-ների համար տուգանքների բարձրացման, բուհերի խորհուրդների քաղաքականացման, կովիդից մահացածների դիահերձման արգելքի և այդ վիրուսի դեմ պայքարի կազմակերպման գիտական վերլուծության ու հետազոտման փաստացի արգելման, աղքատների և հարուստների եկամտահարկի հավասարեցման, անշարժ գույքի հարկի բարձրացման մասին, միաժամանակ խորհուրդ տալով, թե՝ ով չի կարողանում վճարել հարկը քաղաքի կենտրոնում տատիկից ժառանգած տան համար, թող տեղափոխվի ծայրամասեր... Իսկ Սահմանադրական դատարանի հետ կապված էպոպեան, որը ձգվեց ավելի քան մեկ տարի: Իսկ իրենց հարմարեցնելով գրած ու վերջերս հապշտապ ընդունած Ընտրական օրենսգիրքը, թեև նրանք ամբողջ երկուսուկես տարի ունեին դրա համար։ Եվ սա լոկ այն է, ինչը մտաբերում ես առանց ջանքի։

Կոռուպցիայի դեմ պայքարի և թափանցիկության մասին խոսող իշխանությունը հրաժարվեց խորհրդարանում հանձնաժողով ստեղծել ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի ղեկավարների և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերյան գաղտնալսված աղմկահարույց հեռախոսազրույցները քննելու համար։ Հրաժարվեց ստեղծել «Կամազգեյթսը» քննող հանձնաժողով՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունը հետաքննելու համար։ Հրաժարվեց քննիչ հանձնաժողով ստեղծել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքները պարզելու համար։ Փոխարենը այս խորհրդարանն իր ընտրվելուց հինգ ամիս անց ստեղծեց Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով։ Երկու տարի շահարկեց հասարակական կարծիքը՝ ավարտելով իր բուռն գործունեությունը մեծ փսսոցով։

Երբ հարցը վերաբերում էր «Իմ քայլին», կառավարությունում և խորհրդարանում դրա ներկայացուցիչները կոչ էին անում հավատալ իրենց խոսքին։ Վրդովված բացականչելով, թե իբր՝ դուք ի՛նչ է, կարծում եք, թե իմքայլականը (տեղադրեք ցանկացած ազգանուն) կարող է հանցավոր համաձայնությա՞ն գալ, քրեական գործա՞րք կնքել: Այո, կարծո՛ւմ ենք ։ Եվ ի՞նչ։ Ոչինչ. ինչ ուզում եք՝ մտածեք, թքած ունենք, ձեռքը թափ էր տալիս «Իմ քայլը»։ Ճիշտ այդպիսի պահվածք ցուցաբերեցին նրանք, երբ հայտնի դարձավ այն պարգևավճարների մասին, որ ստացել էին նախարարները 2019-ին կառավարության կազմավորումից հետո։ Նախարարական աշխատավարձերի վերաբերյալ վարչապետի գաղտնի որոշման մասին լուրը մեկ վայրկյանում հողմացրիվ արեց առասպելը այն ժամանակ դեռ նորընտիր իշխանության թափանցիկության մասին։ Եվ ի՞նչ։ Իսկ ի՞նչ պիտի. Փաշինյանին զայրացրեց, որ նման դրական փաստը «այդ քայլի ողջ հեղափոխականությունը չհասկացող ոմանց կողմից» ներկայացվում է բացասական լույսի ներքո։ «Պաշտոնյաների աշխատավարձերի հարցը լուծվել է, որպեսզի նրանք 100 տոկոսով կենտրոնանան Հայաստանի ժողովրդի, քաղաքացիների կարիքները հոգալու վրա։ Եթե քաղաքապետի և նրա տեղակալների աշխատավարձերի բարձրացումը կառավարության իրավասության տակ լիներ, ես առանց վարանելու կկայացնեի նման որոշում»,-ասում էր նա 2020-ի հունվարին։

Նրան բացարձակապես չշփոթեցրեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի հարցը «լուծվել է» շրջանցելով խորհրդարանը, իր միանձնյա որոշումով։ Բայց դեռ այն ժամանակ օրինաչափ հարց առաջացավ. մի՞թե այդօրինակ այլ որոշումները նույնպես կայացվում են «հույժ գաղտնի» կնիքի ներքո։ Չէ՞ որ տեսականորեն կարելի էր անվերջ պատկերացնել գաղտնի որոշումների թեմաներ, որոնք ոչ մի կերպ չէին առնչվում «ժողովրդական իշխանության» ազդարարած թափանցիկ աշխատաոճի և դրա ձևակերպումների հետ։ Քանզի եթե մի դեպքը հայտնի է դարձել հանրությանը, ապա կրկին իսկ միանգամայն բնական է հնարավոր համարել, որ կարող են լինել բազմաթիվ այլ գաղտնի անակնկալներ, ենթադրում էր այն ժամանակ սթափ դատող հասարակությունը։ Եվ, ինչպես ցույց տվեց կյանքը, չէր սխալվում…

«Չընտրվելու» երկրորդ դուբլի ժամանակ Փաշինյանն ասում էր, ավելի ճիշտ՝ փորձում ներշնչել, թե երկրում տեղի են ունեցել որոշակի «ինստիտուցիոնալ փոփոխություններ, բարեփոխումներ»։ Բայց այն հարցը, թե ինչի հիման վրա է քաղաքային պայմաններում իր ծառայությունն իրականացնող ոստիկանության լեյտենանտը մի քանի անգամ ավելի բարձր աշխատավարձ ստանում, քան շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող և ավելի բարձր կոչում ունեցող զինվորականը, նա թողեց անպատասխան։ Այդ հարցն, ի դեպ, ինստիտուցիոնալ լուծումների շարքից է, որոնք պարտավորվել էին կյանքի կոչել Փաշինյանն ու իր թիմը ընդդիմություն եղած ժամանակ։ Իսկ դառնալով կառավարություն և «Իմ քայլը» խմբակցություն՝ մտափոխվեցին։ Խոսքը սուպերվարչապետական լիազորություններից հրաժարվելու մասին է, որոնք, իրենց իսկ խոսքով՝ «ավտորիտարիզմի հիմքն են»։ 2019-ի սկզբին ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը ճամարտակում էր, թե իբր՝ մենք ելնում ենք նրանից, որ որոշ բաներ պայմանավորված են անձերով։ Ասել է թե՝ եթե նախկինում դա կարող էր օգտագործվել ի չարս, այժմ կօգտագործվի ի նպաստ ժողովրդի շահերի: Ընդդիմախոսների պնդումները, որ սուպերվարչապետության հետ կապված հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներ, այլ ոչ թե հույս, թե թագավորը բարի կլինի, հաստատեց ընդհանրապես վերջին երկուսուկես տարիների և մասնավորապես վերջին ամիսների պրակտիկան։

... Երկուսուկես տարվա ընթացքում յոթերորդ գումարման խորհրդարանը այլախոհների դեմ «պատերազմների» ասպարեզից, ինչի վերածեցին այն իմքայլականները, այդպես էլ չփոխարկվեց բանավեճերի հարթակի։ Յոթերորդ գումարման խորհրդարանն արդեն անցավ պատմության գիրկը։ Դրա մասին պատմող գլուխը պետք է ընդգծել հոծ տառատեսակով և պարբերաբար վերընթերցել, որպեսզի չկրկնվեն դրա ցածր որակը, ագրեսիվ մթնոլորտը, պատկերացումների պրիմիտիվությունը, ինչին հանգեցրին 2018-ի կասկածելի գործընթացները։

Основная тема:
Теги: