ԻՆՉՈ՞Ւ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԱՐՁԱՎ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ
Ի՞նչ է հորինել Փաշինյանը՝ պատերազմում իր ձախողումներն արդարացնելու համար։ Պատերազմն, ասում է, անխուսափելի էր, որովհետև բանակցային գործընթացում հատվել էին ինչ-որ կարմիր գծեր... Իբր՝ նախկին իշխանություններն են մեղավոր, որ պատերազմն անխուսափելի էր, և բանակցային գործընթացում հատվել էր անդարձելիության կետը։ Այդպես շատ վստահ ստում է…
Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ «ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԷՐ»: Գոյություն ունի պատերազմից խուսափելու մի երկաթե միջոց։ Երկաթբետոնե միջոց։ Դա այն է, երբ քո ռազմական հզորությունն այնպիսին է, որ թշնամին երազում անգամ չի տեսնում ռազմական գործողությունների վերսկսում, ինչ-որ ագրեսիա։
Ինչպիսի՞ն էր վիճակն այդ առումով։ Չնայած ռեսուրսների հարցում Ադրբեջանի գերազանցությանը, նա Արցախին տանուլ տվեց Ղարաբաղյան առաջին պատերազմը և 1994-ին կնքված զինադադարից հետո, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին տարիներից մինչև 1998 թվականը, մտքով անգամ չէր անցկացնում վերսկսել ռազմական գործողությունները։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները՝ 1998 - 2008թթ., ընդհանրապես ամենակայուն ժամանակաշրջանն էին. նվազագույն կորուստներ սահմանին, զինված ուժերի շարունակական ամրապնդում։ Արդյունքում թշնամին նոր ագրեսիայի մասին չէր էլ մտածում։ Զինված ուժերի ամրապնդման գործընթացը շարունակվեց նաև Սերժ Սարգսյանի օրոք։ Ճիշտ է, մեկ անգամ հակառակորդը որոշեց խախտել հրադադարը։ Նրա վճռականությունը բավականացրեց երեքուկես օրվա, և համոզվելով, որ ղարաբաղյան ընկույզն իր ատամի բանը չէ, խաղաղություն խնդրեց Ռուսաստանի միջնորդությամբ։
Ռազմական հավասարակշռությունը խախտվեց միայն Փաշինյանի օրոք, ընդ որում՝ խախտվեց այն աստիճան, որ հակառակորդը վճռեց լայնածավալ ռազմական գործողություններ սկսել։ Հավասարակշռության խաթարմանը նպաստած կոնկրետ փաստերը հայտնի են. կորպուսների լուծարում, լոկ ֆոտոսեսիաների, բայց բնավ ոչ ռազմական գործողությունների համար պիտանի սպառազինության գնում, նոր սպառազինության ձեռքբերման ծրագրի փոփոխություն, հրամանատարական կազմի վարկաբեկում, վերջապես, այսպես կոչված՝ «բարեփոխումներ», որոնց էությունը զորամասերը ելակով ապահովելն էր…Նշված ամենը առավել քան բավարար էր, որպեսզի վաղուց ի վեր հարմար պահի սպասող թշնամին կենտրոնացնի իր բոլոր ռեսուրսներն ու հարվածի։
Վերջապես, թշնամու զսպման ևս մեկ գործոնը դիվանագիտությունն է։ Հայտնի է, որ թնդանոթները խոսում են միայն այն ժամանակ, երբ լռում են դիվանագետները։ Ի՞նչ ունենք այստեղ։
Թե՛ Քոչարյանի կառավարման տարիներին, թե՛ Սարգսյանի կառավարման օրոք բանակցությունների ընթացքում ապակառուցողական էր հենց ադրբեջանական կողմը։ Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց հասնել նրան, որ միջնորդներն ընդունեն, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միայն Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի արդյունքների հիման վրա։ Սերժ Սարգսյանի օրոք հաջողվեց հասնել նրան, որ հստակեցվեն Արցախի միջանկյալ կարգավիճակի տարրերը, հնարավորություն տալով անկախ կարգավիճակի բացակայության պայմաններում այնուամենայնիվ ապահովել սեփական անվտանգությունն ու կապեր հաստատել միջազգային կառույցների հետ։ Իսկ Սարգսյանի կառավարման վերջին տարիներին միջնորդները շեշտում էին նաև հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Նախքան Փաշինյանի իշխանության գալը պաշտոնական Բաքուն գտնվել է միջազգային հանրության մշտական ճնշման տակ։ Ռ.Քոչարյանի կառավարման տարիներին ադրբեջանական թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ դա խոստովանել է Ալիև ավագը՝ հավաստելով, որ միջնորդներն իրեն համոզում են ճանաչել Արցախի անկախությունը։ Ս.Սարգսյանի օրոք նման խոստովանությամբ 2016-ի վերջին հանդես եկավ նաև Ալիև կրտսերը…
Իսկ Փաշինյանի օրոք բանակցություններում «հանկարծ» ոչ կառուցողական դարձավ հայկական կողմը, ինչն ապահովեց ագրեսիայի համար Ադրբեջանին անհրաժեշտ դիվանագիտական քողարկումը։ Այնպես որ պատերազմն անխուսափելի դարձավ միայն պետական և ռազմական շինարարության և բանակցային գործընթացի տապալման արդյունքում, ինչը կապված է բացառապես Փաշինյանի կառավարման հետ։ Այլ կերպ ասած, պատերազմն անխուսափելի դարձավ, երբ իշխանության ղեկին հայտնվեց ինքնասիրահարված տխմարների թիմը՝ լրտեսների և գործակալների ընկերակցությամբ։