ՈՐՔԱ՜Ն ՀԻՄԱՐ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՐԸ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ԴԱ
Դրանց Փաշինյանը մտածեց-մտածեց, շա՜տ երկար մտածեց և վերջապես միտք հղացավ։ «Ադրբեջանը, - հայտարարեց Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում, չգիտես ինչու՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի,- ներթափանցելով մեր տարածք, լուծել է, ամենայն հավանականությամբ, ոչ թե տեղական խնդիրներ, այլ ձգտել ռազմական բախում սադրել»:
Այսպես խոսեց Փաշինյանը՝ կուչ գալով վարչապետի աթոռին, չգիտես ինչու՝ Հայաստանի կառավարության ղեկավարի աթոռին։ Խեղճ թշվառ։ Իսկ է՛լ ավելի թշվառ ենք մենք՝ ձեզ հետ միասին։ «Որքա՜ն խղճուկ է ծաղրածուն՝ բազմած գահին արքայի, որքա՜ն հիմար է ժողովուրդը, որը թույլ է տվել դա»: Ռոբերտ Բըրնսը սա գրել է դարեր առաջ։ Մեր ամենքիս՝ մերօրյա հայերիս մասին է գրել։
Այսպես ուրեմն, բացատրում ենք Փաշինյանին, այն անձնավորությանը, որն առ այսօր չգիտես ինչու նստած է ՀՀ վարչապետի աթոռին։ Ոչ մի բան էլ Ալիևը սադրել չէր ուզում։ Ոչ մի ռազմական բախում, ոչ մի պատերազմ։ Նրա ինչի՞ն է պետք պատերազմը։ Առանց այդ էլ հաղթողի պսակով է շրջում։ Շուշիում փառատոններ անցկացնում։ Լուսանկարվում մնացյալ ողջ կյանքի համար…
Պարզապես Ալիևը քեզ արդեն դուրս է գրել, հասկացել է, որ շուտով ստիպված է լինելու գործ ունենալ այլ մարդկանց հետ։ Իսկ եթե դու դուրս գրած, վերջացած մարդ ես, ապա ինչո՞ւ հնարավորինս շատ բան չպոկի: Ո՞վ ասաց, թե ընկածին չեն հարվածում: Մեկ էլ տեսար՝ ստացվեց։ Եթե ստացվի՝ լա՛վ։ Նույնիսկ մեկ-երկու ավելորդ կիլոմետրն Ադրբեջանին չի խանգարի։ Եթե չստացվի, հոգ չէ: Հին բարի սկզբունքով. եթե անգամ չբռնենք, գոնե կտաքանանք…
Դե, և ի՞նչ ձեռնարկեց մեր իմաստուն Փաշինյանը՝ հանգելով այն եզրակացության, թե Ադրբեջանը ցանկանում է ռազմական բախում սադրել։ Գուցե նա որոշել է ադրբեջանցի զինվորականներին փռել ասֆալտին կամ ծեփել պատերի՞ն։ Կամ կտրել նրանց թաթիկնե՞րը։ Թե՞ սպառնացել է նրանց Հայաստանի հպարտ քաղաքացու վրեժով։ Ո՛չ, Փաշինյանի բոլոր այդ ռազմատենչ կոչերը նախատեսված են բացառապես քաղաքական ընդդիմախոսների համար։ Այդ նրանց դեմ կարելի է ուղարկել սեփական ոստիկանապետին՝ ընդդիմախոսներին ասֆալտին փռելու, տեսագրելու և համացանցում ի ցույց դնելու պահանջով։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին թշնամիներին, ապա Փաշինյանի դուխը հերիքեց լոկ ՀԱՊԿ-ին դիմելու համար. իբր՝ Հայաստանին վտանգ է սպառնում, ուստի պետք է խորհրդակցել։
Իսկ ի՞նչ կա այստեղ խորհրդակցելու։ Եթե գիտես, որ թշնամին ներթափանցել է քո երկրի տարածք, և դաշնակիցներդ համամիտ են քեզ հետ, ապա թշնամուն պետք է կա՛մ դուրս շպրտել, կա՛մ գերեվարել։ Դա է քեզանից պահանջում ժողովուրդը։
Թեպետ, ոչ, մենք այստեղ, իհարկե, մի լավ չափազանցեցինք։ Փաշինյանից վաղուց արդեն ոչ ոք ոչինչ չի պահանջում։ Դե, բացի իր այն համաքաղաքացուց, որը էշով եկել էր Երևան, որպեսզի վարչապետին թարս նստեցնի վրան ու հետ տանի տուն։ Նրանից բացի՝ Փաշինյանից այլևս ոչ ոք ոչինչ չի պահանջում, որովհետև բոլորն էլ հասկանում են. Հայաստանի գլխին կախված գլխավոր սպառնալիքը բնավ Թուրքիան չէ և ոչ էլ Ադրբեջանը։
Նրանցից ի՞նչ պահանջես։ Արտաքին թշնամին մնում է արտաքին թշնամի, այստեղ ամեն ինչ պարզ է։ Շատ ավելի վտանգավոր է ներքին թշնամին։ Մանավանդ երբ նա նստած է վարչապետի աթոռին։
Եթե ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցներն են, ապա կօգնեին վերացնել այդ սպառնալիքը։ Ավաղ, սա մենք պարզապես երազում ենք։ ՀԱՊԿ-ի Կանոնադրության մեջ չկա այդպիսի կետ. փրկել դաշնակից ժողովրդին անպետք առաջնորդներից, ՀԱՊԿ-ը չի զբաղվում ներքին սպառնալիքներով։ Այնպես որ պետք չէ պատրանքներ տածել։ Մինչ վարչապետը կմտածի ու կխորհրդակցի, Ադրբեջանը օժանդակ ուժեր կբերի։
Փաշինյան, միգուցե նստես արդեն էշին, հը՞…